Մայիսի 03, 2024

Օգտակարը՝ հայրենիքին

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 25, 2021

Արցախում նոր հասարակական կազմակերպություն է հիմնադրվել: Մեկը տասնյակներից, բայց որը իր տեսակի ու գործունեության մեջ խոստանում է լինել եզակի: «Արցախի Արծիվներ» կազմակերպությունը ռազմահայրենասիրական է: Հիմնադրվել է մեկ ամիս առաջ՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, որը կազմակերպության  հիմնադիրները՝  պահեստազորային սպաներ Մարտին Եսայանը և Ալեքսանդր Սահակյանը խորհրդանշական են համարում: Երկիրը գաղափարների վերածնման, հերոսների և արժեքների վերաարժևորման կարիք ունի. հենց այդ արժեքների սերմանումն էլ լինելու է կազմակերպության գաղափարախոսության հիմքում,-ասում է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Սահակյանը:

«44 օրյա պատերազմից անցել է մեկ տարի, և օրեցօր հայրենիքի վիճակն ավելի է վատթարանում: Կազմակերպության հիմնադիրներս որոշել ենք կատարել օգտակարը՝ հանուն հայրենիքի: Մեր նպատակն է սերմանել հայրենասիրություն, բարձր գնահատել հայրենիքի արժեքը, քանզի ժամանակի հետ արժեզրկվել է և արժեզրկվում է կարևորագույնը՝ հայրենիքը, զենքը, սահմանը, հայի գենը, մեր պապական սովորույթները, հերոսությունները, սրբությունները: Հեռանում ենք արյունով պահած հողից: Մեր նպատակն է ավագ սերնդի այդ փորձը փոխանցել երիտասարդներին»:

Նման կազմակերպության հիմնադրման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, կազմակերպության անդրանիկ նիստում ունեցած ելույթի ժամանակ ասել է Մարտին Եսայանը,  պատերազմը ցույց տվեց, որ մեր թերացումները մեզ վրա ծանր նստեցին: Կազմակերպության նպատակն է նոր իրողություններում օժանդակել երկրի անվտանգության ու պաշտպանության համակարգի ստեղծմանը:

«Պատճառն ակնհայտ է: Ի՞նչ ենք մենք ուզում, ո՞րն է մեր ընտրած ուղին: Կազմակերպության գաղափարախոսությունն է՝ բարձրացնել հանրության մեջ հայրենասիրությունը, անել ամեն ինչ, որ մարդիկ փոխեն իրենց գաղափարը: Արցախում ապրող ցանկացած անձ, անկախ տարիքից, պիտի դառնա հայրենիքի պաշտպան»:

«Արցախի Արծիվներ» կազմակերպության անդամ, նախագահ Ալեքսանդր Սահակյանի խոսքով, կարող են դառնալ 18 տարին լրացած անձիք, որոնք ուժեղ, ինքնավստահ , կոփված, հայրենասեր անհատ դառնալու ցանկություն ունեն: Կազմակերպության անդամ Միքայել Արզումանյանը ասում է՝ խոսելու ժամանակը ավարտվել է, եկել է գործելու ժամանակը: Նրա խոսքով՝ պայքարը մեծագույն արժեք է, և մեր երիտասարդները պիտի այդ պայքարի, անվտանգության ապահովման մի մաս դառնան:

«Վստահ եմ, որ բոլորս պատրաստ ենք պայքարելու: Առանց սիրուն խոսքերի, առանց ճառերի: Եկեք յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենանք հայրենիքը, մեր արժանապատվությունը փրկելու գործում: Աշխարհին ապացուցելու, որ կարող ենք ոտքի կանգնել մեր հայրենի հողը պաշտպանելու համար: Բոլոր օտարերկրյա պաշտպանությունները ժամանակավոր են: Եկեք գիտակցենք դա և ժամանակն օգտագործենք պատրաստվելու համար»: 

«Արցախի արծիվներ» կազմակերպությունն արդեն մի քանի տասնյակի հասնող անդամ ունի: Պատրաստվում է կազմակերպել և անցկացնել ռազմահայրենասիրական ճամբարներ, բանակումներ, հանդես գալ ռազմական գործի ուսուցմանն ու տիրապետմանն ուղղված միջոցառումներով և նախաձեռություններով, ազգաբնակչությանը ներգրավել ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքներում՝ հիմք ընդունելով հայկական ավանդական բարոյական նորմերն ու հայ մարտիկի վարքականոնը: Ալեքսանդր Սահակյանը տեղեկացրել է, որ սերտորեն համագործակցելու են ՀՀ և ԱՀ զինված ուժերի հետ՝ աջակցելով մատաղ սերնդի կրթությանը, հայեցի դաստիարակությանը, նրա հոգևոր ու ազգային ինքնագիտակցության ձևավորմանը: Մարտին Եսայանը հասարակության մեջ առողջ կենսակերպի վարման անհրաժեշտություն է տեսնում: Գտնում է, որ երիտասարդներին պետք է փոխանցել ավագ սերնդի փորձը, նրանց կրթել ազգային արժեքներով: Պետությունը, այո, իր առջև դրված խնդիրներն ունի: Այդ խնդիրներից մեկը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, ինչին պիտի կցվեն նաև հասարակության առողջ ուժերը: «Պետք է աջակցել և սատար կանգնել ազգային պետությանը, զինված ուժերին, մասնակցել ռազմական շինարարությանը, անհրաժեշտության դեպքում լինելով սահմանը պաշտպանող զինծառայողների կողքին»,-ասում են կազմակերպության հիմնադիրները: Հենց այդ առաքելությունն էլ կստանձնի «Արցախի արծիվներ» կազմակերպությունը:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ