Մայիսի 03, 2024

Արցախի աուտիզմի կենտրոնը 5 տարեկան է

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 02, 2022
Արցախի աուտիզմի կենտրոնը 5 տարեկան է ԱՀ Կառավարություն

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում...»

Ասմունքողը փոքրիկ Լեոն է: Նա զույգ եղբայր ունի՝ Լուիսը, երկուսն էլ բուժում են ստացել Աուտիզմի կենտրոնում: Լեոյի մոտ դրական տեղաշարժ նկատելով՝ տեղափոխել են Վերականգնողական կենտրոնի մանկական առողջության կենտրոն: Այսօր եղբայրներից միայն Լուիսն է հաճախում կենտրոն, Լեոն հաճախում է դպրոց, արդեն  հասցրել է ինտեգրվել նոր միջավայրին:  Երեխաները  դաստիարակների օգնությամբ պարում են, երգում, ասմունքում։  Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն ասում է, որ կենտրոնում խնդիր առաջանում է միայն այն ժամանաակ, երբ երեխաներին պետք է տուն ուղարկել․  չեն ուզում գնալ: Կենտրոնում բուժում ստացած բոլոր երեխաների մոտ առաջընթաց գրանցվել է՝ ասում  է տնօրենը:

«Ինձ համար չափորոշիչ են ծնողների հետ զրույցները: Նրանք  ուզում են, որ երեխաները շարունակեն հաճախել կենտրոն: Մենք մեծ առաջընթաց ենք նկատում՝  նաև նայելով մասնագիտական տեսանկյունից: Խնդիրը լիարժեք չենք լուծում, բայց երեխաների վարքագծի մեջ փոփոխություններ մտցնել մեզ հաջողվում է»:

Կենտրոնը մատուցում է չորսժամյա ծառայություն: Տնօրենի խոսքով՝ ութժամյա աշխատանքի անցնելու  հնարավորություն դեռևս չունեն:  Պատճառներից մեկն էլ շենքային պայմաններն են՝ ասում է առողջապահության նախարար Միքայել Հայիրյանը:

«Մենք նոր վերականգնողական կենտրոն կառուցելու ծրագիր ունենք, որը շուտով կհաստատվի նախագահի կողմից: Այս կենտրոնում մեծ տեղ է հատկացվելու աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը»:

Բոլոր երեխաները, անկախ ամեն ինչից, կրթություն ստանալու իրավունք ունեն՝ ասում է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր ներառական կրթության անցնելը մեծ խնդիրերի առաջ է կանգնեցրել․ պատճառը՝ մասնագետների   և՛ որակական, և՛ քանակական պակասն է:

«2023-2024 թթ․ անցում ենք կատարելու նոր կրթական չափորոշիչների: Այնտեղ նշված  է նաև  հատուկ ռեսուրս կենտրոն ունենալու անհրաժեշտության մասին: Այս առումով քննարկումները դեռ շարունակվում են: Հույս ունենք, որ մենք կկարողանանք որոշակի խնդիրներ լուծել և ներփակվածության խնդիրներ ունեցող աշակերտներին հնարավորինս ներգրավել ուսումնական գործընթացում»:

Աուտիզմով երեխաների թիվը տարեցտարի ավելանում է. այս մասին թվերն են փաստում: Նրանք հասարակության լիարժեք ու լիիրավ անդամներ են, և նրանց  իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասում է, որ իշխանությունն ու հասարակությունը պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի աուտիզմով  երեխաները  հասարակության մեջ իրենց լավ զգան:

«Վերականգնողականի աուտիզմի ցերեկային խնամքի կենտրոնը որոշակիորեն ինտեգրվելու հնարավորություն է տալիս, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պարբերաբար պետք է բարձրաձայնել և հասնել դրանց լուծմանը: Առաջին խնդիրն այն է, որ շենքային պայմաններով պայմանավորված՝ ոչ բոլոր երեխաներն են կարողանում օգտվել այս ծառայությունից: Այս օրերին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում տարբեր դպրոցներում՝ հասկանալու համար այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները»:

Հիվանդության պատճառները բազմաթիվ են, բուժման եղանակները՝ ևս: Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը 5 տարեկան է, ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝  այն արդեն իսկ կայացած կառույց է և հնարավորության սահմաններում կատարում է իր առաքելությունը:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ