Ապրիլի 26, 2024

Արցախի՝ հայկական աշխարհի կարևոր կենտրոնի էջը փակված չէ․ ապագան հայկական է լինելու

By Սրբուհի Վանյան Մայիսի 27, 2022
«Մենք ոչ մի բան էլ չենք պարտվել։ Եվ այսօր այն, որ մենք Արցախում ենք, նշանակում է, որ ոչ մի բան էլ չի վերջացել»,- այսպես է արտահայտվել «Ապագա հայկականը» արցախյան ֆորումում ունեցած ելույթի ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ պետք է թոթափենք անտարբերությունն ու համատեղ ուժերով լծվենք Արցախի ապրեցմանը։ 
 
«Ուրախ եմ, որ Արցախում եմ, իմ տանը։ Համոզված եմ, ամենամեծ վտանգը անտարբերությունն է։ Սիրո հակառակը ատելությունը չէ, գեղեցկության հականիշը՝ տգեղը չէ, և կյանքի մյուս կողմը մահը չէ։ Դրանց բոլորի հակառակ կողմը անտարբերությունն է։ Մեր պայքարն անտարբերության դեմ պիտի լինի։ Անտարբերությունն այն հիվանդությունն է, որ կարող է ոչնչացնել ամեն ինչ։ Մեր բոլորիս մասնակցությունն այդ պայքարում պարտադիր է։ Ու պարտադիր չէ, որ այդ մասնակցությունը լինի նյութական»։
 
 Արցախի ժողովուրդն իր պատմության մեջ տարբեր էջեր է ունեցել՝ լավ ու վատ, հաղթանակների ու պարտությունների։ Կարևոր է հասկանալ, որ ՝
 
 «Այս էջը փակված չէ․ մենք գնալու ենք առաջ, և տներ ենք կառուցելու,և ներդրումներ ենք անելու։ Ուրախ էի Ստեփանակերտում այսօր տեսնել նորաբաց սրճարաններ ու այլ օբյեկտներ։ Դա ցույց է տալիս ամենակարևորը՝ ոչ մի բան չի կոտրվել, մարդիկ իրենց ու իրենց երեխաների ապագան տեսնում են այստեղ»:
 
 Եվ դա կարևոր է ոչ միայն արցախցիների համար, այլ ամբողջ հայության։ «Ազգային խնդիրների լուծումն Արցախից պիտի սկսել»,- ասում է Ավրորայի համահիմնադիրը։ Արցախն ուժ է, և «Ապագա հայկականը», հասկանալով այն ճգնաժամը, որից ելք է փնտրում, և որից դուրս գալուն նպաստելու պատասխանատվություն վերցնում , գիտակցում է, որ այդ ճանապարհն Արցախից պիտի սկսի։ 
 
«Հայկական աշխարհի ամենակարևոր սյունը Արցախն է։ Եվ ոչ թե նրա համար, որ այստեղ պատերազմ է եղել, այլ նրա համար, որ այստեղ պահպանվել է հայկական ոգին, արժեքները։ Այստեղ մենք հաջողության ենք հասել, և այդ հաջողությունը պիտի պահպանենք, չմոռանանաք այն։ Դաս քաղելով  պիտի գնանք առաջ»։ 
 
Ապագան, ընդհանուր հայկական շահը պահանջում է, որ միասնական գործենք։ Եվ եթե մենք աշխարհի առջև հպարտանում ենք մեր հայ լինելով, մեր քաղաքակրթությամբ, աշխարհին տված հանճարներով, պետք է միասնական մեր հաջողության բանաձևը կարողանանք ներկայացնել։ Այսօր ամբողջ աշխարհը լուրջ մարտահրավերների, ճգնաժամի ու նոր աշխարհակարգի ձևավորման շեմին է՝ ասում է Ռուբեն Վարդանյանը: Կարևոր է, որ հիշենք․ 
 
«Ճգնաժամից դուրս գալու ամենահեշտ ձևը քո հայրենիքում ապրելու, հայրենիքում հաջողված լինելու մեջ է։ Ուրիշ ճանապարհ չկա, և ուզում եմ բոլորիդ ցանկանալ, որ դա հասկանալով, հայրենիքի ու Սփյուռքի հետ համատեղ ուժերով, գնանք հայրենիքը հզորացնելու ճանապարհով»։ 
 
«Ապագա Հայկականը» նախաձեռնության արցախյան ֆորումի քննարկումները նախաձեռնության 15 նպատակներից մեկի՝ Արցախում ժողովրդագրական ցուցանիշների բարելավման շուրջ էին: Նախաձեռնողները վստահ են, միայն մնալով և շատանալով հնարավոր է պահպանել Արցախի հայկականությունը․ երկօրյա ֆորումի ընթացքում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից առաջատար փորձագետների մասնակցությամբ բաց քննարկում էր ծավալվել ժողովրդագրական քաղաքականության ու ծրագրերի շուրջ, նպատակով, որ դրանց արդյունքում առաջարկությունները ներկայացվեն իշխանություններին և կազմակերպություններին հայրենիքում և սփյուռքում: «Ապագա Հայկականը» նախաձեռնության արցախյան ֆորումի շրջանակում շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք արցախցի երիտասարդների հետ,-ասել է Ռուբեն Վարդանյանը։ Եվ մեզ՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներիս համար կարևոր էր լսել արցախցի երիտասարդների կարծիքներն ու տեսակետները նախաձեռնության նպատակների մասին, իմանալ, թե նրանք ինչպես են պատկերացնում ու տեսնում իրենց վաղվա օրը, քանի որ «Ապագա Հայկականը» հենց նրանց ապագայի մասին է:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ