Ապրիլի 29, 2024

Քաղաքացիները թույլ չեն տվել ադրբեջանական բեռնատարների մուտքն Արցախ

By Անի Աբաղյան Օգոստոսի 30, 2023

Ասկերանից, Ստեփանակերտից, ինչպես նաև` Արցախի մի շարք բնակավայրերից մարդիկ երեկ հավաքվել են Ասկերան-Ակնա ճանապարհահատվածում` թույլ չտալու ադրբեջանական Կարմիր մահիկի մեքենաներով ուղարկված բեռների մուտքն Արցախ: Անի Աբաղյանն է այցելել Ասկերան-Ակնա ճանապարհահատված:

Այսօր արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախի բնակիչները գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում՝ արգելելով Բաքվի ուղարկած կեղծ հումանիտար բեռի մուտքն Արցախ։ Մեզ ադրբեջանական ալյուր պետք չէ՝ ասում է Ասկերանի բնակիչ հերմինե Խաչատրյանը, ով երեկվանից այստեղ է։

«Ես Արցախի մեր բնակիչներին, Ասկերանին մոտ ապրող բնակիչներին կխնդրեի գալ ու այստեղ կանգնել, որպեսզի չթողնենք Ադրբեջանը այդ քայլը անի։ Մենք իրենց հարամ ալյուրը չենք թողելու գա ու Արցախ հասնի։ Ես ինքս մինչև վերջ այստեղ կանգնելու եմ ու չեմ թողելու դա»։

Ադրբեջանը 40 տոննա ալյուրն ուղարկել է Կարմիր մահիկի միջոցով, մինչդեռ` թշնամի երկիրը խոչընդոտում է միջազգային Կարմիր խաչի գրասենյակի աշխատանքը. Կարմիր խաչի ավտոմեքենայից մարդ են առևանգում, թույլ չեն տալիս անգամ կենսական նշանակության դեղերի տեղափոխումը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը հանկարծ բարիացավ ու «հումանիտար» բեռ ուղարկեց։
Մարտունի քաղաքի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ, նույնպես միացել է ակցիային։ Նա մյուս բնակիչներին ևս հորդորում է միանալ իրենց։

«Թուրքը չպիտի Ստեփանակերտ-Ակնա ճանապարհը օգտագործի այն էլ քողարկված եղանակով՝ իբր մեր մասին մտածում են, հումանիտար բեռ են ուղարկում։ Մենք իրենց կարիքը չունենք։ Եթե մտածում են, Հայաստանի հետ կապող ճանապարհ ունենք՝ Բերձորի միջանցքը թող այդ բացեն ու հումանիտար բեռները անցնեն։ Ինչու միայն հումանիտար բեռները, պետք ա ՌԴ խաղաղապահները իրենց պարտականությունը կատարեն ու 5 կմ միջանցքը հսկեն։ Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին․ թող միանան մեզ»։

Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում հավաքվածների հետ այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց հետ քննարկել են ստեղծված իրավիճակն ու նշել, որ իշխանությունները ևս դեմ են ճանապարհի բացմանն ու Բաքվի ուղարկած բեռի Արցախ մտնելուն։

«Կանգնում ենք մինչև վերջ․ մեզ՝ արցախցիներիս կոտրել չի ստացվի։ Սոված էլ լինենք, ծարավ էլ լինենք ապրել ու ապրելու ենք Արցախում։ Իսկ այն արցախցին, որ մտածում է՝ պիտի թողի Արցախն ու գնա հավասար է նրան, որ իր վիրավոր ընկերոջը թողնում ու գնում է։ Դա միշտ հիշեք»։

«Արցախ» լրատվականի հետ զրույցում Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը երեկ ասել էր, որ ադրբեջանցիները ռուսաստանյան խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել։

«Ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասել էր Ալյոշա Գաբրիելյանը:

Արցախի բնակիչներն Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում մնալու են այնքան ժամանակ մինչև որ Բաքվի ուղարկած բեռը ետ՝ Բաքու ուղարկվի։

Last modified on Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 14:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ