Ապրիլի 26, 2024

Անկայուն խաղաղությու՞ն, թե՞ հասունացող պատերազմ. Արցախում իրադրությունը կրկին լարված է

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 02, 2022

Թշնամու այս ակտիվացումը  լայնամասշտաբ պատերազմի չի հանգեցնի՝ կարծում է  քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։  Անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը հնարավորինս շատ տարածքներ կորզելու համար փորձում է դիմել փոքր սադրանքների մարտավարությանը, միևնույն է, մեծ պատերազմի վտանգ այսօր չկա՝ ասում է:

«Մեծ պատերազմը ձեռնտու չէ Ռուսաստանին, որովհետև նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի հիմնական երաշխավորը հենց Ռուսաստանն է: Արևմուտքին կամ Իրանին այս պահին նույնպես ձեռնտու չէ ռազմական գործողությունների վերսկսումը: Չկա որևէ արտաքին խաղացող, որի պլաններում լինի աջակցել Ադրբեջանի լայնածավալ պատերազմի մտադրությանը: Իսկ Ադրբեջանն առանց աշխարհի ուժային կենտրոնների թույլտվության հազիվ թե համարձակվի գնալ նոր պատերազմի: Երեկ պաշտոնական Բաքուն չհամարձակվեց նույնիսկ ստանձնել սադրանքի պատասխանատվությունը»:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ոչինչ չի բացառում։  Այս առումով՝ Բաքուն անկանխատեսելի  է: Մենք գործ ունենք սողացող պատերազմի հետ: Սողացող պատերազմն ու էսկալացիաները ադրբեջանական պետության որդեգրած քաղաքականությունն է, որ երեկ չէ ձևավորվել, ոչ էլ վերջին լայնամաշտաբ պատերազմից հետո: Ադրբեջանն այսպիսի քաղաքականություն է վարում, սխալ չի լինի ասել, ձևավորումից ի վեր:

«Այս քաղաքականությունը նոր չէ: Նպատակը հստակ է. և՛ Արցախում, և՛ Հայաստանում, մասնավորապես սահմանամեձ շրջաններում, հասնել հայաթափման: Ադրբեջանը նախապատրաստվում էր երեկվա սադրանքներին: Ես, ցավոք, չեմ բացառում հնարավոր նոր գործողությունները, որովհետև Ադրբեջանը մի շարք երկարաժամկետ նպատակներ ունի»:

Աշխարհաքաղաքական զարգացումներից և աշխարհի ուժային կենտրոնների զբաղված լինելուց Ադրբեջանը փորձում է առավելագույն օգուտը  քաղել: Քանի դեռ «նրանք» զբաղված են, փորձում է Արցախի հարցում  որոշակի հաջողության հասնել: Ադրբեջանը կա՛մ փորձում է Փառուխի նախադեպը կրկնել, կա՛մ փորձում է ցույց տալ արցախցիներին, որ իրենք են իրավիճակի տերը՝ ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Օրեր հետո՝ օգոստոսի 5-ին, տեղի է ունենալու Էրդողան-Պուտին երկկողմ հանդիպումը: Կողմերն անոնսավորել են հանդիպման օրակարգը․ քննարկվելու են հացահատիկային հիմնախնդիրները, Ուկրաինայի պատերազմը,  անդրադառնալու են նաև  «Բայրաքթարների» խնդրին: Սուրեն Սուրենյանցը, սակայն,  համոզված է՝  կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու  հայ-ադրբեջանական, հայ-թուրքական երկխոսությունը: Այս բոլոր իրադարձություններն անուղղակիորեն կապված են իրար հետ՝ ասում է:

«Ակտիվ պրոցեսներ են գնում, և մենք բավարար տեղեկատվություն չունենք՝ հասկանալու համար, թե  կուլիսներում ինչ է կատարվում: Որպեսզի կարողանանք հասկանալ, թե հատկապես ում են ուղղված Ադրբեջանի այս կրակոցները: Ակնհայտորեն, Ադրբեջանն այս սադրանքով ոչ միայն Արցախին կամ Հայաստանին է ինչ-որ բան հասկացնում, այլև ավելի մեծ խաղացողների նույնպես»:

Ադրբեջանագետն այս հարցում համամիտ է քաղաքագետի հետ: Այսպիսի քայլերով Ադրբեջանը  ճնշում է գործադրում՝ դիվանագիտական սեղանի շուրջ սեփական օրակարգը թելադրելու համար: Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ Ադրբեջանի գերխնդիրն այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումն է:

«Ադրբեջանը պատերազմից հետո ունի առավելություն: Նրանք դա փորձում են օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար: Ուրիշ բան է դիվանագիտական սեղանի շուրջ քննարկումները, մեկ այլ բան է այն կանխելու համար անհրաժեշտ համապատասխան բարեփոխումները: Խաղաղության ամենամեծ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է»:

Իսկ որո՞նք են Ադրբեջանի նպատակները։ Վերջերս  Բաքվից հաճախակի հնչող դժգոհությունը վերաբերում է     2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարության՝  հայկական զինուժի դուրսբերման մասին կետի չկատարմանը։ Երեկ հրադադարի խախտումներից անմիջապես հետո    Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ   Քերըն Դոնֆրիդի  հետ հեռախոսազրույցում կրկին բողոքել է․  Հայաստանը չի կատարում պայմանագրի այդ կետն ու զորքն  Արցախից դուրս չի բերում:  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն,  վերջին հարցազրույցում ասել է՝  հայկական զորքը Արցախից ամբողջությամբ դուրս է բերվելու սեպտեմբերին՝ երբ կզորացրվի Արցախում ծառայություն անցնող վերջին զինվորը: Ադրբեջանը մինչև սեպտեմբեր, անգամ, չի ուզում սպասել՝ ասում է քաղաքագետը: Երեկվա սադրանքի պատճառներից մեկն էլ սա է: Բայց, ընդհանուր առմամբ, Ադրբեջանը նման սադրանքներով ավելի գլոբալ խնդիրներ է փորձում լուծել: Օրինակ՝ կոմունիկացանների ապաշրջափակում, խաղաղության պայմանագրի ստորագրում, որոնց շուրջ, ըստ երևույթին, կան որոշ տարաձայնություններ:  Ադրբեջանը հետևողականորեն փորձում է առաջ տանել իր օրակարգը: Արցախում երեկ տեղի ունեցած սադրանքն էլ այդ նպատակին հասելու մի քայլ էր: Անկայուն խաղաղությու՞ն, թե՞ հասունացող պատերազմ. Արցախում իրադրությունը կրկին լարված է:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ