Ապրիլի 28, 2024

Պետք է անվտանգության երաշխիքներ ձեռք բերել` միջազգային հանրությանը ներգրավելով այս գործընթացների մեջ. «Բացում» նախաձեռնության անդամ

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 18, 2023

Ի՞նչ ազդեցություն կթողնի հումանիտար բեռների ներմուծումը Քաշաթաղի միջանցքի ապաարգելափակման ուղղությամբ գործադրվող ջանքերի վրա և որո՞նք պետք է լինեն հետագա քայլերը: Թեմային անդրադարձել է Վիկտորյա Սարգսյանը:

Սեպտեմբերի 12-ին, Ակնա-Ասկերան ճանապարհով Արցախ մուտք գործած ռուսաստանյան ԿԽՄԿ-ի բեռնատարից բացի, վերջին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ է հումանիտար բեռ մտնում Արցախ: Ալյուր, բժշկական և հիգիենակի պարագաներ են ներմուծվել Ակնայով ու Բերձորով, որոնք գուցե որոշակիորեն կմեղմեն երկրում խորացող աղետը: Բայց այս որոշումը վտանգի տակ է դնում նաև արդեն 9 ամսից ավել տևող պայքարն ու Քաշաթաղի միջանցքի ապաարգելափակման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

ԿԽՄԿ-ն օրեր շարունակ բանակցությունների մեջ էր որոշում կայացնողների հետ` հասկանալու համար` ինչպես հնարավոր է մարդասիրական օգնություն հասցնել Արցախ: Կոմիտեին հաջողվել է մարդասիրական կոնսենսուս հաստատել կոմղմերի միջև` ասում է կոմիտեի արցախյան գրասենյակի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

«Ինչի արդյունքում, մեր միջնորդությամբ, այսօր երկու ճանապարհներով հումանիտար բեռներ են տեղափոխվել: Լաչինի միջանցքով 23 տոննա ցորենի ալյուր է տեղափոխվել, իսկ մյուս ճանապարհով` առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ: Մենք հույս ունենք, որ այս գործընթացը պարբերական բնույթ կկրի, որպեսզի որոշակիորեն մեղմվի կարիքի մեջ հայտնված մարդկանց բեռը»:

Այս 9 ամիսների ընթացքում, Արցախի ու արցախցիների կողքին էր «Բացում» նախաձեռնությունը, որի գործունեության նպատակն էր նպաստել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհի բացման գործին: Արցախի ամբողջական շրջափակումից հետո նախաձեռնության նպատակներից առաջնային դարձան հումանիտար աղետի վերացման ուղղությամբ աշխատանքները` նշում է նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:

«Մեր ճանապարհային քարտեզներից մեկն այն էր, որ դիմենք ՄԱԿ-ին` պահանջելով իրենց ծրագիրներից մեկն իրականացնել` համաշխարհային պարենի ծարգիրը (Food programm): Ծրագիրն աշխատում է այն պարագայում, երբ աղետի գոտի պետք է սնունդ հասցվի: Մենք կոչ ենք արել մեր հանրությանը մթերքներ գնել ու հավաքագրել ՄԱԿ հայաստանյան գրասենյակի առաջ, որպեսզի ուղարկենք Արցախ»:

Նախաձեռնության անդամները հանդիպում ունեցան ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ ու որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ու արդյունքներ գրանցվեցին: Այսպիսով` Արցախում տիրող իրավիճակի մասին տեղեկատվություն էր փոխանցվում ՄԱԿ գլխամասային գրասենյակ: Համատեղ աշխատանքներ են տարվել նաև ՀՀ ԱԳՆ հետ:

ԿԽՄԿ-ի միջոցով բեռների տեղափոխումը մի կողմից մեղմելու է հումանիտար իրավիճակն Արցախում, մյուս կողմից էլ` անընդունելի է, որ բեռների տեղափոխման համար օգտագործվում է նաև Ակնայի ճանապարհը` ասում է Նարեկ Այվազյանը` նշելով, որ իրավիճակը պետք է սառնասիրտ գնահատել:

«Երկու կողմ ունի մեդալը: Մի կողմն այն է, որ մեր համերկրացիները ունենալու են սնվելու հնարավորություն, և սովը չի ճնշելու, ու պայքարի ոգին պետք է ոչ թե ճնշել, այլ արթնացնել: Մյուս կողմից անընդունելի է, որ բացվել է մեկ այլ` Ադրբեջանի հետ կապված ճանապարհ: Բայց, մեր պայքարը շարունակելով, կարող ենք հասնել մեր ուզած արդյունքին: Մենք կանգ չենք առնում այստեղ, չենք հիասթափվում, այլ հակառակը` ավելի ենք ամրանում: Միջազգային հանրության ճնշման միջոցով է սկսվել այս գործընթացը: Սա մենք պետք է լավ գնահատենք»:

Ի՞նչ պետք է անել այս քայլից հետո: Նարեկ Այվազյանի խոսքով` առաջին հերթին պետք է անվտանգության երաշխիքներ ձեռք բերել` միջազգային հանրությանը ներգրավելով այս գործընթացների մեջ:

«Եթե մենք դիտարկում ենք մեր ճանապրհային քարտեզը, որի շրջանակներում ՄԱԿ-ից պահանջել էինք այս գործընթացները, կարող ենք նշել, որ որոշակի նպաստել ենք սրան: Հաջորդ քայլը անտվանգություն երաշխիքներ ձեռք բերելու հարց պետք է լուծվի: Բոլորս պետք է հասկանանք, որ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները ցեղասպանական քաղաքականության գործիքակազմի մեջ են մտնում, և մենք դրա դեմ պետք է պայքար մղենք ու առաջին հերթին անվտանգություն ապահովենք: Այս գործիքակազմերի հետ կապված մշակումներ ենք իրականացնում և որոշակի պահերից սկսած գործի կդնենք դրանք»:

Արցախը շարունակում է շրջափակման մեջ ու ուժի սպառնալիքի տակ մնալ: Հումանիտար բեռների ներմուծումն ամենևին էլ չպետք է վտանգի հետագա պայքարը` ասում է Նարեկ Այվազյանն ու կրկնում նախաձեռնության կարգախոսը` «Արցախ քեզ հետ ենք»:

Last modified on Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 06:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ