Մայիսի 03, 2024

Շրջափակումը չի նվազեցրել հոգատարությունը Վերականգնողական կենտրոնում

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 08, 2023

Շրջափակման հետևանքով հատկապես ծանր պայմաններում են հայտնվել սոցիալական խոցելի խմբերի հետ աշխատող կառույցները։ Սրբուհի Վանյանն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու, թե ինչպես է այն աշխատում շրջափակման պայմաններում:

— Ցույց տուր, ի՞նչ ես անում դրանով։

— Չեմ կարողանում, պինդ է։

— Ստացվում է։

— Ստացվում է, բայց քիչ։

— Արի ծանոթանանք։ Սրբուհին եմ։

— Անունս Նարե է։

Երբ այցելեցինք Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, 8-ամյա Նարեն վերականգնող բժշկի հսկողությամբ ու մայրիկի գոհ ժպիտի ներքո իրեն տրված տափօղակները դասավորում էր ըստ գույների ու քանակի․ առաջին հայացքից դա ընդամենը մանկական անհոգ խաղ է, բայց Նորան՝ մայրիկը երջանիկ է, որ այսօր, տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում հասել են այդ արդյունքին։

Նարեն ծնվել է մանկական ուղեղային կաթվածով, երեխայի վերջույթները լիարժեք չեն աշխատում։ Վեց ամսական հասակից Նարեն գրանցված է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում և բուժում է ստանում։ Նորան երախտագիտությամբ է խոսում կենտրոնի անձնակազմի մասին․ բժիշկների հոգատարության, հետևողական աշխատանքի արդյունքում իր դուստրը վերականգնում է առողջությունը, և այս տարիների ընթացքում կարողացել են մեծ արդյունքի հասնել։ Այս ընթացքում պարբերաբար մեկնում էին նաև Երևան` բուժումների ու ստուգման։

Բուժումը դեռ երկար պիտի շարունակեն, բայց Արցախի շրջափակման պատճառով հնարավոր է միայն տեղում ստանալ վերականգնողական կուրսը։ Վերջին երկու ամսվա մեջ խնդիրներ են առաջացել նաև այդ հարցում․ վառելիքի բացակայության պատճառով դժվարացել է նաև տեղում բուժման կուրսը ստանալու գործընթացը։ Բայց բուժումն անհրաժեշտ է, և որքան էլ դժվար՝ Նորան Նարեի հետ, ըստ սահմանված ժամանակացույցի` Վերականգնողական կենտրոնում է։

«6 ամսականից հաճախում ենք այստեղ։ Տարբերությունը հսկայական է: Շնորհակալ եմ ամբողջ թիմին: Լավ արդյունքների ենք հասել։ Ամեն տարի Երևան էինք գնում, ստուգման, այս տարի չկարողացանք։ Ինչ հնարավոր է՝ այսեղ ենք անում։ Դժվարություններ կան, բայց փորձում ենք հաղթահարել։ Չնայած Նարեին օգտակար է, բայց հոգնում է, երկար քայլել չի կարողանում»:

Վերականգնողականի հաջորդ բուժառուն, որի հետ ծանոթացանք, Նվերն էր` Հերհերից․ քչախոս երիտասարդը ծանր հիվանդություն ունի, դիալիզ է ընդունում։ Ընկնելու հետևանքով վնասել է նաև ոտքերը և Վերականգնողական կենտրոնում ներկա պահին ստացիոնար բուժում է ստանում։ Պատմում է, որ շրջափակման հետևանքով հիմա ստիպված շաբաթական երեքի փոխարեն երկու անգամ է դիալիզ ընդունում։

«Երեք ամիս առաջ ընկա, ոտքիս մկանները կտրվեցին։ Բուժվում եմ այստեղ։ Դե դիալիզ եմ ստանում, դեղերը չկան, շաբաթական 3-ի փոխարեն 2-ն եմ ստանում»:

Վերականգնող բժիշկ Գոհար Խաչատրյանը, ով ներկա պահին միաժամանակ տնօրենի պարտականություններն է կատարում, արձանագրում է․ շրջափակումն իր բացասական ազդեցությունը թողնում է բոլորիս վրա, Վերականգնողական կենտրոնը բացառություն չէ։ Կենտրոնն աշխատում է հիմնականում հաշմանդամների հետ, նրանց մի զգալի մասը հենաշարժողական խնդիրներ ունեն, և նման պայմաններում դժվարությունները հաճախ ճակատագրական կարող են լինել։

«Շրջափակումն իր բացասական ազդեցությունն է թողնում նախ երեխաների վրա, ազդելով նրանց բնականոն զարգացման վրա։ Չկա բալանսավորված սնունդ, անկանոն է մատակարարվում դեղորայքը։ Հումանիտար ճգնաժամը խորանում է, ազդելով ինչպես բուժառուների տեղափոխման, այնպես էլ` այցելությունների վրա, հատկապես ծանր շարժողական խնդիրներ ունեցողների համար։ Դժվար է նաև հասնել այստեղ այն մարդկանց, ովքեր շրջաններից են։ Խնդիրներ կան նաև աշխատակիցների հետ կապված, ովքեր առանց տրանսպորտի չեն կարողանում աշխատանքի գալ»:

Գոհար Խաչատրյանը պատմում է այն խնդիրների մասին, որոնք հաղթահարել են շրջափակման 8 ամիսների ընթացքում, փորձելով կազմակերպել աշխատանքն այնպես, որ բուժառուները իրենց վրա շատ չզգան բարդությունները։

«2022 թվականի ցրտաշունչ ձմռանը խնդիրներ ունեցանք ջեռուցման հետ կապված, դիմագրավեցինք։ Տեղադրել ենք նաև արևային ջրատաքացուցիչներ, որոնք այդ ժամանակահատվածում շատ օգնեցին»:

Արևային համակարգերը կենտրոնում տեղադրվեցին 44-օրյա պատերազմից հետո․ կենցաղային մի շարք խնդիրներ դրանցով լուծվեցին։ Ժամանակին հասցրեցինք մտածել այդ մասին, ասում է զրուցակիցս, քանի որ կենտրոնին կից գործում է նաև Մանկական առողջության կենտրոն` առողջական խնդիրներ ունեցող 20 երեխայի ներգրավվմամբ, ինչպես նաև` Աուտիզմի բուժման ու ցերեկային խնամքի կենտրոն: Այդտեղ հաճախող երեխաների սննդի ու հիգիենայի հարցերը դժվար կլիներ լուծել անկանոն էներգամատակարարամամբ։

Առ այսօր եղած ռեսուրսներով հաջողվել է բուժառուներին որոշակիորեն ապահովագրել շրջափակման հետևանքով առաջացած լրացուցիչ խնդիրներից, բայց այսուհետ իրավիճակը կարող է արդեն չկառավարվել․

«Աուտիզմի և ցերեկային խնամքի կենտրոն հաճախող երեխաները, ովքեր անվաթոռով են, տեղափոխվում են Վերականգնողկան կենտրոն հատուկ հարմարեցված մեքենայի միջոցով։ Երեխաները չէին տուժում։ Հիմա նրանք արձակուրդում են, բայց սեպտեմբերից, եթե շրջափակում լինի, չգիտենք այդ հարցն ինչպես է լուծվելու»:

Իսկ եթե երկարի՞ շրջափակումը․ այս հարցին ի պատասխան տնօրենի պաշտոնակատարը մեղավոր ժպտում է: Կենտրոնի սենյակները փոքր են, փայտի վառարաններ տեղադրելու հնարավորություններ չկան, բուժառուները` երեխաներ, հաշմանդամներ, ծերեր. ամենախոցելի սոցիալական խումբն են։ Կհաջողվի՞ նման պայմաններում շարունակել հոգ տանել նրանց մասին, զրուցակիցս դժվարանում է կանխագուշակել։

Last modified on Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2023 13:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ