Ապրիլի 27, 2024

Եմիշճանը՝ անցյալի, ներկայի, լուսավորի ու հակասականի խաչմերում

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 15, 2023

Մարտունու շրջանի Եմիշճանն այն եզակի համայնքներից է, որտեղ այս տարի կարկուտ չի տեղացել: Գյուղում հատուկ ծիսակակարգ կա. ամեն տարի ոչխար են մորթում, զոհաբերություն անում և հավատում, որ կարկուտ չի գալու: Ասում են՝ վերջին 30 տարվա մեջ 2 անգամ է կարկտել, բայց առանձնակի վնասներ չի հասցրել: Շատ քարտեզներում անգամ չնշված այս գյուղում, ի տարբերություն կարկուտից խուսափելու համար զոհաբերություն անելու ծիսակարգի հանդեպ հավատի, գյուղի լուսավոր ապագայի հանդեպ այնքան էլ մեծ հավատ չունեն, բայց սիրում և ակնածանքով են խոսում հայրենի գյուղի մասին: Լսե՛ք ԱսպրամԱվանեսյանի ռեպորտաժը Եմիշճանից:

 Քարքարոտ ճանապարհը, որ անցնում է անտառի կողքով և շրջապատված է կանաչ, խիտ, հաճախ կորացած և ճանապարհը ծածկող ծառերով, մեզ Եմիշճան է տանում։ Գյուղն էլ նույնը․ քարոտ, անհարթ ճանապարհներ, քարե տներ, փարթամ բնություն։ Փողոցներում անհամեմատ շատ կենդանիներ կան․ մեկի կովերն են տուն շտապում, մյուսի սագերը զարմանալիորեն կորցրել են ճանապարհը, և ամենուր շների ձայներ են։ Փոքր գյուղի փոքրիկ գյուղամիջում մի սենյակ կա, դուռն ու պատուհաններն ամբողջովին բաց։ Սենյակի մեծ մասը զբաղեցնող սեղանին նարդի է դրված՝ ուղիղ շարված խաղաքարերով, մի քիչ հեռու էլ թղթախաղ ու ծխախոտի համար նախատեսված ամաններ կան, թունդ ծխախոտի հոտ էր գալիս․ գյուղի մեծերն են այստեղ հավաքվում, խոսում անցյալի, ներկայի, երբեմն էլ ապագայի մասին, մի քանի պարտիա նարդի ու թուղթ խաղում, հետո քարերը խնամքով շարում, դուռը թողնում բաց և գնում, հաջորդ օրը նորից նույն տեղում հավաքվելու չհամաձայնեցված պայմանավորվածությամբ։
Գյուղում հյուրընկալվեցինք Առաքելյաններին, ամուսինները բանջարանոցում էին, վարունգ էին քաղում, խնամում լոլիկի և սմբուկի թփերը, հպարտությամբ ցույց տալիս կարմիր ծաղկած լոբին։ Արմիկ Առաքելյանը համայնքապետն է։ Ասում է՝ գյուղում մոտ 35 ընտանիք է ապրում, որից մեկը՝ 10, ևս մեկը 9 հոգանոց։ Գյուղի բնակչությունը նվազելու միտում ունի։ 44-օրյա պատերազմում Եմիշճանը 3 զոհ է տվել։ Զոհված զինծառայողների ընտանիքներն այս պահին գյուղում չեն ապրում։
Եմիշճանցիններն անտրտունջ հաղթահարեցին պատերազմը, այսօր էլ ստիպված են պայքարել շրջափակման դեմ։ Շրջափակման ժամանակ Արցախում բոլորը սկսեցին մշակել տնամերձերը, Եմիշճանում տնամերձերը մշակում էին միշտ, բոլորն ունեն իրենց այգիներն ու բանջարանոցները։
«Ամենակարևորը՝ ալյուրի պակաս չլինի։ Բայց երևի չի լինի, արդեն բերքահավաքը սկսել ենք, ցորենն ինչքան էլ քիչ լինի, պիտի հավաքվի։ Այստեղ արտերին երաշտն է վնաս տվել, բայց եթե 2-3 ցենտներ էլ լինի պիտի հավաքվի»։
Շրջկենտրոնի հետ կապի առանց այն էլ քիչ հնարավորություններ ունեցող Եմիշճանում շրջափակման առաջացրած ամենամեծ խնդիրը վառելիքի պակասն է։ Երկար ժամանակ երթուղային չէր գործում, այսօր էլ՝ կողքի համայնքի երթուղայինից են օգտվում, բայց սեփական միջոցներով քաղաք, կամ կողքի գյուղ առևտուր անելու համար չեն կարող գնալ։ Գյուղում էլ երկու խանութ կա՝ հիմնական ճանապարհի աջ կողմում, իրարից քիչ հեռավորության վրա։ Բայց խանութներն ինչպես միչև շրջափակումը, այնպես էլ շրջափակման ժամանակ ապրանքների առատությամբ չեն առանձնանում։ Խանութներից մեկում Արմիկ Առաքելյանի կինը՝ տիկին Վերան է աշխատում։
«Խանութի ապրանքը քիչ է լինում, մի խանութում էլ ես եմ աշխատում, ուր գնում եմ, անպայման ինչ որ բան եմ բերում, ասում եմ՝ ժողովուրդ են։ Ապրանքը բերում եմ իսկույն կամ ինտերնետն եմ գցում, իր խմբի մարդկանց համար կամ զանգում եմ բոլորին, ասում եմ՝ այ, այսպիսի բան ունեն, շուտ եկեք։ Առաջնահերթությունը երեխա ունեցող ընտանիքներին եմ տալիս։ Քիչ ժողովուրդ ենք, բոլորին ճանաչում եմ, բոլորին գիտեմ»։
Եմիշճանում քիչ փոքրիկներ կան, նրանց համար զբաղմունքի որևէ միջոց չկա։ Գյուղում մանկապերտեզ չլինելու պատճառով բնակիչներից շատերը իրենց փոքրիկներին կողքի համայնքի մանկապարտեզ էին տանում։ Բայց շրջափակման ընթացքում, երբ այլևս գազ չկա, վերջին շրջանում նաև բենզին, փոքրիկները զրկված են մանկապարտեզ գնալու հնարավորությունից։ Ալյոնան 5-ամյա որդուն՝ Արմանին, Բերդաշենի մանկապարտեզ էր տանում։
«Ընդհանուր առմամբ երևի 6 ամիս է հասցրել հաճախել մանկապերտեզ։ Այս պահին վառելիք չլինելու պատճառով չի կարողանում հաճախել, դիմել ենք համայնքին և վարչակազմին, որոշ ժամանակով այդ հարցին լուծում տվեցին, վառելիք տրամադրեցին, բայց նորից խափանվեց։ Երեխաս շատ է կարոտում մանկապարտեզը, ընկերներին, ուզում է գնալ, բայց հնարավորություն չկա»։
Եմիշճանում խնդիրների պակաս չկա, բայց ամենամեծ խնդիրը գյուղացիների տրամադրություններն են, որոնք հայտնի պատճառներով այլևս նույնը չեն։ Այսօր գյուղում ջրի խնդիր չկա, որը, ի թիվս այլ խնդիրների կար 20-րդ դարի 2-րդ կեսին, բայց այդ տարիներին անկախ բոլոր խնդիրներից, մարդիկ ուրախ ու անհոգ էին։
Եմիշճանում նկատելի շատ ու բավականին լավ են ռուսերեն խոսում, հարցին թե ինչի հետ է դա կապված, ասում են` ամառային ամիսների հանգստանալու նպատակներով բավականին շատ մարդիկ էին գյուղ գալիս, նրանցից են սովորել խոսել։
«250-300 հոգի մարդ էր գալիս, հիմնակում Բաքվից և Աշխաբադից, Երևանից շատ քիչ էին։ Ջուրը պակաս էր, ջրի վրա պահակ էինք դնում, եթե Գրիշիկը 2 բիդոն տարել է, էլ իրավունք չունի տանելու, այս անգամ էլ Գրիգորին պիտի տանի, այ այսպիսի իրավիճակ էր։ Ջրի պահակը Սլեյման դային էր, փոքր երեխաներ էինք, սպասում էինք, որ գնա, դե գիտեինք, որ Սլեյման դային ծորակը փակած կլինի, որպեսզի աղբյուրի ջուրը հավաքվի, գյուղացիները գան տանեն, մենք գնում բացում ջուր էինք վերցնում։ Բոլոր եկողներն այստեղ տուն ունեին, ասենք օրինակ Աշխաբադից գան ու որպես ընկեր իմ տանը մնան՝ ոչ, բոլորն էլ տուն ունեին»։
Տներից շատերը մինչ այսօր կանգուն են, դրանց անունն այդպես էլ մնացել է՝ «դաչնիկներին տները»։ Ամառանոցավորների մասին խոսելիս զրուցակիցներս հիշում են նաև կինոյի տունը, որտեղ ամառային ամիսներին նստելու տեղեր չլինելու պատճառով մարդիկ պատուհաններին ու գետնին էին նստում։ Լեփ լեցուն կինոտնից հիմա մնացել է միայն կիսավեր շենքը, որի դուռը տարիներով չի բացվում, իսկ կինոյի տուն լինելու մասին հիշեցնում է միայն մինչև հիմա պահպանվող ցուցատախտակը, որի վրա ռուսերեն մեծ տառերով գրված է «кино» («կինո»)։

Last modified on Շաբաթ, 15 Հուլիսի 2023 14:54
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ