Մայիսի 19, 2024

Անորոշություն. հանրության հիմնական տրամադրությունը

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 10, 2022

Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքների հիման վրա ընդունված  հայտարարությունն Արցախում մտահոգությամբ ընդունվեց։ Ի՞նչ է ենթադրում տարածքային ամբողջականության երկուստեք ճանաչումը։ Ի՞նչ է լինելու Արցախի ու արցախցիների հետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Մարդիկ շատ հարցեր ունեն և Հրապարակ են եկել՝ պատասխանների ակնկալիքով։   Անորոշությունը շատ է, հստակ է միայն մարդկանց  Արցախում ապրելու ցանկությունը։ Արմինե Գրիգորյանը ցույցը պայքարի դրսևորման միջոց է համարում՝ պայքար հանուն  սեփական հողում ապրելու  իրավունքի։ 

«Այստեղ մենք ապրել ենք, ապրում ենք, ապրելու ենք։ Այս ցույցը պայքար է, որ մնանք մեր հողում ու ապրենք այստեղ։ Թուրքը չի կարող մտնել այստեղ ու ասել, որ սա Ադրբեջան է։ Մենք չպետք է լռենք, պետք է ցույց տանք, որ մենք կանք»։

 Ցույցի նպատակը միասնական ուժով այս ծանր իրավիճակից ելք փնտրելն է՝ ասում է քաղաքական ակտիվիստ, ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը։ Մենք չենք ուզում մեր երկիրը լքել կամ մեր երկրում ցեղասպանվել՝ ասում է։ 

«Մեր երկիրը պաշտպանելու, մեր նահատակների հերոսությունները փառավորելու և մեր երեխաներին մեր երկրում պահելու համար պետք է միասնական ուժերով հաղթահարենք այս ամեն ինչը։ Խնդիրը հետևյալն է՝ այս օրհասական պահին կարողանանք միասնական ջանքերով դուրս գալ այս ծանր իրավիճակից, որովհետև ունենք թշնամիների մեծ բանակ, ուզում են մեզ հոշոտել»։ 

Միասնականությունն է բոլոր հաղթանակների  հիմքը՝ ասում  են  հանրահավաքի մասնակիցները, նաև հավելում, որ հայերը միասնական են դառնում, երբ դանակը ոսկորին է հասնում։ Հրապարակում հավաքվածների պահանջը մեկն է՝ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է անկեղծ լինեն ժողովրդի հետ։ 

«Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը, որովհետև այդ քաղցր սուտը շատ կարճ ժամանակ է տևելու։ Ուզում ենք, որ մեզ հետ անկեղծ ու ազնիվ լինեն՝ մեր երկիրն ու ժողովրդին պաշտպանելու հարցում»։ 

Հրապարակում այս անգամ մի  նոր պաստառ է հայտնվել՝ «Մենք Ադրբեջանի քաղաքացիները չենք»։ Սա պատասխանն է  Ադրբեջանի նախագահի վերջերս արված հայտարարության, թե՝  Արցախում ապրող հայերը իր երկրի քաղաքացիներն են։ Արցախցիները մտահոգված են նաև այս հարցով։ 

«Կուզեի, որ մեր ղեկավարությունը դուրս գա ու ժողովրդին ասի, թե մենք տեր ունե՞նք, մենք պաշտպանվա՞ծ ենք, մեր անվտանգությունն ապահովվա՞ծ է, թե՞ ո՛չ։ Մենք բոլորս զինվորներ ունենք, որոնց մասին մտածում ենք, ուզում ենք հասկանալ՝ ինչ է լինելու մեզ հետ»։ 

Հրապարակում շաբաթ օրը  հավաքված մարդիկ ցանկացան, բայց չկարողացան հանդիպել երկրի Նախագահի հետ։ Փոխարենը նրանց հետ հանդիպման եկավ ԱԺ  նախագահ Արթուր Թովմասյանը։ Իսկ երեկ  նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ Նախագահի գլխավորությամբ պատվիրակություն  է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի ու ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակն ու  Պրահայի քառակողմ հայտարարությունը։   Լուսինե Ավանեսյանը խոստացել է, որ քննարկումների ընթացքի և օրակարգի մանրամասների մասին կհաղորդվի հաջորդիվ: Բայց  առայժմ  որևէ նորություն այս ուղղությամբ չկա։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ