Մայիսի 19, 2024

Գայլերի ոհմակի հարձակում Աշանում

By Մարգարիտա Ղուշունց Նոյեմբերի 30, 2021

Գայլերի և շնագայլերի հերթական հարձակումը եղել է նոյեմբերի 24-ին Աշան համայնքում: Գյուղացիները համայնքի  այդ հատվածն օգտագործում են անասնապահության համար և այնտեղ տեղակայել են անասնագոմեր, «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է Աշանի համայնքի աշխատակազմի հաշվապահ Շողեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝  օրեր առաջ տեղի ունեցած հոշոտման դեպքը Գոմեր կոչվող տեղամասում էր, որտեղ բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։ Գայլերի հարձակումից տուժել է երկու մենատնտես․

«Առավոտյան ոչխարների տերերը՝  Գագիկ Մուսայելյանն ու Պարգև Վարդանյանը հայտնաբերել են գայլերի  կողմից հոշոտված անասուններին։ Նրանց տան եկամուտը կախված էր հենց այդ ոչխարների վաճառքից»:

Վնասի չափը մեծ է, ինչից կարելի է եզրակացնել, որ անասուննների վրա գայլերի ոհմակ է հարձակվել, ասում է հաշվապահը։ Նախնական տվյալներով հաստատված  թիվն օրեցօր փոխվում է․

«Ընդհանուր հաստատված է 58 գլուխ ոչխարի հոշոտվածության, որից 20-ը  Գագիկ Մուսայելյանին էր պատկանում․ 38-ը՝ Պարգև Վարդանյանին։ Կան նաև վիրավոր ոչխարներ, որոնցից ամեն օր մեկ-երկուսը սատկում են»:

«Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ -ի տնօրեն Նվեր Սաֆարյանը բնակչությանը հորդորում է նման դեպքերում անպայման զանգել համապատասխան մարմիններին, կազմել ակտ և մարդկանց զգուշացնել, որ տվյալ անասունի միսն օգտագործման ենթակա չէ: Նրա խոսքով՝ գայլերի հարձակման  դեպքերը գնալով ավելանում, վնասներն ավելի մեծ չափերի են հասնում: Աշանցիներն արդեն հետևել են կոչին, ասում է  Շողեր Գրիգորյանը:  Ակտն արդեն   կազմված  և ներկայացված է համապատասխան անասնաբուժական կայան։  Տուժած մենատնտեսները  հուսով  են, որ պետության կողմից ինչ-որ աջակցություն կլինի։  Նման դեպքերում փոխհատուցում, որպես այդպիսին, լինում է, «Արցախ» լրատվականին  ասաց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության գլխավոր մասնագետ Խաչիկ Ավագյանը։ Կոնկրետ ոչխարների դեպքում  1 կգ մսի դիմաց տրվում է  900 դրամ փոխհատուցում։   

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ