Ապրիլի 27, 2024

ԱԺ-ը դիմել է ՄԱԿ` Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու պահանջով

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 21, 2023

ԱՀ ԱԺ-ն այսօր, պատգամավորների նախաձեռնությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: ԱԺ-ը դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը` Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Վիկտորյա Սարգսյանն է ներկա եղել նիստին:

Արտահերթ նստաշրջանը գումարվել է օրակարգային մեկ` ԱԺ-ի բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված` ԱԺ-ի ուղերձ ընդունելու հարցով: Այն հասցեագրված էր Հայաստանի Հանրապետությանը և Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների:

Նախ Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղերձով դիմել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան:

«Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև: Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը: Անհապաղ միջոցներ ձեռնարկեք, մենք հավատում ենք ձեզ»:

ԱԺ-ի ուղերձը ներկայացրել է «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը:

2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ Ասվածի փաստական ապացույցներն են Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմի ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, այդ ամենի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձևով արձանագրումները:

Հիմք ընդունելով այդ ամենը, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը՝

«Անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ»։

Հավատարիմ լինելով ՄԱԿ կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում ՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ` նշել է Մարսել Պետրոսյանը` ներկայացնելով ԱԺ կոչը Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին:

«Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»:

Այսպիսով, ԱԺ-ն անհրաժեշտ է համարում, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատ տրվի: Մարսել Պետրոսյանը նշում է, որ սա ստեղծված իրավիճակում ամենաօպտիմալ լուծումը կլինի:

ԱՀ ԱԺ-ն ուղերձը ընդունվել է 31 կողմ ձայնով:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ