Ապրիլի 26, 2024

Ի՞նչ կարժենա իշխանությունների լռությունն այս անգամ

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 13, 2022

«44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է․ ինչու՞ այսպես եղավ․ այս հարցի պատասխանը ես պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել»։

 Պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի վարչապետը հարցադրում է անում. ինչո՞ւ այսպես եղավ։ Գլխավոր պատճառը, Փաշինյանի գնահատմամբ, այն էր, որ իշխանությունը համարձակություն չունեցավ անկեղծ խոսել ժողովրդի հետ ու ներկայացնել իրավիճակի ամբողջ լրջությունն ու ծանրությունը: 

«Եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ապա պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Ես հիմա, այո՛, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում»: 

Անկախ նրանից, թե ներկա պահին մեղավորների փնտրտուքը ինչքանով կօգնի խնդրի լուծումը գտնելուն, անպատասխան է մնում մեկ հարց. Իսկ հիմա, իշխանությունն անկե՞ղծ է ժողովրդի հետ, թե՞ ոչ: Արցախի իշխանությունները լուռ են: Ամենապատասխանատու պահին: Բայց Արցախի իշխանություններից շատ բան է կախված՝ համոզված է ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: 

«Կարծում եմ, որ հիմա Արցախի իշխանությունները պետք է ուղղակիորեն համախմբվեն և ցույց տան, թե ինչեր կարող են անել, վերջապես 88-ի բեկումը իրենցից է սկսվել: Շատ բան ունեն անելու Արցախի իշխանությունները: Ն. Փաշինյանի այսօրվա խոսքում ամեն ինչ ասված էր և սա համախմբման պատճառ պետք է դառնա»:

 Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո առավել քան պարզ դարձավ, որ ոչ միայն իրատեսական չէ Արցախի ճանաչումը կամ Մայր Հայաստանի հետ միավորումը, այլ նաև հնարավոր սցենար է Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչումը՝ ասում է Սոֆյա Հովսեփյանը:

 «Ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է անելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաստատեց, որ ինքը բացառապես պատրաստ է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում և այլևս որևէ խոսք չկա այն ոգեշունչ տեքստից, որ Արցախը Հայաստան է և վերջ»: 

Իշխանական որևէ մարմնից մեկնաբանություն ստանալու «Արցախ» լրատվականի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Մինչև այս պահը, որևէ գնահատական կամ մեկնաբանություն Փաշինյանի խոսքերին՝ չի հնչել: Մնում է միայն սպասել և հուսալ, որ այս անգամ էլ իշխանությունների լռությունը հազարավոր կյանքեր չի արժենա:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 15 Ապրիլի 2022 08:59
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ