Ապրիլի 14, 2024

ԱրՊՀ-ում մեկնարկել են ավարտական աշխատանքների պաշտպանությունները

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 16, 2023

Մայր բուհի առաջին հարկում Վանի, Արցախի, վիրահայերի և հարսանեկան տարազներով գեղեցկադեմ աղջիկներ են դեսուդեն քայլում: Աղջիկները լարված են, պարզվում է ավարտական աշխատանքների պաշտպանությանն են պատրաստվում: Պետհամալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Կերպարվեստի բաժնում ավարտական աշխատանքների կազմակերպման գործընթացը բոլորիս հայտնի, ավանդական ձևով չի կազմակերպվում: Բաժնի ուսանողները ավարտական` դիպլոմային, աշխատանք չեն գրում: Նրանք կերպարվեստի ոլորտում իրենց 4 տարվա ստացած գիտելիքները ի մի են բերում արվեստի միջոցով: Չորս տարվա ընթացքում ուսանողները սովորել են նաև գծագրություն, հագուստի մոդելավորում, քանդակագործություն և դիզայն: Շրջանավարտներից Լուսինեի խոսքով` կերպարվեստի բաժինը միշտ էլ տարբերվել է մյուս բաժիններից: 

«Մեր աշխատանքները և՛ ժամանակատար են, և՛ ֆինանսի հետ են կապված: Մենք աշխատում ենք այսպես. հագուստը մոդելավորում ենք , հետո կարում են, որից հետո պլանշետների վրա ենք աշխատում, վրայի զարդանախշերը նկարելու համար: Ավարտական աշխատանքը ներկայացնելու համար ունենք նաև ելույթներ, ներկայացնելու ենք, թե ինչ ենք նկարել, մոդելավորել, հայկական ո՞ր երկրամասի տարազ ենք ներկայացնելու»: 

«Կերպարվեստի» բաժինն այս տարի ավարտում է 12 ուսանողուհի: Աղջիկները ավարտականների համար սկսել են աշխատել դեռևս դեկտեմբերից: Կերպարվեստի և գծագրության ամբիոնի վարիչ Լավրենտ Ղալայանի խոսքով` կերպարվեստի բաժինը տաղանդաշատ ուսանողներ են ավարտում: 

«Համալսարան ավարտելը դա լինի մեր համալսարանը, անգամ Երևանի Գեղարվեստի ակադեմիան ավարտողը դեռևս նկարիչ չէ, նա պատրաստված է նկարիչ դառնալու համար, ճիշտ ճանապարհը ցույց է տրված: Դրանից հետո մարդը իր ոճը ընտրում և իր վրա աշխատելով առաջ է գնում, նկարիչ դառնում»: 

Բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն և Անգլերեն լեզու և գրականություն բաժիններում ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվում են ավանդական կարգով: Մինչև 15 միավոր Միջին որոկական գնահատական`ՄՈԳ, ունեցող ուսանողները ավարտական քննության են պատրաստվել, 15-ից բարձր ՄՈԳ ունեցողները` դիպլոմային աշխատանքներ: Լինա Միրզոյանը անգլերեն լեզու և գրականություն բաժնի շրջանավարտ է, դիպլոմային աշխատանք չի գրել, բայց ավարտական քննությանը լավ է պատրաստվել:

 «Ավարտական աշխատանք պաշտպանել են 9 հոգի, քննության է մասնակցելու 20 ուսանող: Քանին որ այս քննությունը վճռորոշ է, փորձել ենք լավ պատրաստվել, կարծում եմ հաջող կանցին»:

 Լինան խոստովանում է` չէր սիրում մանկավարժի աշխատանքը, բայց փորձուսուցման ժամանակ հասցրել է սիրել այն և հետագայում պատրաստվում է իր մասնագիտությամբ աշխատել: Լուսինե Սայիլյանը, ով Հայոց լեզու և գրականություն բաժինն է ավարտում, այս հարցում հստակ որոշում է կայացրել: 

«Կաշխատեմ իմ մասնագիտությամբ, մագիստրատուրա եմ սովորելու: Կարծում եմ քննությունը նորմալ ենք հանձնելու: Չորս հոգի մասնակցելու ենք պետական քննություններին, որից մեկը օնլայն է մասնակցելու` Արցախում չէ, իսկ դիպլոմային է գրել 12 հոգի»:

 Այս ուստարում Մայր բուհն ավարտում է շուրջ 450 ուսանող, որից բակալավրիատը՝ 365, իսկ մագիստրատուրան՝ 85 ուսանող: Բոլոր բաժինների ուսանողները` լինեն կերպարվեստի, հայոց, թե անգլերեն լեզվի, ֆիզիկայի, քիմիայի, թե լրագրության բաժնի, անշուշտ, գիտակցում են, որ պետք է իրենց մասնագիտությամբ օգտակար լինեն հայրենի Արցախ աշխարհին:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ