Մայիսի 03, 2024

Փոթորիկ անհողմությունից առաջ. ռազմական ագրեսիան որպես բանակցային գործիք

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 11, 2023

Այս գիշեր Ադրբեջանը հերթական անգամ սադրանքի է դիմել Հայաստանի Հանրապետության հետ շփման գծի Սոթքի հատվածում: Թեև Քարվաճառի հանձնումից հետո սոթքյան ուղղությամբ թշնամու սադրանքները նորություն չեն, սակայն դրանք ուշադրության առավել արժանի են վերջին շրջանի բանակցային գործընթացի ակտիվացման համատեքստում: Իհարկե առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը բանակցությունները զուգորդում է սահմանային էսկալացիայով: Ըստ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի` Ադրբեջանը դժգոհ է բանակցությունների արդյունքից և փորձում է նաև ռազմական ճնշման միջոցով հասնել ավելիին. «Այս պահին, ինչ-որ առումով, Իլհամ Ալիևը դժգոհ է, որ հնաևավորինս արագ չի կարողանում իր երազած փաստաթղթին հասնել և ամեն միջոցով փորձելու է ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա»: Իր հերթին՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նույնպես կարծում է, որ Ադրբեջանը բանակցելուն զուգահեռ փորձում է գետնի վրա ստանալ ավելի մեծ առավելություն. 

«Ալիևը հստակ արտահայտում է իր մարտավարությունը: Այո՝ իրենք բանակցում են, այո՝ բանակցային սեղանին փաստաթղթեր են դնում հենց նույն Լեռնային Ղարաբաղի հետ կապված՝ որ Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղից և այլն, բայց միևնույն ժամանակ Ալիևը նշում է, որ իրենք տեղում իրողություններ են ստեղծում և այդ տրամաբանությամբ են առաջնորդվում: Բնականաբար, լարումը բանակցային գործընթացի հետ որոշակիորեն կապված է, ճնշման գործոն է, բայց ընդհանուր առմամբ՝ պետք է Ադրբեջանի քաղաքականությունն ավելի ընդհանրական տեսնել: Ադրբեջանի քաղաքականությունը հետևյալն է՝ պոկել հնարավորինս շատ և հնարավորինս արագ: Եւ այդ տրամաբանության մեջ պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեթոդները: Վերջին զարգացումները, էսկալացիան, հենց դրա վառ ապացույցն են: Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով, այո, պատրաստվում է պատերազմի Հայաստանի դեմ:Հիմա մի քանի մանր, միջին չափի էսկալացիաներ կլինեն, հետո ավելի լայնամասշտաբ գործողությունների կարող է փորձել գնալ»:

 Հայրապետյանը համոզված է, որ Ադրբեջանի բռնապետն այս փուլում ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից, ինչից հետո կձգտի վերահսկողություն սահմանել Սյունիքի նկատմամբ. 

«Պետք է այդ պետության որդեգրած քաղաքականության տրամաբանությունը հասկանալ: Երբ երեկ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված ելույթում Իլհամ Ալիևը կարմիր թելի պես ասում էր «Ղարաբաղ-Զանգեզուր», դա մի պարզ բան է ցույց տալիս, որ եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվեն Արցախից, թիրախում հայտնվելու է Սյունիքը: Սյունիքն արդեն թիրախում է, բայց դրանից հետո Ադրբեջանն ավելի ինտենսիվ գործողությունների ու քայլերի կարող է պատրաստ լինել: Արդյոք լարված կմնա՞ իրավիճակը, ես կարծում եմ միջնորդական ջանքերից է կախված: Եթե որոշ միջնորդներ փորձեն դադարեցնել կամ թույլ չտալ, կարող է այդ լարվածությունը նվազել: Բայց կրկնում եմ՝ երկարաժամկետ առումով պետք է այդ պետության քաղաքականությունը հասկանալ: Օկուպացված Քարվաճառն այսօր դարձել է ռազմականացված գոտի՝ Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների համար, և վերլուծություններ անելիս մենք պետք է հաշվի առնենք այս իրողությունները»: 

Բանակցությունները, իհարկե, կարևոր են, բայց պատմությունը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ ամբողջատիրական վարչակարգերը ոչ միայն չեն կշտանում ստացած զիջումներով, այլև` միայն ավելի են սովագնում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ