Ապրիլի 28, 2024

Արցախցի երեխաները CaseKey մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան

By Սրբուհի Վանյան Հունիսի 16, 2023

Արցախցի երիտասարդներին CaseKey մրցույթում ներգրավվելու ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության և «Nation in Action»` մրցույթն իրականացնող կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ։

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հետևողական է արցախցի երեխաների, ու ոչ միայն երեխաների համար կրթության նոր հնարավորություններ ստեղծելու և իրացնելու հարցում, ասում է գործակալության` Արցախի ծրագրերի համակարգող Նարինե Աղաբալյանը։

Հատկապես հիմա դա շատ կարևոր է՝ երբ Ադրբեջանի կողմից խախտված են ԱՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` 30 հազար արցախցի երեխաների կրթության իրավունքը։ Նարինե Աղաբալյանը ներկայացնում է ծրագրերը, որոնք գործակալությունը համագործակցությամբ իրականացրել է Արցախում։

«Գործակալությունն աշխատում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, գործընկերների հետ համագործակցությամբ, Մայիսին ՄԱՏԵՆ միջազգային դպրոցի հետ կազմկերպվել է Առաջնորդություն դասընթացը՝ 50 հոգու մասնակցությամբ, վերջին օրերին մեկնարկել է կրթական ԳԵՂԱԳԻՏԱԿ ծրագիրը, որի շրջանակում արցախցի երեխաների համար մի շարք ծրագրեր կիրականցավեն, մենք նաև հնարավորություն ենք ստեղծել, որ այստեղ երեխաները մասնակցեն CaseKey մրցույթին»։ 


Հատկանշական է, որ հենց շրջափակման պայմաններում են արցախցի պատանիները միանում այս ծրագրին, ասում է Նարինե Աղաբալյանը։ Այսպիսի նախագծերի միջոցով մասնակիցները ստանում են նոր գիտելիքներ, իրենց մեջ զարգացնում են նոր կարողություններ։

«Իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, այդ թվում և տնտեսության մեջ, բիզնեսում, և հույս ունենք, որ նման դասընթացների միջոցով կկարողանանք ամրացնել հիմքը հետագա լուծումների համար»։

CaseKey բիզնես մրցույթի նպատակն է զարգացնել վերլուծական նորարարական մտածողությունը և ոչ ստանդարտ խնդիրների լուծման հմտությունները, ասում են մրցույթի համահիմնադիրները, ովքեր Արցախի մասնակիցներին միացել են առցանց տարբերակով․ այլ՝ կենդանի շփման հնարավորություններ այս պահին Արցախում` հայտնի պատճառներով չկան։

«Բիզնեսի, և առհասարակ երկրում առաջացած խնդիրների ոչ ստանդարտ լուծումների կարիքն Արցախում հատկապես զգացվեց շրջափակման պայմաններում և հասկացանք, որ մեր կրթական նախաձեռնությունների շարքում պետք է ավելացնենք այսպիսի ծրագիր, ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական ծրագրերի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։ Մասնակիցներին նա առցանց միացավ։

«Մենք մտածում էինք, թե ինչպես ծրագիրը Արցախ բերենք։ Եվ լուծումը գտանք, քանի որ ունեինք հստակ տեսլական, նպատակ, և այդ նպատակին հասնելու շատ մեծ ցանկություն»։

CaseKey-ն Արցախում է, և Սոնա Հովհաննիսյանը համոզված է, որ նրա ու «Մենք ենք մեր սարերը» գործակալության համագործակցությունը հաջողված օրինակ կդառնա նաև այն կազմակերպությունների ու անհատների համար, որոնք Արցախում ներդրում կամ ծրագիր իրականացնելու ցանկություն ունեն, բայց տեղում չունեն ռեսուրսներ, կապեր կամ ենթակառուցվածքներ։

Մրցույթն Արցախում անցկացնելու մտադրություն կար նաև նախկինում, ասում են կազմակերպիչները, այն ուշացավ տեխնիկական խնդիրների պատճառով։ Դժվարություններ հիմա էլ կան՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով, բայց նաև այդ պատճառով է որոշվել ծրագիրը կենսագործել։

Աշխարհում ընդունված չէ, որ ասպիսի դասընթաց-մրցույթներն առցանց լինեն, ասում է CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանը, քանի որ դասընթացավարներն անհատապես են աշխատում մասնակիցներից յուրաքանչյուրի հետ, բայց Արցախի իրավիճակը յուրահատուկ է և որոշվեց յուրահատուկ մոտեցում ցուցաբերել։

Բելլա Պատվականյանը ծրագրի մասնակիցներից է, պատմելով ծրագրից իր ակնկալիքների մասին, ասում է․

«Հնարավորություն է տալիս խորացնել գիտելիքները, զարգացնել մարդկանց հետ շփումը, ծրագրի գաղափարն էլ հենց կայանում է նրանում, որ կարողանանք բիզնես հմտությունները զարգացնել, խնդիրներ լուծել, և ամեն օր մենք նոր հնարավորություններ ենք ստանում աշխատելու թիմում»։

Սվետա Մովսիսյանը 12-րդ դասարանի աշակերտ է, առջևում մասնագիտական կողմնորոշման կարևոր հարցն է։ Սվետան այն փորձել է լուծել ոչ ստանդարտ ձևով։ Դպրոցն ավարտելուց հետո իր ընկերների պես համալսարան չի դիմելու, կունենա ազատ ժամանակ, որն էլ որոշել է արդյունավետ օգտագործել։ Գիտելիքներ որոշել է ստանալ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնակցելով։ CaseKey-ն դրանցից մեկն է։

«Ուղղակի չկար նման մասնագիտություն, որ ցանկանայի սովորել Արցախի համալսարաններում, իսկ ես Արցախից դուրս գալ չեմ ուզում, դրա համար որոշեցի սովորել ՄՈՒՆՔ տեխնոդպրոցում, նաև այնտեղ աշխատում եմ։ Ծրագիրը հնարավորություն կտա հմտություններ ստանալ բիզնեսի ոլորտում»։

Զոյա Հակոբյանը մասնագիտական կողմնորոշման համար դեռ ժամանակ ունի․ 11-րդ դասարան է փոխադրվել։ Հետաքրքրությունները շատ են, իրեն փորձում է բոլոր ոլորտներում՝ հասկանալու, թե որ մասնագիտության մեջ կարող է լավագույն ձևով իրացնել իրեն։

«Ես շատ բաներով եմ հետաքրքրված, փորձում եմ ինձ տարբեր ոլորտներում, սա ինձ բիզնեսի մեջ փորձելու հնարավորություններից է։ Ես ինձ տեսնում եմ այդ ոլորտում, ու ցանկանում եմ սովորել հմտություններ, որոնք դեռ չունեմ։» Դրանք պետք են գալիս ոչ միայն բիզնես մասնագիտություններում։ Ես շախմատիստ եմ, իսկ շախմատում միշտ պիտի տեսնես մի քանի քայլ առաջ․ պետք է հաշվարկես ռիսկերը։ Բիզնեսում նույնն է»։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն երրորդ տարին։ Արցախը մրցույթին առաջին անգամ է միանում։ Ծրագրի նախաձեռնողները համոզված են․ աշխատանքի արդյունքում Արցախում կձևավորվի նոր ռեսուրս՝ CaseKey-ի կամ նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ