Ապրիլի 14, 2024

Ո՞ր դեպքում կարելի է քննարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը․ քաղաքագետներ

By Անի Աբաղյան Օգոստոսի 11, 2023

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման վերաբերյալ քննարկումները շարունակվում են թե՛ ներքաղաքական, թե՛` միջազգային մակարդակներում: Ադրբեջանն այդ քայլը փորձում է ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում, սակայն քաղաքագետներն ավելի հակված են այն մտքին, որ Քաշաթաղի միջանցքի փոխարեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումով Ադրբեջանը վերջնականապես կվերացնի Արցախի կապը Մայր Հայաստանի և արտաքին աշխարհի հետ: Անի Աբաղյանն է լսել փորձագետների կարծիքները:

 Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններից պարզ երևում է, որ Բաքուն շարունակում է շինարարական աշխատանքներ կատարել Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ թշնամու նպատակն է Արցախը արտաքին աշխարհին կապող ճանապարհը փոխել, ինչի մասին խոսել էր նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Շառլ Միշելը։

«Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը ինքնին ոչինչ կարող է չնշանակել։ Ամեն ինչ կախված է պայմաններից։ Եթե, օրինակ, ազատ ռեժիմով գործում են երկու ճանապարհներ և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի աշխատանքն ամբողջությամբ արցախցիներից է կախված։ Բայց Ադրբեջանն ուզում է փոխարինող ճանապարհ գտնել ու ընդմիշտ փակ պահել Լաչինի միջանցքը»։

Նման պայմաններով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումն անընդունելի է համարում քաղաքագետը։ Թշնամու նպատակներից մեկը` տարածքային առումով Արցախն Ադրբեջանին ինտեգրելն է, բայց ոչ բնակչությունը ինտեգրելը։

«Այսինքն` ուղղակի ներթափանցել Արցախ։ Օգտագործվելու են Բարդայից ու Ակնայից տրանսպորտներ։ Պետք է ինչքան հնարավոր է ճանապարհները փակ մնան ու բաց լինեն Մարտակերտ-Վարդենիս, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհները։ Ցավոք սրտի, հիմա իրավիճակը այլ է, ինչը մեծապես կախված է Հայաստանի ներկայիս իշանության գործողություններից, Ադրբեջանի գործողություններից, Թուրքիայի ռազմավարությունից և այլն, և այլն»։

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը բացասաբար է վերաբերում նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Ակնայի ճանապարհը, ադրբեջանական օրակարգով, Քաշաթաղի միջանցքի այլընտրանքային ճանապարհն է, այսինքն` արցախցիներն արտաքին աշխարհի հետ կապը պետք է այդ ճանապարհով ունենան՝ մոռանալով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մասին։

«Մենք պետք է հասկանանք մի հստակ բան․ կա Լաչինի միջանցք, գոյություն ունի ԼՂ սուբեկտայնություն: Չկա միջանցքը, չենք կարող խոսել նաև ԼՂ սուբեկտայնության մասին։ Այսինքն՝ այս պարագայում Լաչինի միջանցքը ոչ միայն հումանիտար խնդիր է լուծում, այլ` Արցախի սուբեկտայնության գլխավոր երաշխիքն է։ Ակնայի ճանապարհի մասին, եթե գոյություն չունի Լաչինի միջանցքը, ընդհանրապես պետք է դադարենք մտածել, որոտվհետև դա Ադրբեջանի ինտեգրացիայի քաղաքականության շրջանակներում է»։

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը կարելի է քննարկել այն դեպքում, երբ Քաշաթաղի միջանցքը գործի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ՝ կարծում է քաղաքագետ Սուրենյանցն ու ընդգծում։

«Կրկնում եմ՝ ոչ թե որպես այլընտրանք Քաշաթաղի միջանցքին, այլ` արտաքին աշխարհին կապող ևս մեկ հնարավորություն»։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը վերջերս այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ ու հայտարարել, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատվածը իբր բաց է բեռնափոխադրումների համար։

Օգոստոսի 9-ին էլ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, միջազգային հանրության կոնկրետ դերակատարներին հղած դիմում-ուղերձում, անդրադառնալով Ադրբեջանից այլընտրանքային ճանապարհով Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունների առաջարկին, նշել է, որ Ադրբեջանի նպատակը` Արցախում ցեղասպանական մտադրությունները քողարկելն է։

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը անհնար են համարել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մասնակիցները և որպես անհամաձայնություն՝ բետոնե արգելապատնեշներ են շարել ճանապարհին։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ