Մայիսի 17, 2024

Հայաստանից ժամանած նյարդաբանը ընդունելություն է կազմակերպել Արցախի ՀԲԿ-ում

By Անահիտ Ստեփանյան Դեկտեմբերի 13, 2021
Հայաստանից ժամանած նյարդաբանը ընդունելություն է կազմակերպել Արցախի ՀԲԿ-ում Ministry of Health

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում առավոտից այցելուների հոսքը չի դադարում։ Նրանց ընդունում է նյարդաբան, բժկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մելիքյանը։ Մինչև կեսօր արդեն հասցրել էր հետազոտել 15 հիվանդի։  Պատերազմը խոր հետք է թողել մարդկանց հոգեբանության վրա: Նրանք ավելի շատ հոգեբանական աջակցության կարիք ունեն՝  ասում է  Գայանե Մելիքյանը:

«Տարբեր են հիվանդությունները․ նյարդաբանության բոլոր պաթոլոգիաներին հանդիպեցի։ Կան, որ հետպատերազմական սթրեսի հետևանքով են առաջացել։ Ծանր է մարդկանց հոգեբանական վիճակը, քանի որ անգամ լուրջ հիվանդությունների դեպքում չեն ուզում դեղերը խմել»։ 

Արցախ գալու հիմնական նպատակներից մեկը ոչ միայն մասնագիտական փորձի փոխանակումն է տեղական բժիշկների հետ, այլ նաև  հանրապետությունում հետազոտական աշխատանք կատարելը։ Ծանոթանալով Արցախում նյարդաբանության ոլորտին՝ վերջում կամփոփվեն բացթողումներն ու կգնահատվեն տեխնիկական հագեցվածության կարիքները․

«Հիվանդների հետազոտման ընթացքում քննարկումներ են լինում և դրանց ընթացքում փորձում եմ տալ բուժման նորարարությունները, արդյո՞ք տվյալ դեղորայքը հնարավոր է գտնել ՀՀ-ում։ Հիվանդներից լսում ենք, թե ի՞նչ դեղորայքի պակաս ունենք իրենք։ Այժմ այցելուների խնդիրներին լուծում են տալիս հնարավորությունների սահմաններում»։

Գայանե Մելիքյանի խոսքով՝ շատ դեպքերում միայն ճիշտ ախտորոշում տալը բավարար չէ, քանի որ նյարդաբանության մեջ հիմնականում բացը դեղորայքային է։ Դրանց մի մասը հնարավոր չէ գտնել անգամ  ՀՀ-ում։ Ուստի հայկական բժշկության ռազմավարությունն ուղղված է նաև անհրաժեշտ դեղերի ձեռքբերմանն ու ներմուծմանը․

«Նյարդաբանության մեջ դեղերի մի մասը  ՀՀ-ում և Արցախում չկա։ Եվ մենք հետազոտման ընթացքում պետք է հայտաբերենք, թե ինչպես կարող ենք օգնել այդ դեղորայքային ճեղքվածքը լրացնելու համար»։  

Թե ինչպիսին է նյարդաբանական ոլորտն Արցախում ու ինչի կարիք ունի ԱՀ Առողջապահական համակարգը, բժիշկ նյարդաբանը կհայտնի այցելությունների արդյունքներն ամփոփելուց հետո: Իսկ առայժմ հետազոտությունները կշարունակվեն նաև շրջաններում։ Դեկտեմբերի 15-ին նյարդաբան Գայանե Մելիքյանը մասնագիտական առաքելությամբ լինելու է Մարտունի քաղաքում։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021 12:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ