Մայիսի 18, 2024

Ի՞նչ պայմաններում է գործում Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը

By Անի Աբաղյան Հունվարի 11, 2022
Ի՞նչ պայմաններում է գործում Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը Artsakhpress
Արցախյան առաջին պատերազմից հետո Ստեփանակերտում բացվեց առաջին ու մինչ օրս միակ վերականգնողական կենտրոնը, որը սկզբնական շրջանում գործում էր միայն պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամների համար: Կարճ ժամանակ անց կենտրոնն ընդլայնեց իր հնարավորությունները՝ պատմում է տնօրեն Վարդան Թադևոսյանը:
 
«Մենք հնարավորություն ստեղծեցինք ընդունելու նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, որոնց թվում կան երեխաներ, երիտասարդներ ու տարեցներ»:
 
Մինչ Արցախյան երրորդ պատերազմը կենտրոնում բուժում էին ստանում տարեկան մոտ 1000 քաղաքացի, հիմա շահառուների թիվը հասկանալի ցավոտ պատճառով ավելացել է: Զինվորներին արագ ոտքի կանգնեցնելու գաղափարը ավելի կենտրոնացրեց տարբեր կազմակերպությունների ու բարերարների ուշադրությունը:
 
«Հայաստան հիմնադրամի օգնությամբ մենք փոխեցինք կենտրոնի արտաքին պատուհաններն ու ներսի դռները, ԿԽՄԿ-ի շնորհիվ բնաշենքում ձեռք բերեցինք աստիճանավանդակն ու անվաաթոռների համար նախատեսված թեքակը»:
 
Նոր սարքավորումներից գործադիր տնօրենը առանձնացնում է 8 արևային ջրատաքացուցիչները, որոնք ձմեռային եղանակին անհրաժեշտություն են կենտրոնում բնականոն աշխատանքը կազմակերպելու համար:Վերանորոգման աշխատանքներ տարվում են նախորդ դեկտեմբերից: Շուրջ մեկ տարվա ընթացքում այդ աշխատանքներին զուգահեռ կենտրոնը շարունակում էր սպասարկել շահառուներին:
 
«Չնայած այդ աշխատանքները խանգարում էին մեր աշխատանքին, բայց մենք բուժել ենք մոտ 180 զինվորների, և ավելի քան 1000 բնակչի»:
 
Վարդան Թադևոսյանի խոսքով՝ 2021 թվականը վերականգնողական կենտրոնի համար վերականգնման տարի է եղել: Նոր սարքավորումներից բացի՝ կենտրոնի գլխավոր ձեռքբերումներից է ամբուլատոր նոր բաժանմունքը: Կենտրոնը նոր աջակցություն է ստացել, և մոտ ժամանակներս կսկսեն կենտրոնին կից ևս մեկ ամբուլատոր բաժանմունքի շինարարական աշխատանքները: 2022 թվականին նախատեսում են վերանորոգել նաև աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված էրգոթերապիայի սենյակը:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ