Մայիսի 18, 2024

Որտե՞ղ են գտնվում Արցախի բանտարկյալները

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 13, 2022

Արցախի միակ բանտը գտնվում էր Շուշիում։ Կառույցը օկուպացվել է, իսկ որտե՞ղ են բանտարկյալները։ 2020թ․ պատերազմից հետո նրանք տեղափոխվել են  Նուբարաշեն, Սևան, Գորիս և Հայաստանի այլ քրեակատարողական հիմնարկներ։  Այդ հիմնարկները վերջին տարիների ընթացքում բարելավել են իրենց պայմանները՝ պատմում է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ 

«Նախկինում այս խնդիրը լուրջ էր, կալանավայրերը կարգի բերված չէին, նորմալ պայմաններ չկային, ընդհանրապես չէր ջեռուցվում։ Բայց հիմա, բարեբախտաբար, այս խնդիրները լուծված են, հատկապես վերջին տարիներին այս առումով դրական միտում կա»։ 

Իսկ ի՞նչ պայմաններ ուներ Շուշիի քրեակատարողական հիմնարկը։ Հունան Թադևոսյանի խոսքով՝ այն հարմարեցված էր բանտարկյալների կարիքների բավարարմանը։ 

«Շուշիի քրեակատարողական հիմնարկը հարմարեցված էր, այն կառուցվել է հենց՝ որպես քրեակատարողական հիմնարկ։ Կային բոլոր պայմանները, համենայն դեպս, կար սանհանգույց, լոգասենյակ, կային քնելու համար նախատեսված հարմար պայմաններ։ Արվել է մաքսիմալը, որպեսզի կալանավորներն ունենան հարմար պայմաններ, մտածել ենք նրանց առողջության մասին»։ 

Բանտարկյալներն ունեին բուժօգնություն ստանալու հնարավորություն, բանտում գործում էր բժշկական ծառայություն, իսկ անհրաժեշտության դեպքում, երբ բանտարկյալները հավելյալ օգնության կարիք էին ունենում, նրանց տեղափոխում էին Հանրապետական բժշկական կենտրոն կամ այլ բուժհաստատություններ։ Կալանքը բանտարկյալին ուղղվելու հնարավորություն է տալիս։ Հարցին, թե ինչ քայլեր էին ձեռնարկվում այս առումով՝ Հունան Թադևոսյանը պատասխանում է։ 

«Յուրաքանչյուր կալանավորի հետ և՛ անհատական, և՛ խմբովին, աշխատանքներ էին տարվում՝ կազմակերպվում էին հանդիպումներ հոգեբանների հետ, հոգևորականների հետ։ Մեր նպատակն էր, որպեսզի յուրաքանչյուր կալանավոր ազատություն ստանալուց հետո լինի վերափոխված, և, բարեբախտաբար, այս առումով ունենք դրական տեղաշարժեր, և շատ կալանավորներ ուղղիչ աշխատանքների շնորհիվ դարձի էին գալիս»։

Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերին, երբ վտանգված էր նաև բերդաքաղաքի ճակատագիրը, Արցախի միակ կալանավայրը ևս տարհանվեց։   

«Հոկտեմբերի 31-ին, երբ իրավիճակն արդեն բարդ էր, և հրթիռակոծվում էր նաև Շուշին, Արցախի Հանրապետության ոստիկանությունը և քրեակատարողական հիմնարկի պատասխանատուները տարհանեցին այնտեղ գտնվող ձերբակալվածներին դեպի ՀՀ կալանավայրեր, և այժմ էլ կալանավորները գտնվում են Հայաստանում՝ տարբեր կալանավայրերում»։

 Համապատասխան մարմինները պարբերաբար այցելում են Արցախի բանտարկյալներին՝ ասում է զրուցակիցս։ 

«Քանի որ նրանք Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, Արցախի Հանրապետության Ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետությունում ԱՀ ոստիկանության ներկայացուցիչը պարբերաբար այցեր են կատարում, տեղեկություններ իմանում նրանց պահման վայրի մասին և բոլոր հուզող հարցերին տեղում լուծում են տալիս»։

 Այսօր Արցախում կալանավայր չկա։ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում նախատեսվում է կառուցել նոր բանտ։ Բանտի կառուցման նախագիծը ընթացքի մեջ է՝ ասում է Հունան Թադևոսյանը, աշխատանքների մեկնարկը կտրվի այս կամ հաջորդ տարվա ընթացքում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ