Մայիսի 02, 2024

Արցախից տարհանվում են հեմոդիալիզ ստացող հիվանդները

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 15, 2023

Արցախի առողջապահական համակարգը օրեցօր ավելի ծանր խնդիրների է բախվում: Անհրաժեշտ բժշկական պարագաների աճող սղության պատճառով մահից խուսափելու նպատակով Արցախից տարհանվում են հեմոդիալիզ ստացող հիվանդները: ԿԽՄԿ-ն այսօր առավոտյան ևս 10 բուժառու է տեղափոխել ՀՀ:

 Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սղությամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հեմոդիալիզ ստացող հիվանդներին տարհանելու դեպի ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Համակարգն ստիպված է գնում այս քայլին, քանի որ շուրջ երկու շաբաթվա ընթացքում կսպառվեն հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները` ասում է ՀԲԿ-ի հեմոդիալիզի բաժնի վարիչ Քրիստինա Ավագիմյանը:

«Մենք ստիպված ենք մեր բուժառուներին տարհանել Երևան, հույս ունենք` ժամանակավոր: Այսօր արդեն հիվանդների 3-րդ խումբն է ուղարկվել` 10 հոգի: Ցավոք, կան հիվանդներ, որոնք, ընտանեկան պայմաններից ելնելով, չեն կարող գնալ բուժման: Ստիպված ենք նրանց բուժումն ինչ-որ կերպ կազմակերպել այստեղ»:

Գարիկ Անտոնյանն արդեն 6 տարի ստանում է հեմոդիալիզ: Առողջական այլ խնդիր էլ ունի` շաքարային դիաբետ: Շատ թուլ լինելու պատճառով խոսել չի կարողնում: Կինը` Նինա Բադունցը պատմում է` շաբաթական երեք անգամ ստիպված էին Մարտակերտից հասնել Ստեփանակերտ` հեմոդիալիզ ստանալու համար:

«Բժիշկները մեզ ասել են, որ դեղերը շատ քիչ են ու բուժումն այլևս հնարավոր չէ այստեղ շարունակել: Շաբաթական 3 անգամ էինք գալիս, հետո դեղերի սղության պատճառով սկսեցինք 2 անգամ գալ: Քանի որ մենք Ստեփանակերտից չենք ու շատ հաճախ էլ վառելիք չի լինում, չենք կարողանում գալ: Ու սա նույնպես շատ վտանգավոր է առողջության համար: Այսքան խնդիրների դեմ պայքարել արդեն շատ դժվար է, ինչի պատճառով էլ ստիպված գնում ենք»:

Դեղորդայքի խիստ սղության պատճառով հեմոդիալիզի բաժանմունքը խնայողական ռեժիմի է անցել: Եթե նախկինում բուժառուները շաբաթական 3 անգամ էին հեմոդիալիզ ստանում, այժմ ստիպված են 2 անգամ ստանալ: Սա, իհարկե, անդրադառնում է նրանց առողջության վրա, ասում է բաժնի վարիչ Քրիստինա Ավագիմյանը:

«Ցավոք, երկու հիվանդ արդեն վերակենդանացման բաժանմունքում են: Խնայողական ռեժիմը մեծ ազդեցություն է թողնում հիվանդների առողջության վրա: Դժվար ենք եկել այս որոշման, բայց հիվանդների առողջությունն առաջնային է»:

Բացի հիվանդների տեղափոխումից, ԱՆ-ը հոգացել է նաև նրանց սննդի և կեցության խնդիրները:

«Կազմակերպվել է նրանց կեցությունը հյուրատներում, նաև սննդի հարցը: Մենք նաև ամենօրյա կապի մեջ ենք մեր հայաստանյան գործընկերների հետ և ամեն ինչ հսկողության տակ է»:

Ընդհանուր առմամբ` 31 բուժառու է տարհանվել: 10 բուժառու հրաժարվել է տեղափոխվել ՀՀ: Պատճառները տարբեր են: Նրանց բուժումը տեղում հնարավոր է շարունակել ընդամենը 2 շաբաթ:

Last modified on Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023 13:39
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ