Ապրիլի 14, 2024

Մանկավարժ, պատմաբան, լրագրող, հացերեց․ Լևոն Առաքելյանն է համատեղել մասնագիտությունները

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 24, 2023

Եմիշճանցի Լևոն Առաքելյանը դասվարի մասնագիտություն ունի, բայց զբաղվել է լրագրությամբ, հայրենի գյուղի դպրոցում դասավանդել է պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու և գրականություն: Նա նաև գյուղի հացերեցն է: Առաքելյանին հյուընկալվել է Ասպրամ Ավանեսյանը:

Երբ Եմիշճանում հարցրի, թե ով կարող է պատմել գյուղի պատմության մասին, մի քանի հոգի միաբերան Լևան Առաքելյանի անունը հնչեցրեց։ Շտապեցի նրա հետ հանդիպման։ Գալարապտույտ ճանապարհի ոլորաններից մեկում կանգ առանք։ Ցածր, արդեն գունաթափված նարնջագույն ճաղավանդակով դարպասի հետևում Լևոն Առաքելյանի տունն է՝ ծառերով շրջապատված։ Վարդերի սեզոնն է, դրանք գեղեցիկ բացվել ու սաղարթախիտ ծառերի հետ միասին առավել հեքիաթային են դարձնում Առաքելյանի տունը։ Միայնակ է ապրում։ Կինը նոր է մահացել, ինքն էլ թոշակառու է, նրա զրուցընկերը թուղթն ու գրիչն են, հաճախ է կարդում խնամքով պահված թերթերը, որտեղ ժամանակին տպագրել և այսօր էլ հոդվածներ է տպագրում։ «Սայաղ կաց, է, ես էլ ում լրագրող» («Զգույշ մնա, էհ, ես էլ եմ լրագրող»)․ կատակում է։ Հարցական հայացքիս ի պատասխան հարցնելով՝ գիտե՞ս, թե ինչով է լրագրողը տարբերվում մյուս մասնագետներից: Չմտաբերեցի: Ասում է՝ լրագրողը լսում է այն, ինչ ոչ ոք չի լսում, տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Պարզվում է Լևոն Առաքելյանը դասվարի մասնագիտություն ունի։ 1984 թվականից մինչև 2016 թ. աշխատել է Եմիշճանի դպրոցում, եղել է տնօրեն, փոխտնօրեն, դասավանդել է պատմություն, աշխարհագրություն, նաև` հայոց լեզու և գրականություն։ Դասվարի՝ մանկավարժի մասնագիտությամբ աշխատել է կարիերայի մայրամուտին, բայց համոզվել, որ նախորդ տարիներն ավելի արդյունավետ կարող էր օգտագործել, եթե աշխատեր իր նախնական մասնագիտությամբ։

«Բայց յուրաքանչյուր դեպքում էլ իմ սկզբունքների մեջ եղել է հնարավորության շրջանակներում բարեխիղճ աշխատանքը։ Շատ դեպքերում ասում են լավ մասնագետ. լավ մասնագետը, մանկավարժության ոլորտում առավել ևս, աշխատանքի 50%-ն է, պետք է նաև լավ մարդ լինել, բարոյապես, հոգեպես լավ մարդ։ Եթե այս արժեքները բացակայում են` լավ մասնագետի մասին խոսելն անիմաստ է»։

Մանկավարժը ոգևորությամբ է հիշում գյուղի պատմությունը, նշում, որ Եմիշճանն այն համայնքներից է, որի մասին տեսական գրականության մեջ քիչ տեղեկություններ կան։ «Ջարգա մարագ» ուխտավայրում 19-րդ դարի տապանաքարեր կան, ամենահին ծնված թիվը 1834-ով է թվագրված, բայց կան նաև անտիպ քարեր, որոնք վկայում են, որ գյուղը բավականին հին է՝ ասում է։

«Մի քիչ բարձրում, որ անտառը սկսվում է, քարեր կան, նույնիսկ չի իմացվում դրանք գերեզմանաքարեր են, թե խաչքարեր։ Մոտակայքում մեծ փոս էլ կա, հնարավոր է այդտեղ մատուռ է եղել։ Երբ բացեցինք, մասնագետներն ասացին, որ դրանք մոտավորապես 12-13-րդ դարերի խաչքարեր են։ Հետո այնտեղ մի ավազան կա, քարի մեջ փոս փորած, մկրտության ավազան էր»։

Վրեջին 2 տարում Արցախում քիչ զրույցներ են, որ չեն շոշափում պատերազմը։ Մեր զրույցի ընթացքում օգտագործեցի «44-օրյա պատերազմ» տերմինը։ Զրուցակիցս ընդհատեց ինձ․ «էլ չասես 44-օրյա պատերազմ»։ Բայց ինչո՞ւ․

«Մենք մեր 30-ամյա պայքարը մասնատում ենք, մասերի ենք բաժանում, 1-ին պատերազմ, 2-րդ` քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ։ Մենք անկախ մեր կամքից մասնատում ենք մեր պայքարը, ինչքան մանրացնում ենք, այնքան այն մնում է ստվերի տակ։ Մենք պետք է մեր պաշտոնական գրությունների մեջ գրենք 30-ամյա պատերազմ, որն ունեցել է առավել ակտիվ շրջաններ՝ 90-ական թվականները, ապրիլյան դեպքերը, վերջին, ինչպես դու ես ասում` 44-օրյա պատերազմը»։

Լևոն Առաքելյանն ունի նաև մեկ այլ մասնագիտություն, որի մասին ոչ գրքերում կա գրված, ոչ էլ` համալսարաններում են սովորեցնում։ Հայտնի փաստ է, Առաքելյանը գյուղի, և ոչ միայն իրենց գյուղի, հացերեցն է` «թամադան»։ Դեռևս դպրոցական տարիներին վարում էր գյուղում կազմակերպվող տոնակատարությունները։ Այս գործում հաջողելու փաստը զրուցակիցս կապում է լրագրողական և ուսուցչական գործունեության հետ։ Համեմատում է հին ու նոր հարսանիքներն ու ասում՝ հիմա երիտասարդները նախընտրում են դրանք քաղաքում կազմակերպել, փոխվել է ոչ միայն հարսանիքների կազմակերպման վայրը, այլ նաև`ոճը, որի հետ նա այդքան էլ հաշտ չէ։

«Այնպես ինչպես ես եմ տեսել հարսանիքները, մի փոքր էլ կատարելագործել եմ, ասմունքող էլ եմ, ոտանավորներով համեմում եմ։ Հիմա, որ գնում եմ հարսանիքների, ասում եմ` այդ ի՞նչ երաժշտություն եք միացնում, ասում են՝ նորապսակներն են պատվիրել։ Նրանց հետ զրույցի ժամանակ ասում եմ, որ լավ կլինի մեր դասական, մեր հայկական երաժշտությանը ուշադրություն դարձնեք։ Դրանք կամաց-կամաց հնանում են, երիտասարդները չեն լսում, դրանք վաղ թե ուշ կկորչեն»։

Առաքելյանն ուրախության ու տխրության առիթներ է վարել ու վարում ինչպես Եմշճանում, այնպես էլ` կողքի գյուղերում։ «Թամադայություն» անելու առիթ է ունեցել նաև Մարտունիում, Ստեփանակերտում, Մեղրիում ու Արարատում։ Վերջին 30-40 տարիներին Եմիշճանի հանդիսությունների սրահում կազմակերպված բոլոր ուրախ ու տխուր առիթներն ինքն է վարել, ասում է:

Լևոն Առաքելյանի բոլոր այս հաջողված մասնագիտությունների հետևում տարիների աշխատանք է, աշխատաքի լավագույն պարգևատրումը՝ հասարակության գնահատանքը, հարգանքն ու վերեբերմունքը՝ տարիների վաստակով ձեռքբերված։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ