Մայիսի 18, 2024

Ինչպե՞ս են հանրապետությունում իրականացվում ձնմաքրման աշխատանքները

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 18, 2022

Հանրապետությունում տեղացել է առաջին առատ ձյունը, որի պատճառով կարճ ժամանակ փակ էին ներպետական ճանապարհները։ Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտարարություն էր տարածել, այսօր արդեն բոլոր ճանապարհները բաց են։ Նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանն է մանրամասնում. 

««Արցախուղի» ՓԲԸ կողմից Ստեփանակերտ-Դրմբոն, Գետավան-Դրմբոն-Մարտունի, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհների տարբեր հատվածներում կատարվել են աղցանման աշխատանքներ, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական մայրուղու որոշ հատվածներում ևս իրականացվել են աղցանման աշխատանքներ»։

 Ձնմաքրման աշխատանքները սկսվել են տեղումներին զուգընթաց՝ ասում է Սանմաքրում ՀՈԱԿ-ի տնօրեն Եղիշե Մանգասարյանը։ Աշխատանքներն այսօր էլ շարունակվում են։ 

«Աշխատանքն ընթանում է բնակակոն հունով, մաքրման տեխնիկանների հետ խնդիր չունենք, ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձյունը մաքրելու համար։ Լավ է աշխատում նաև կոլեկտիվը»։

 Մայրաքաղաքում իրավիճակը մի քիչ ուրիշ է, քաղաքացիներին անհանգստացնում է հիմնականում մայթերի վիճակը։ Արևը հեշտացնում է իրավիճակը, բայց ոչ արևկող մայթերին մերկասառույց է։ Քաղաքացիները մտահոգված են երեխաների համար, բողոքում են․ 

«Դպրոցը Ուլուբաբյան փողոցում է, երեխաները դպրոց են գնում, 3 թոռնիկներս դպրոց են գնում, այնտեղ մի հատված կա՝ դեպի վեր այս պահին էլ սառցակալած է»։

 Բողոքում են նաև 5-րդ դպրոց հաճախող աշակերտների ծնողները։ Արմենավան թաղամասի բնակիչներից մեկն է դժգոհում, որ համապատասխան մարմինները ավելի շատ ուշադրություն են դարձնում գլխավոր փողոցներին։ Բարձր է գնահատում նրանց աշխատանքը, բայց որպես ծնող խնդրում է նաև ուշադրություն դարձնել դպրոց տանող մայթերին։ 

«Ընդնանուր ճանապարհը մաքուր է, մեքենաներն ուժեղ են վարում, իսկ երեխաները մայթի սառույցի առկայության պատճառով ընդհանուր ճանապարհով են քայլում։ Կարծես թե ուշադրություն է դարձվում միայն ավտոճանապարհներին, բնական է, առաջնայինը ընդհանուր ճանապարհներն են,  բայց պետք է  հատուկ ուշադրություն դարձնել դպրոց տանող մայթերին՝ ապահովելով հետիոտնի անվտանգ տեղաշարժը։ Նման եղանակներին միշտ չի հաջողվում աշխատանքից հարցնել ու երեխային տուն ուղեկցել»։

 Սանմաքրում ՀՈԱԿ-ի տնօրեն Եղիշե Մանգասարյանը հերքում է քաղաքացիների փաստարկներն՝ ասելով, որ մաքրված կամ աղապատված են մայրաքաղաքի բոլոր փողոցներն ու մայթերը։ 

«Այսպիսի խնդիրներ ընդհանրապես չկան, մինչև հին Արմենավանի ներքևի մասերը աղապատված են, իսկ ինչ վերաբերում է Կրկժանին (Ուլուբաբյան փողոց) այնտեղ մաքրման աշխատանքներ են ընթանում, ուղղակի այնտեղ ցուրտ է ու բարձրադիր, դրա համար աղը ուշ է ազդում»։ 

Սանմաքրում ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ ձնամաքրման աշխատանքների վրա աշխատում է 3 ձյուն մաքրող տեխնիկա, մեկ մայթեր մաքրող տրակտոր։ Ձնմաքրման աշխատանքներին մասնակցում են 390 հոգի։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ