Ապրիլի 29, 2024

Արցախցի կանանց ցույցը հանուն հայկականության և ընդդեմ շրջափակման

By Դավիթ Եղիազարյան Ապրիլի 07, 2023
Այսօր ժամը 12:00-ին մի խումբ արցախցի կանայք կազմակերպել են հավաք` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ու շրջափակման և հանուն Արցախի հայկականության: Հավաքն սկսվել է Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ հավաքվածները ծաղիկներ են խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար ընկածների հիշատակին: Այդուհետև հավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Զառին բաղ՝ հայկական ոստիկանական հենակետ: Նախաձեռության  կազմակերպիչներից Մարիամ Աբրահամյանը հավաքվածների առջև ելույթ ունենալով նշեց, որ պետք է ամուր լինել և չընկրկել․ 
 
«Մենք պարտք ունենք մեր տղաների առաջ: Հայկական հողում ապահայկականացում թույլ չենք տալու: Ցավոք, այս պահին սա միակ տարբերակն է` մեր ձայնն աշխարհին հասցնելու համար: Մենք պահանջատեր ենք: Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ ամեն օր պետք է արթնանա այն գիտակցումով ու այն հարցով, թե ի՞նչ եմ արել ես` Արցախը հայկական պահելու համար: Մենք սկսել ենք մեր բաժին պայքարը, մենք չենք հանձնվելու: Արցախի կամքն անկոտրում է: Արցախի ժողովուրդն իր որոշումն արդեն կայացրել է 1988 թվականին` վերջնականապես խզելով իր կապերն ագրեսոր Ադրբեջանի հետ: Հետդարձի ճամփա չկա: Ու քանի դեռ մենք այստեղ կանգնած ենք, քանի դեռ խոսում ենք հայերեն, ունենք մեր պետական կրոնն ու խորհրդանիշերը` Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»:
 
 Հավաքի մեկ այլ կազմակերպիչ Տաթևիկ Խաչատրյանը շեշտել է՝  պետք է հիշել, որ սա կարևոր միջոցառում է, բայց պետք է պատրաստ լինել շարունակաբար պայքարել Արցախի բնակչության իրավունքների համար․ 
 
«Մենք` Արցախի կանայք, ամենաուժեղն ենք: Այն, ինչին դիմանում է արցախցի կինը, չի դիմանա ոչ մի կին աշխարհում: Սակայն մեր պայքարը չպիտի կարճատև լինի: Քանի դեռ մենք Արցախում ենք, մենք պետք է պայքարենք, որովհետև ցեղասպան Ալիևի քաղաքականությունը չի փոխվելու: Եթե մենք հարմարվեցինք, նա հաղթելու է: Մեր հաղթանակն Արցախը հայկական պահելն է»:
 
 Հավաքի ընթացքում կարևորվեց Արցախի սուբյեկտայնության անսասանության հարցը, և մեկ անգամ ևս հաստատվեց՝ եթե Արցախը միանա որևէ պետության, ապա դա կլինի միայն Մայր Հայաստանը։ Հավաքի ընթացքում եղան ելույթներ անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Հավաքը եզրափակվեց Արցախի և Հայաստանի օրհներգերի հնչեցմամբ։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ