Մայիսի 03, 2024

Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը

By «Արցախ» լրատվական Մարտի 08, 2022

Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներին։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղն աշխատանքները սկսելու համար: «Արցախգազ» ՓԲԸ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի  պատասխանատու Յակով Շամիրյանի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Շուշիի մոտակայքում:

«Վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Գազի մեծ արտահոսք է տեղի ունեցել։ Ընկերության կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այժմ ընթանում են բանակցություններ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ մեր և ադրբեջանական կողմի միջև, քանի որ տվյալ տարածքը գտնվում է նրանց վերահսկողության տակ։ Սպասում ենք բանակցություններն ավարտվեն, որից անմիջապես հետո «Արցախգազ» ՓԲԸ-ի աշխատակիցները կուսումնասիրեն իրավիճակը և հնարավորինս կարճ ժամկետում կաշխատեն վերականգնել գազամատակարարումը»։

Արցախում չկան հատուկ պահեստներ անհրաժեշտության դեպքում գազն ամբարելու համար՝ ասում է ընկերության մամուլի պատասխանատուն։ Նաև տեղեկացնում է, որ ժամանակին հատուկ կայաններից անջատվել է դեպի Արցախ գազամատակարարումը՝ գազի մեծ քանակության արտահոսքը կանխելու համար։ Թե երբ կվերականգվի գազամատակարարումը՝ կախված է բանակցությունների ընթացքից և արդյունքից։ Աշխատանքների ընթացքի մասին «Արցախգազը» խոստանում է հանրությանը հավելյալ տեղեկատվություն  տրամադրել։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ