Մայիսի 04, 2024

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չպետք է բացվի․ ադրբեջանագետ

By Անի Աբաղյան Օգոստոսի 09, 2023

Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը տեղեկատվական դաշտ է ներգցում Ստեփանակերտ-Ակնա ճանապարհի բացման, այդ ճանապարհով մարդկանց ու բեռների տեղափոխման թեման։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվում են լուրեր նաև այդ ճանապարհի ասֆալտապատման, սահմանապահների և ոստիկանների տեղակայման մասին։ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացման ռիսկերի, վտանգների ու նշանակության մասին խոսել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

 Լուրերն այն մասին, թե Ադրբեջանը շինարարական աշխատանքներ է տանում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, ոստիկանական կետեր է տեղադրում` համապատասխանում է իրականությանը, կարծում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Ճանապարհի գործարկման մասին թվիթերում ու սոցիալական այլ կայքերում խոսում են ադրբեջանցի մի շարք քաղաքական գործիչները։ Քաշաթաղի միջանցքի արգելափակումից ու ապօրինի անցակետը տեղադրելուց հետո թշնամին բացահայտ օրակարգ է մտցրել Ակնայի ճանապարհը բացելու և մարդկանց, մեքենաների տեղաշարժը սկսելու վերաբերյալ։

«Ադրբեջանի նպատակը Արցախը ամբողջությամբ կախման մեջ առնելն է, որպեսզի Արցախի կապը Հայաստանի հետ առհասարակ ընդհատվի ու Արցախը ամբողջությամբ կախման մեջ լինի Ադրբեջանից։ Բնականաբար, դրանից հետո մի քանի հետևանք է ունենալու»։

Ադրբեջանը ձգտում է Արցախի լիակատար ուծացմանը, իսկ այդ նպատակով նախ պետք է թե՛ առևտրային, թե՛ տնտեսական ու հասարակական հարաբերությունների մակարդակով կլանել Արցախը։ Բայց այսօր շրջափակման պայմաններում, տեսնելով թշնամու ցեղասպան քաղաքականությունը, ենթադրելի է՝ ինչ գործողություններ կհաջորդեն այդ ճանապարհը բացելուց հետո։ Ադրբեջանագետն է ներկայացնում օրինակները։

«Ադրբեջանը, միջազգային որևէ մեխանիզմի ներքո չի գնա արցախցիների իրավունքների, անվտանգության և այլ թեմաների շուրջ քննարկման, ուղղակի կհրաժարվի, քանի որ կախվածությունը այդ դեպքում հսկայական է և Ադրբեջանը կասի՝ ես եմ այստեղ հարց լուծում»։

Բացի այդ, Ակնայից ճանապարհի բացումը մեծ ռիսկեր է պարունակում նաև արցախյան պատերազմների այն մասնակիցների համար, ովքեր կանցնեն այդ ճանապարհով։ Վառ օրինակ է օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, ով մինչ օրս գերության մեջ է։ Եթե Ակնայից ճանապարհը բացվի, այդ ճակատագրին կարժանանան Արցախում ապրող գրեթե բոլոր տղամարդիկ։

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանը մեծ հաճույքով կանի դա, քանի որ վրեժի և արցախցիներին պատժելու ցանկությունը մեծ է, ինչի ապացույցը` 241 օր շարունակվող շրջափակումն է։

«Հենց երեկ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցում հստակ նշել է, որ «Եթե դուք սոված եք, դուք իրավունք չունեք մեզ պայմաններ թելադրելու»։ Այսիքն՝ այդ հարցազրույցում նա ուղիղ տեքստով խոստովանեց, որ իրենք սոված են պահում Արցախում ապրող հայերին, որպեսզի այդ հայերը ենթարկվեն իրենց պայմաններին»։

Այս վտանգները հաշվի առնելով է, որ հայկական կողմը պետք է մտածի միայն Քաշաթաղի միջանցքը ապաարգելափակելու շուրջ։ Հակառակ դեպքում` Ադրբեջանն սկսելու է Արցախի ամբողջական կլանման գործընթացը, այսինքն՝ պետության ու պետականության քայքայումը։ Բացի դրանից, առավել խիստ ռեժիմով կսկսվեն մարդկանց ձերբակալությունները, անհիմն պատիժները։

Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացման մասին կարելի է խոսել միայն Քաշաթաղի միջանցքով երթևեկությունը վերականգնվելուց հետո, որը բացառապես քաղաքական հարց է։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ