Ապրիլի 26, 2024

Բրյուսելյան այցից առաջ ՀՀ վարչապետը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել

By Լենա Բադեյան Մարտի 31, 2022

Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի եւ Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել․սա Հայաստանի անվտանգության խորհրդի վերջին հայտարարության հիմնական արձանագրումն էր։ Սրա շուրջ էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական ասելիքը կառավարության նիստում՝ Բրյուսելից առաջ․ 

«Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»։

 Վարչապետի տպավորությամբ՝ բազմաթիվ նմանություններ կան Ադրբեջանի վարքագծում այսօր և 2020–ի պատերազմից առաջ։ Թվարկում է տարբեր միտումնավոր քայլեր՝ սկսած ապատեղեկատվության տարածումից՝ իբրև Հայաստանը Ռուսաստանին 4 ՍՈՒ ինքնաթիռներ է տրամադրել, մինչև նոյեմբերի 9–ի փաստաթղթի կամայական մեկնաբանում, խախտում, ինչպես նաևԲաքվի 5 առաջարկներին հայկական կողմի պատախանի անտեսումը։ 

«Հարց է ծագում․ ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հրապարակային եւ դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, եւ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլեւս լուծված է: Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարեւոր հարցի. իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»։ 

Սրա մասին արդեն խոսում են փաստերը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանԳեղամ Ստեփանյանըարձանագրել է՝ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, տուժել է ավելի քան 400 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասին էլ կառավարությունն ապահովել է ժամանակավոր կացարաններով։ Հայաստանի վարչապետը հիշեցնում է․Փառուխի և Քարագլխի սադրաքից առաջ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ են բացելԽրամորթ գյուղի ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների եւ հողի վրա աշխատող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ: Գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղում հայության էթնիկ զտումները ավարտին հասցնելն է՝ հայտարարում է Փաշինյանը։ Նրա ներկայացմամբ՝ նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթուղթը Ադրբեջանը սխալ է մեկնաբանում՝ հայտարարելով, թե Արցախի տարածքից պետք է դուրս բերվի նաև Պաշտպանության բանակը․ 

«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, եւ, ըստ էության, այս պահանջն է, որ Ադրբեջանը ձեւակերպում է: Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»։

 

 Չնայած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մնում են Լեռնային Ղարաբաղի տարածքում:Պաշտոնական Երևանը շարունակում է պարզաբանումներ և քննություն ակնկալել ռուսական կողմից՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում պարտականությունները չկատարելու և պայմանավորվածությունները խախտելու առնչությամբ։ Միջազգային հանրությունից ակնկալվում է հասցեական հայտարարություններ և մոտեցումներ էսկալացիայի դեպքերի առնչությամբ։ Տարածաշրջանում ռազմական նոր էսկալացիային նպաստող մի քանի գործոն է նշում խորհրդարանի«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր,Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդականՏիգրան Աբրահամյանը։ Առաջինը, ասում է՝ աշխարհաքաղաքական իրավիճակն է․ 

 

«Կան երկրներ, որոնք կարծում են, որ, եթե Ռուսաստանը այլ տարածաշրջանում ներքաշվի նոր բախումներում կամ, որտեղ նա ներկայացված է որպես գործոն, այնտեղ տեղի ունենան սրացումներ կամ բախումներ, դա ակնհայտորեն ՌԴ համար խնդիրներ է առաջացնելու, լրացուցիչ ռեսուրսներ է ներքաշելու, ինչը հնարավորություն է տալու ուկրաինական ուղղությամբ խնդիրներ ստեղծել։ Երկրորդ գործոնը պայմանավորված էՀայաստան–Ադրբեջան հարաբերություններով։ Չնայած Հայաստանը հատկապես հետպատերազմյան շրջանում անընդհատ պատրաստակամություն է հայտնում գնալ զիջումների, որոնք «կարմիր գծերի» հատումներ են, որոնք սկզբունքային մոտեցումների խախտումներ են, նույնիսկ այս իրավիճակում Ադրբեջանի նպատակը առավելագույնին հասնելն է»։ 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «կնճռոտ» հարցերից մի քանիսը ևս Ադրբեջանը փորձում է ռազմական էսկալացիայի պատճառ դարձնել՝ պնդում է Փաշինյանը՝ հակադարձելով, որ բոլոր այդ ուղղություններով Հայաստանը Ադրբեջանին համապատասխան առաջարկներ արել է տարբեր միջնորդների օգնությամբ։ Խոսքը նաև սահմանագծման ու սահմանազատման մասին է։ Հայաստանը անհրաժեշտ է համարում սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը: Մի քանի տարբերակներ են առաջարկել, Հայաստանի համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը,– ասում է Փաշինյանը։ 

«Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով։ Մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա»։

 Ադրբեջանից ու Թուրքիայից արդեն կան արձագանքներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը հաստատել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և պնդել է, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ավարտված համարելով պատերազմը,նշել է, որ դրանից պետք է դասեր քաղել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ