Մայիսի 19, 2024

Տարին դժվար էր, ձեռքբերումները՝ շատ. անցնող տարին ամփոփել է ԿԳՄՍ նախարարությունը

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 21, 2021
Տարին ծանր էր ԿԳՄՍ նախարարության  համար։ Նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ տարին սկսել են վնասների գույքագրումով։
 
«Խոսքը ոչ միայն շենքային պայմանների հաշվառման մասին է, այլ նաև գույքագրման՝ գիտակրթական, մշակութային, տեխնիկական ու սպորտային  կորսված գույքի։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացել է 112 դպրոց,  հայրենիքի մեր վերահսկողության տակ  է մնացել 110 դպրոց, որոնցից 106 –ը բնականոն աշխատում է։ Մենք ունեինք 53 մանկապարտեզ, որոնցից 37-ն է այժմ գործում»։ 
 
Ոլորտում տարվա կարևորագույն որոշումը քաղաքական էր՝ ասում է նախարարը։ 
 
«Պատերազմից անմիջապես հետո մենք  ձեռնամուխ եղանք բացելու Հարութի և Շուշիի միջնակարգ դպրոցները և մանկապարտեզները։ Սա քաղաքական որոշում է և մենք շարունակելու ենք նույն ոճով ու նույն ոգով։ Մենք  պահելու ենք Հադրութի և Շուշիի գաղափարը մեր գլխում ու սրտում»։ 
 
Տարվա ձեռքբերումների շարքը նախարարը սկսում է տարբեր կառույցների հետ համագործակցությունից։ Հետպատերազմյան մի շարք խնդիրներ հնարավոր եղավ լուծել հենց այդ կապերի, բարեգործական նախաձեռնությունների միջոցով։ 
 
«Մենք մեր բոլոր ոլորտներով՝ հանրակրթական, գիտական, մշակութային, սպորտային, միջազգային լսարանների հետ ունենք լավ կապեր։ Այդ կապերը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի և անձամբ Վեհափառի ստեղծած կապերն են։ Պատերազմից անմիջապես հետո անգնահատելի է հեգևոր իշխանության արածը մեր տարբեր ոլորտների համար»։
 
 Սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության արդյունքում Արցախ է բերվել զգալի նյութատեխնիկական աջակցություն։
«Մեր չորս ոլորտների համար, ընդհանուր հաշվով, 300 000 դոլարին մոտ գումարի համապատասխան նյութատեխնիկական բազա, առանձին նվերներ, հագուստ, գրենական պիտույքներ՝ կրթական և այլ կարիքներ բավարարելու համար բերվել է Արցախ»։ 
 
Երկու համալսարան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել, Ստեփանակերտում բացվել է հայ-իտալական բարեգործական կենտրոն, վերաբացվել է Եզնիկ Մոզյան արհեստագործական կենտրոնը, ստեղծվել է նախարարության կայքէջը՝ սրանք տարվա հաջողությունների շարքից են։ Իսկ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը տարվա կարևոր նորույթն ու ձեռքբերումն էր։ 14 դպրոցներում ծրագիրն արդեն ներդրվել է, գալիք տարում այն կգործարկվի ևս 48 կրթօջախում։ 
 
««Երկարօրյա դպրոց» ծրագիրը, կարելի է ասել, շոշափելի ծրագիր էր, մենք կարողացել ենք 14 համայնքներում ներդնել այն։ Սա համայնքահեն ծրագիր է։  Գալիք տարում այն  նույնպես ներդրվելու է գյուղական համայնքներում։ Ստեփանակերտում նախատեսում ենք միայն «Անտոնիա Արսլան» հայ-իտալական կրթահամալիրում և համար 9 դպրոցում»։ 
 
Ի պատասխան այն պնդումների, թե երկարօրյա դպրոցը զուտ սոցիալական ծրագիր է, նախարարն ասում է. 
 
«Այսպիսի ազգային ծրագրերը չի կարելի քաղաքականացնել, որևէ մեկը իրավունք չունի մեր մշակած ծրագրերը քաղաքականացնել և օգտագործել իշխանության համար մղվող կատաղի պայքարում»։ Արցախում գիտությունը գրավիչ դարձնելու ամենակարևոր քայլը կենտրոնի որոկավորված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումն է՝ ասում է նախարարը։ 
 
«Կենտրոնի բոլոր այն գիտնականները, որոնք  կանցնեն սահմանած որակավորումը, կստանան համապատասխան աշխատավարձ։ Գիտությամբ զբաղվելը Արցախում այլևս արժանապատիվ է։ 2022թ-ին երկակի պատկանելության հարցը լուծելուց հետո, մենք նոր մակարդակի վրա ենք դնելու գիտության ոլորտի բոլոր աշխատողներին գնահատելու գործընթացը»։ 
 
Մշակույթի ոլորտում ծանրակշիռ աշխատանք է կատարվել ռուս խաղաղապահների հետ։ Նախարարն ասում է, որ նախարարության կապը ռուս խաղաղապահների հետ ապահովել են հենց մշակույթի գործիչները։ Այստեղ նույնպես խնդիրները բազում են՝ ասում է։
 
«Մենք կարողացել ենք պահել Շուշիի Խանդամիրյանի թատրոնը, որը անհասցե է, բայց շարունակում է կատարել իր աշխատանքը և 15 ներկայացումներից 10-ն արդեն  վերականգնել է։ Մենք մշակույթի տարբեր համույթներում կարողացել ենք որոշ գույքային համալրումներ կատարել, շարունակելու ենք 2022 թվականին։ Ուզում եմ անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետությունում Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հյուրախաղերին և նշել, որ պատերազմից հետո այսպիսի ծանր պայմաններում,  թատրոնը 3 նոր բեմադրություն է ունեցել»։
 
 Մեծ հաջողություններ են գրանցել արցախցի մարզիկները՝ ասում է նախարարը։ Տարին դժվար էր, ձեռքբերումները շատ, ամփոփում է Լուսինե Ղարախանյանը։ Ասուլիսի ժամանակ նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Այդ մասին «Արցախ» լրատվականի վաղվա թողարկումներում։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ