Մայիսի 01, 2024

Ինչո՞ւ է Ադրբեջանը արգելափակել ԿԽՄԿ-ի մեքենաների երթևեկը Քաշաթաղի միջանցքով

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 11, 2023

Համացանցային տարբեր մեդիառեսուրսներում այս առավոտ տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե` ինչպես են ադրբեջանցիները խուզարկում Կարմիր խաչի նշանով մեքենաների երթևեկը: Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը թվիթերյան գրառմամբ ավելի ուշ հայտնեց, որ Ադրբաջանն արգելել է Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը Քաշաթաղի միջանցքով:
Հարցը 2 կողմ ունի` քաղաքական և հումանիտար. Ադրբեջանը որերորդ անգամ խորապես արհամարհելով մարդու համընդհանուր իրավունքները, քայլ առ քայլ կյանքի է կոչում իր քաղաքական նպատակները: Արցախի շուրջ օղակը օրեցօր սեղմվում է, իր բոլոր վատթարագույն հետևանքներով. Ի՞նչ կլինի հիմա և ի՞նչ սպասել ապագայում. լսե՛նք Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժում:

 Արգելափակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների երթևեկը: Ո՞վ է արգելափակել. ԻՇԻՊ կամ Թալիբան ահաբեկչական խմբավորումները՞: Ո՛չ, ՄԱԿ անդամ Ադրբջանն է խոչընդոտում ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժը, այդպիսով Արցախն ամբողջությամբ կտրելով Հայաստանից ու արտաքին աշխարհից: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժն արգելվել է, որովհետև Արցախ էին տեղափոխվում ոչ բժշկական ապրանքներ: ԿԽՄԿ-ն արձագանքել է Քաշաթաղի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգություններին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն է պարզաբանում:

«Առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն հանդիսանում ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»:

Լաչինի միջանցքի երկայնքով կոմիտեի աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ է կրում` ասում է Էթերի Մուսայելյանը: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ տեղի ունեցածը ընդամենը պատրվակն էր Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ վերցնելու համար:

«Սա ամբողջական շրջափակում ստեղծելու հերթական պատրվակն է և անգամ այն փոքր հնարավորությունները` հումանիտար փոխադրումների առումով, ամբողջությամբ արգելափակելու համար»:

«Այժմ Արցախը զրոյական տեղաշարժով լիակատար պաշարման մեջ է».- անդրադառնալով ստեղծված իրավճակին թվիթերի իր միկրոբլոգում գրել է պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, կիսելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այն միտքը, որ ոչ բժշկական ապրանքների տեղափոխությունն ընդհամենը պատրվակ էր միջանցքը լիակատար արգելափակելու համար:

«Ադրբաջանն անընդհատ փորձել է պատրվակներ գտնել ԿԽՄԿ-ի տեղաշարժը նույնպես սահմանափակելու համար, որը արել էր հունիսի 15-ից, այնուհետև որոշակի ճնման ներքո` ԵԽԽՎ բանաձևը, Հայաստանի` ՄԻԵԴ դիմելու հանգամանքը, այնուհետև ՄԱԿ դատարանի կողմից հարցի քննարկումը, ազդել են, որպեսզի հունիսի 25-ին Ադրբեջանը վերականգնի ԿԽՄԿ տեղաշարժը, այնուհետև ճնշեն Կարմիր խաչին, որ մնացած ապրանքների մատակարարումը տեղի ունենա Ադրբեջանի տարածքով և նաև Կարմիր խաչին իրենց ենթակայեցնեն, տեսան, որ չի ստացվում և արցախյան կողմը չի համաձայնվում իրենց պահանջներին, նրանք որոշեցին այս իրավիճակում նոր հանգամանքներ ի հայտ բերել, նոր պահանջներ առաջ քաշել: Միգուցե դա պայմանավորված է վերջին օրերին որոշակի զարգացումներով, միգուցե ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Հայաստանի վերջին դիմումի մերժմամբ»:

Որոշակի ճնշումներից հետո կարող է վերականգնվել ԿԽՄԿ-ի տեղաշարժը, ինչպես դա եղավ հունիսի 25-ին` ասում է Բեգլարյանը, բայց Ադրբեջանը յուրաքանչյուր այսպիսի փուլից հետո փորձում է հօգուտ իրեն ինչ-որ բան կորզել, որպեսզի Արցախի նկատմամբ ճնշումն ավելի մեծացնի: Խոսելով պաշտոնական Ստեփանակերտի կարմիր գծերի մասին, Արտակ Բեգլարյանն ասում է.

«Կարմիր գիծ նշանակում է նաև կենսական շահ: Բայց ցանկացած կողմ պետք է ունենա բավարար կարողություններ ու լծակներ այդ կարմիր գծերը պաշտպանելու համար: Մենք ունենք մեր գործիքակազմը, բայց դրանք բավականին սահմանափակ են: Մեր գլխավոր գործիքակազմը մեր կամքն ու ռազմավարական դիմադրողականությունն է: Գործնական քայլեր ասելով, տարբեր մարդիկ տարբեր բաներ կարող են ընկալել, նույնիսկ այդ ընկալումների սահմանները բավականին սահմանափակ են: Այսինքն զարգացումների վրա մեր ակտիվ նախաձեռնողական ազդեցության հնարավորություններն այդքան էլ լայն չեն: Իհարկե, պաշտոնական Ստեփանակերտը ունի իր գործիքակազմը, ունի զինանոցում որոշակի չկիրառված մեթոդներ, դրանք ըստ հրատապության, ըստ ճգնաժամի լրացուցիչ զարգացումներ որոշ չափով կիրառվելու են և այս ընթացքում էլ տարբեր գործիքակազմեր կիրառվել են` հրապարակային և ոչ հրապարակային»:


Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը. «անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով». - գրել է խոսնակը, հիշեցնելով, որ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց` բժշկական նկատառումներով տարհանումը: Իսկ Արցախի ՄԻՊ-ն ակնհայտ է համարում այն, որ Ադրբեջանի գործողությունները որևէ ձևով չեն տեղավորվում ո՛չ միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության և ոչ էլ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների նորմերի մեջ:

«Այլ տարբերակ, քան Ադրբաջանի նկատմամբ հստակ պատժիչ գործողությունների կիրառումն է, չի մնում: Դա էլ քաղաքական հարց է: Այն որ իրավիճակի մասին բազմիցս բարձրաձայնվել է և այսօր էլ բարձրաձայնվում է, դա հստակ է, ուղղակի կոնկրետ գործողությունների պակաս, բացակայություն կա»:

Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի սահմանափակմամբ Ադրբաջանն ավելի է խորացնելու Արցախում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամը: Բուժառուների տեղափոխման, բուժամիջոցների ներկրման արգելումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

«Անգամ դեղորայքի փոխադրումը, որ Կարմիր խաչի միջոցով էր իրականացվում, այսօրվանից ևս մեկ անգամ դադարեցվել է, ինչը մեր առողջապահական համակարգի համար լրջագույն խնդիրներ է ստեղծելու, իսկ շուրջ մեկ ամիս սննդամթերքի մատակարարումների բացակայության հետևանքով արդեն իսկ մենք տեսնում ենք Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը»:

Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են հասցվել տեղական բուժհիմնարկների և ընտանիքների համար»։

ԿԽՄԿ-ի արցախյան գրասենյակը լիահույս է, որ հնարավոր կլինի խնդիրը լուծել ամենամոտ ժամանակներում և վերականգնել կազմակերպության մարդասիրական կարևոր առաքելությունը:

Last modified on Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023 17:19
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ