Ապրիլի 27, 2024

ԱՀ նախագահը հարցազրույց կտա ԱՀ հեռուստատեսությանը

By Արցախ լրատվական Օգոստոսի 01, 2023

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունն օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում:
«Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում»,-գրել է նախագահը՝ նշելով,որ մի քանի օրից բացառիկ հարցազրույց է տալու Արցախի հանրային հեռուստատեսությանը՝ հնարավորինս բաց կերպով ներկայացնելու իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները:Այնուհետև, նախագահը բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կունենա խորհրդակցություններ՝ անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում: Մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները և գտնելու լուծումներ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրավվածություն ու երաշխիքներ»,-գրել է նախագահ Հարությունյանը:

Last modified on Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2023 12:05
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ