Ապրիլի 27, 2024

Ստեփանակերտ-Ակնա ճանապարհի դիսկուրս կամ Ադրբեջանի հեռահար քաղաքականության իրական նպատակները

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 11, 2023

Երբ տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը, հայտնի է, թե ինչ նպատակներով, իր իսկ կողմից սովահար արվող արցախցիներին` չակերտավոր հումանիտար օգնություն է բերում Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով, Արցախի հայերը փակեցին Ակնայից Ասկերան մտնող ճանապարհը՝ մերժելով ադրբեջանական բեռների մուտքը: Այդ օրվանից, հիմնականում ասկերանցիներ, բայց նաև Արցախի այլ վայրերից քաղաքացիներ, շուրջօրյա հերթապահություն են անցկացնում այնտեղ։ Սրբուհի Վանյանի ռեպորտաժը։

Ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարները, առաջին հերթին այդ մարդկանց արժանապատվության գիտակցումից, համառությունից ու Ադրբեջանի՝ հեռուն գնացող քաղաքական նպատակների գիտակցումից ելնելով, Ասկերան չմտան։

Մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանություններն են Կարմիր խաչի խողովակներով մեկ բեռնատար հումանիտար օգնություն ուղարկել՝ Ադրբեջանի տարածքով։ Վերլուծաբանները ենթադրում են, որ Արցախի իշխանությունները թույլ կտան, որ ռուսական ապրանքներն Ակնայից մտնեն Արցախ: Դրանից հետո Ադրբեջանը հավանաբար խոստացել է բացել Քաշաթաղի միջանցքը:

Տեղեկությունը միանշանակ չընդունվեց և լարվածության նոր ալիք բարձրացավ։ Մի խումբ ակտիվ քաղաքացիներ ուժեղացրին հսկողությունն այդ տարածքում, հաստատակամություն հայնելով, որ ոչ մի մեքենա, նույնիսկ` հումանիտար բեռով, այդ ճանապարհով չեն ընդունելու։ Եվ մինչ արցախցիները նման տրամադրվածությամբ հսկում էին Ստեփանակերտ-Ակնա ճանապարհը՝ Ասկերանի մուտքի մոտ, տեղեկատվություն եղավ, որ ռուսական բեռը կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և անգամ չի հասել Ակնա։ Ի՞նչ է կատարվել․

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է մեկնաբանում։

«Ադրբեջանական մեդիատիրույթից ու տարբեր պաշտոնյաների հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը որոշել է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, որը ենթադրում է, որ ՌԴ-ում բեռնված այդ բեռնատարը պետք է գա ու Աղդամի ճանապարհով մտնի Արցախ: Դրանից հետո Ադրբեջանը հավանաբար խոստացել է բացել Լաչինի միջանցքը»:

«Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է, վստահորեն առաջարկվել է ռուսական կողմից ու ընդունվել Ադրբեջանի ու Արցախի կողմից», ադրբեջանագետն այս կարծիքին է։ Փաստացի, Արցախը չի ընդունում ադրբեջանական ապրանք, ներս չի թողնում իրենց Կարմիր մահիկի կազմակերպությանը, բայց արգելապատնեշները քաշում են ռուսաստանյան Կարմիր խաչի ու ՌԴ-ից` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքից եկող ապրանքների համար: Ադրբեջանը դա համարում է ձեռքբերում, Արցախն էլ ցույց է տալիս, որ հավատարիմ մնաց իր՝ ադրբեջանական ապրանք չընդունելու դիրքորոշմանը։

«Ադրբեջանական տարբեր լրատվակայքեր գրում էին, որ սա ընդամենը ԿԽՄԿ համար է բացվում, և վերահսկողությունը շատ խիստ է լինելու»։ 

Բայց կբացվի՞ արդյոք Քաշաթաղի միջանցքը, ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, և արդոք կպահվե՞ն այդ պայմանավորվածությունները՝ առաջին հերթին Ադրբեջանի կողմից։ Որոշ հայտարարություններ Ադրբեջանի կողմից արդեն իսկ արվել են այն մասին, թե Ակնայով ռուսական բեռի ընդունումն առանձին պայմանավորվածություն է և կապ չունի Քաշաթաղի միջանցքի շուրջ պայմանվորվածությունների հետ։ Ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակումներ են եղել նաև, որ ռուսական բեռի մուտքին Արցախ հաջորդելու է նաև` ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների մուտքը։

«Իմ տպավորությամբ, ադրբեջանական կողմը որոշել է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից ռուսական բեռների մուտքի ու Լաչինի բացման հետ կապված՝ տեղեկատվական տիրույթում մեղքը բարդելով արցախյան կողմի վրա` նշելով, որ մարդիկ հավաքվել են Ասկերանում, որ ներս չթողնեն մեքենան», ասում է Տաթևիկ Հայրապետյանը։

«Հիքմեդ Հաջիևը թվիթերում գրառումը, որ դա ընդամենը բարի ժեստ է իբրև, և նախկին պայմանավորվածությունը Լաչինի միջանցքի հետ կբացվի միայն Աղդամի ճանապարհը բացվելուն զուգահեռ, մնում է ուժի մեջ, հիմք է տալիս ենթադրելու, որ իրենք փորձում են չեղարկել այդ պայմանվորվածությունը։

Այն, որ բեռը կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում, և անգամ չի հասել Ակնա, ադրբեջանագետը տեղեկատվական շղարշ է համարում։ Եթե ադրբեջանական կողմն իրոք հրաժարվում է պայնանավորվածությունից, Արցախում հստակ պետք է խոսեն դրա մասին ու թույլ չտան հակառակ տպավորությունն ստեղծել։ Ադրբեջանը, շղարշելով իր հանցավոր մտադրությունները, հետագայում իր վտանգավոր ագրեսիվ քայլերը կարող է արդարացնել` Ակնայից մատակարարումների առկայությամբ։ Ճիշտը` դա ժամանակին ու արագ կանխելն է, ասում է։

«Մեղավորությունը ուզում են բարդել Արցախի իշխանությունների վրա։ Խնդիրը բարդ է, ոչ միանշանակ, ակնհայտ է, որ Արցախի իշխանություններն ինչ որ առումով փորձում են զիջման գնալ իրավիճակը դեէսկալացնելու և հումանիտար աղետը կանխելու համար»։

Իշխանությունների զիջման գնալու քայլը չի ընկալում նաև հանրության մի ստվար մաս, ով այս պահին հերթապահում է Ասկերանի մատույցներում։ Իշխանության ներկայացուցիչները եղել են այստեղ և փորձել համոզել՝ բացել ճանապարհը և ներս թողնել ռուսական բեռով մեքենան՝ վկայում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին հերթապահողները։ Վերջիններիս և իշխանության մոտեցումն այս հարցում տարբերվում է։ Տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանության աշխատակիցներն էլ իրավիճակը վերահսկողության տակ են պահում։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը ներկայացնում է, թե այս պահին Ասկերանի մուտքի մոտ ինչ իրավիճակ է։

«Շատերն էին ուզում գալ, ուղղակի տրանսպորտի հետ խնդիրներ կան, կարիք էլ չկա գալու այդքան։ Հերթապահություն է իրականացվում, զուգահեռ իրենց ծառայությունն են իրականացնում Ոստիկանության աշխատակիցները»։

Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը երեկ հայտարարել է, որ «վաղը կապահովվի ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքը Աղդամ, այնտեղից էլ՝ Ասկերան»: Հանրության մեջ էլ ասեկոսեներ են շրջանառվում, որ այսպես ասած հումանիտար բեռով ռուսական մեքենա է մտել Արցախ։ Այդ տեղեկատվությունը հերքվել է ինչպես հերթապահություն իրականացնող մի քանի անձանց, այնպես էլ` Հայկ Շամիրյանի կողմից։

«Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ակնայի կողմից դեպի Ասկերան ռուսական, առավել ևս ադրբեջանական նման բեռնատար մեքենա չի անցել»։

Ինչ վերաբերում է իշխանությունների առաջարկին, այս մասին Ասկերանի քաղաքապետն ասում է․

«Ռուսական կողմից առաջ քաշված առաջարկներ են եղել փոխգործակցության, ճանապարհի բացման դիմաց, փուլային տարբերակով Լաչինի միջանցքի բացում։ Ներկա պահին այդ առաջարկները դեռ չեն իրականացվել»։

Հանրության մեջ` Ակնայով ռուսական բեռի ընդունման հետ կապված կարծիքները միանշանակ չեն․ կան տարակարծություններ․ մի մասը համոզված է, որ Ակնայով ոչ մեկի ուղարկած, այդ թվում` հումանիտար բեռներ, չպետք է ընդունել, քանի որ գոյություն ունի իրավական կարգավիճակ ունեցող միակ ճանապարհը՝ Քաշաթաղի միջանցքը, որտեղով Արցախ մուտք գործելու համար արտոնության են սպասում արդեն ուղարկված հայկական ու ֆրանսիական բեռները, և բոլոր ցանկացողները հենց այդտեղով պիտի իրենց հումանիտար առաքելությունն իրականացնեն։ Մի մասը կողմ է, որ ռուսական մեքենան բաց թողնեն։ Առողջ քննարկումներ են տեղի ունենում, ասում է քաղաքապետը, բայց որ ադրբեջանական բեռների մուտքն անթույլատրելի է՝ այս մասով երկրորդ կարծիք չկա:

Last modified on Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 14:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ