Ապրիլի 28, 2024

Հացի խնդիր․ կառավարությունն առաջարկում է կտրոնային համակարգ

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 04, 2023

Ստեփանակերտում մեկնարկել է հացի գնման համար կտրոնների տրամադրումը։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն արդեն հրապարակել է դրանց տրամադրման կարգը։
Հացի տրամադրման կտրոնային համակարգի ներդրումը հանրային պահանջ է․ մարդիկ հոգնել են օրերը հացի հերթերում անցկացնելուց և պահանջում էին կառավարությունից մշակել մեխանիզմ՝ առկա խնդիրը կարգավորելու նպատակով։ Միաժամանակ կար մտավախություն, որ այդ կտրոնները ևս կարժանանան պարենի բաշխման համար մինչ այդ տրամադրված կտրոնների ճակատագրին։ Սրբուհի Վանյանն այցելել է կտրոնների տրամադրման կետերից մեկը, լսել բնակիչների կարծիքները։

Ստեփանակերտի մի քանի դպրոցներում այսօրվանից կազմակերպվել է հացի գնման համար նախատեսված կտրոնների տրամադրման գործընթաց։ 7-րդ դպրոցում տեղակայված՝ կտրոնների տրամադրման կետում մարդիկ հերթ են պահում առավոտյան ժամը 6:00-ից։ Շատերը՝ կրկին զայրացած, դժգոհ։ Դժգոհությունն ստեղծված իրավիճակի առնչությամբ է, բայց այս անգամ արտահայտվում է հացի կտրոնների հերթում։ Ներկայանալ չեն ուզում, մեզ նմանները հազարավորներ են, ասում են, ի՞նչ ներկայանանք։

«Ես ռուսերեն եմ խոսելու։ Ինչ որ՝ 500-րդ համարն եմ, և ահա արդեն 4 ժամ է, նստած ենք այստեղ, առանց հույսի, որ կարողանալու եմ այսօր ստանալ դրանք, քանի որ խոսակցություններ են գնում, որ բոլորին չի հասնելու։ Իսկ ընդհանուր առմամաբ, ես ուզում եմ մի երկու խոսք ասել․ մեր կառավարությունը, և նախկին, և ապագա, ձեռ են առնում մեզ՝ դժբախտ Ղարաբաղի կամ Արցախի ժողովրդին։ Հերիք է։ Հերիք է մեր դժբախտությունների, մեր առողջության ու նյարդերի հաշվին ապրեն»։ 

Հերթերում առկա իրավիճակի, մարդկանց հոգեբանական, սոցիալական վիճակի մասին վրդովված խոսում է հերթում կանգնած մյուս քաղաքացին․

«Նոր ինչ որ մեկն այստեղ ուշաթափվեց։ Ասում էր, որ 4 օր է՝ հաց չի ուտում, շտապօգնության մեքենան տարավ՝ անգիտակից, հյուծված վիճակում։ Ինչքան կարող է դա շարունակվել։ Հերիք է, վերջ տան, մեղք է այս ժողովուրդը։ Թող կառավարությունը դուրս գա ու ասի՝ սրա վերջը որտեղ է, չի երևում։

Այն, որ այս օրերին այսպիսի հերթեր են գոյանում հացի արտադրամասերում, բնակչությունը կառավարման բացթողում է համարում։ Այո, հասկանում ենք որ կա խնդիր, որ կա հացամթերքի սղություն, բայց եղած ռեսուրսը կարելի է կազմակերպել այնպես, որ այսպիսի իրավիճակներ չառաջանան, ասում են նրանք՝ առաջարկելով․

«Ամբողջ քաղաքը դպրոցներ են, բոլոր դպրոցներում կետեր բացեին։ Որպեսզի նման հերթեր չլինեն։ Առավոտյան 6-ից նստած ենք»։ 

Այսօրվանից տրամադրվում են հացի կտրոնները, վաղվանից բնակչությունը սահմանված կարգով կարող է հաց ձեռք բերել։ Կառավարությունը փորձում է խնդիրը մեղմել․ 7-րդ դպրոցում տեղակայված կետում կտրոնների տրամադրումն ընթանում է հարթ, առանց որևէ դժգոհության ու միջադեպի։ Մենք իրազեկել ենք, որ մինչև էլեկտրաէներգիայի՝ գրաֆիկով անջատումը ի վիճակի ենք լինելու սպասարկել 150 մարդու, մնացածները կարող են ներկայանալ երկու ժամից, տեղեկացնում է աշխատակիցը։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տանում է տեղեկատվական աշխատանք՝ հնարավոր հերթերից ու խնդիրներից խուսափելու համար։ Պարզաբանում է տվել նաև սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։

«Ստեփանակերտ քաղաքում կա ալյուրի, հետևաբար և՝ հացի խնդիր, ինչից ելնելով որոշում է կայացվել վաղվանից մտցնել կտրոնային համակարգ՝ հացի գնման համար։ Յուրաքանչյուր կտրոն ունի իր համարը և ենթահամարը։ Այստեղ կարևոր է կտրոնի համարը և կապված ալյուրի պաշարների , կտրոնների տեղափոխման հետ, սոցապ նախարարաությունը յուրաքանչյուր օր տեղեկատվության միջոցներով տեղեկացնելու է, թե որ համարի կտրոնը որ օրն է իրացվելու»։

Օրվա կտրոնների սպառումից հետո կմշակվի նոր համակարգ, տեղեկացրել է նախարարը, այդ թեմայով քննարկումներ դեռ կլինեն՝ ընտրելու առավել հարմար տարբերակը։ «Կարելի է այնպես անել, որ նման հերթեր չգոյանան», համոզված են քաղաքացիները։

«Պաշտոնյաներից կա՞ մեկը հերթերում։ Աղի կգ-ը 2500 դրամ է, որտե՞ղ եք տեսել նման գներ։ Երբ թոշակն ընդամենը 60 հազ դրամ է։ Առաջին պատերազմի ժամանակ ավելի վատ վիճակ էր, նկուղներում էինք, բայց այսպիսի գներ չկային։ Չկար այսպիսի իրավիճակ։ Հացի փուռերում էլ ծանոթով են հաց տալիս, թող վերահսկողություն անեն։ Սա հատուկ է արվում»։ 

Քաղաքացիներին մտահոգող հարցերը շատ են, անվտանգայինն ու հացը՝ առաջին տեղում են։ Կառավարությունը փորձում է լուծել հացի խնդիրը՝ կարճաժամկետ կտրվածքով։ Մեկ անձը կտրոնով կարող է ստանալ օրական 200 գրամ հաց։ 21-րդ դարում։ Իսկ «հաց»-ի ու մեր միջև մի կամուրջ է ընդամենը՝ Հակարիի կամուրջը, որտեղ աշխարհի հզորները աշխարհաքաղաքական հարցեր են լուծում, արցախցիների սոված հայացքների առջև։

Last modified on Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2023 16:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ