Մայիսի 15, 2024

Ստեփանակերտի մարտի 8-յան տրամադրությունները

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 08, 2022

Ստեփանակերտում այսօր արտասովոր աշխուժություն է. գարնանային արևոտ եղանակ, ժպտացող  մարդիկ,  ծաղիկներ գրկած կանայք, տղամարդիկ, երեխաներ, տատիկներ ու պապիկներ:   Դե իսկ ծաղկի խանութներ մտնել չի լինում՝  հերթ է։ Այսօրվա համար ծաղիկներ պետք էր նախապես պատվիրել։  Ծաղկամաններում գրեթե ծաղիկներ չկան, իսկ ցուցափեղկերին դրված ծաղկեփնջերն արդեն վաճառված են: Որպես  Մարտի 8-ի նվեր  կանայք ու աղջիկները հենց ծաղիկներն են նախընտրում: Գոհարի համար ամենամեծ նվերը որդու նվիրած ծաղիկն է:

«Միշտ էլ հաճելի է տարբեր տեսակի նվերներ ստանալ: Այսօր ստացել եմ այս ծաղկեփունջը, որդիս է նվիրել, փոքր տղաս էլ  իր ձեռքով պատրաստված բացիկ է նվիրել. Շատ հաճելի էր»:

Ծաղիկներն ու մյուս բոլոր  նվերներն, իհարկե, հաճելի են, բայց Մարտի 8-ի համար էլ մեր կանայք ու աղջիկները խաղաղություն են ուզում: Այսպես է մտածում նաև Գոհարը:

«Ամենալավ նվերս այն կլիներ, որ բոլորս խաղաղ երկնքի տակ ապրեինք: Ասում են, որ չպետք է միայն Մարտի 8-ը կամ  Ապրիլի 7-ը տոն լինի, բոլոր օրերը պետք է տոն լինեն։  Բայց, երևի  սա   մի օր է, երբ մենք մեզ պետք է ավելի գնահատված  զգանք»:

Օրը հաճելի է կանանց համար, պատասխանատու՝ տղամարդկանց համար: Նրանք  պետք է ծաղիկներ գնեն  մայրերի, կանանց,  քուրերի ու տատիկների համար: Մեր գործընկեր Ավետ Բադալյանը օրը ծաղկավաճառի խանութից է սկսել։  Ասում է՝ տնեցիները տարբեր ծաղիկներ են նախընտրում:

«Ես գիտեմ, որ մեր տնեցիները՝ մայրս, կինս, քույրս, տատիկս ծաղիկների սիրահար են: Բայց բոլորը  նույն ծաղիկը, ասենք՝  վարդը չեն սիրում։ Տատիկս, օրինակ, շատ է սիրում «կալլա», մայրս տարբեր տեսակի ծաղիկներ է սիրում, նույնն էլ՝ կինս»:

Նվերի արժեքը Ավետը գինի մեջ չի տեսնում, ասում է՝ աննշան ուշադրությունն էլ կարող ավելի մեծ նվեր լինել: Բայց ահա Մարտի 8-ի  շեմին ծաղիկների գները կտրուկ բարձրացել են: Ստեփանակերտի ծաղկի խանութներից մեկի աշխատողի խոսքով՝ դրանք նախկինի համեմատ ավելի բարձր գներով են ներկրվում:

«Գներն, իհարկե, բարձրացել են։ Բայց ոչ միայն Ստեփանակերտում։  Այդ ծաղիկները բարձր գներով են բերվում:  Ծաղկի խանութ ունեցողների և աշխատողների համար այսօր տոն չէ, որովհետև շատ ենք չարչարվում ու հոգնում: Մենք մի ամբողջ օր չենք գնացել տուն»:

Ծաղիկ գնողների մեծ մասն այսօր  տղաներն են, գնում են հիմնականում կակաչ ու վարդ: Գնորդները շատ են, ծաղիկների բարձր գներն էլ չեն խանգարել, որ տղամարդիկ  իրենց սիրելիների օրը տոն դարձնեն:

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 09 Մարտի 2022 08:22
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ