Մայիսի 16, 2024

Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, երաշխիքը՝ մեր այստե

By Սրբուհի Վանյան Հունվարի 18, 2022
Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, երաշխիքը՝ մեր այստե Artsakh Republic Government

Առաջնահերթ ծրագրերը միտված են պատերազմի հետևանքները վերացնելուն, դժվար կացության մեջ հայտնված քաղաքացիների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց խնդիրները լուծելուն, ասել է Արտակ Բեգլարյանը: Վարկային պարտավորություններ ունեցող անձանց Կառավարության որոշմամբ պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվելու: Արցախի Ներդրումային հիմնադրամ արդեն 46 հազ. 956 հայտ է ներկայացվել, որից 8 հազ. 352-ը, ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում, բավարարվել է: 9 300 ֆիզիկական և իրավաբանական անձ հայտ է ներկայացրել պատերազմի հետևանքով նյութական վնաս կրելու մասին: Ավելի քան 1000 հայտ արդեն բավարարվել է:

«1349 հայտ արդեն բավարարվել է ՝ ընդհանուր 6 մլրդ 722 մլն դրամի չափով: Այդ գումարից 2 մլրդ 667 մլնը կանխիկ գումար է, իսկ 4մլրդ, 54 մլնը՝ մուրհակի տեսքով: Հաջորդ ծրագիրը, որը նույնպես պատերազմի հետեւանքով է պայմանավորված, բնակարանային ծրագիրն է: Պատերազմի հետեւանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները կանոնակարգելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն մեծ թափով զբաղվելու է նաեւ մնացած բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով: Ամբողջ դաշտը պլանավորում ենք այս տարի կանոնակարգել, որպեսզի առավելագույնս արդյունավետ, արդարացի ու թափանցիկ համակարգ ունենանք»

Առաջնահերթությունների մեջ են սոցիալական խոցելի խմբերի շահառուներին, տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովման, զբաղվածության, առողջապահական նոր համակարգի ներդրման, կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերը: Սոցիալական, առողջապահության և կրթության ոլորտների պետական բյուջեն այս տարի ավելացվել է, ինչը պայմանավորված է ոլորտային ծրագրերի գերակայությամբ: 

«Մի շարք այլ ծրագրեր նախատեսում ենք մեկնարկել, այդ թվում բարեփոխումներ ենք սկսել, որպեսզի բարձրացնենք կառավարման արդյունավետությունը, այդ թվում եւ եղած ֆինանսների կառավարումը: Տարեվերջին լավ նորություններ կունենանք»:

 Խնդիրներ առկա են բոլոր ոլորտներում, և դրանց լուծման բանալին կրթության մեջ է. մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, աշխատաշուկային համապատասխանեցման կարիք կա, և պետնախարարը այս խնդիրների լուծումը տեսնում է նաև ՀՀ- ից ու Սփյուռքից մասնագետների ներգրավման, ոչ ֆորմալ կրթության ծրագրերով տեղացիների մասնագիտական կարողությունների ու հմտությունների բարձրացման մեջ: Արցախյան նոր իրողությունները նոր մարտահրավերներ են առաջ քաշել: Պատասխանելով «Արցախ» լրատվականի՝ նոր մարտահրավերներին դիմակայելու համար առկա ռեսուրսների վերաբերյալ հարցին, Արտակ Բեգլարյանը նշել է, որ ամբողջական ռեսուրսներ, իհարկե, չկան, բայց կա այդ ռեսուրսները ստեղծելու, ներգրավելու ցանկություն և կամք: Դժվարություններ կան հատկապես ֆինանսական ներդրումների մասով, բայց կան դրական միտումներ՝ պետական միջոցներից բացի այլ ռեսուրսներ ևս ներգրավելու համար:

«Բարեբախտաբար Պետական բյուջեն կայուն է. այս տարի բավականին մեծ աճ է տեղի ունեցել, մասնավորապես՝ ծախսային մասը 215,8 մլրդ, որն ի տարբերություն նախընթաց տարիների, գրեթե կրկնապատիկ է: Այս բյուջեն հնարավորություն է տալիս մեկնարկային պայմանները և հիմքը ամուր ստեղծելու, զարգացման ենթակառուցվածքները բարելավելու, իսկ մնացածը, մասնակի՝ պետբյուջեով, մասնակի՝ այլ միջոցներով բարեփոխումներն իրականցնելու ենք: Կա նաև Սփյուռքի ռեսուրսը, այդ թվում՝ մասնագիտական-մարդկային: Ավելի շատ այդ ռեսուրսի արդյունավետ օգտագործման խնդիր կա»:

 Պետնախարարի խոսքով՝ կա զարգացման ծրագրերի խնդիր, քանի որ բյուջեի մեծ մասնաբաժինն ուղղակի և անուղղակի ձևով նպատակաուղղվում է սոցիալական ծրագրերին, բայց պետական բյուջեն, որն այս տարի գրեթե կրկնապատկվել է, հիմք է ստեղծում ծրագրերի մեկնարկի և լրացուցիչ ռեսուրսների ապահովման համար: Արտակ Բեգլարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնակիորեն անդրադարձել է նաև այնպիսի խնդիրների, որոնց համակարգումը պետնախարարի անմիջական լիազորության շրջանակից դուրս է. մարդու իրավունքներ, Արցախի ու արցախցիների անվտանգային երաշխիքներ, բանակի վերակազմավորում, ոստիկանական զորքեր, կադրային քաղաքականություն, սոցիալական արդարություն, Արցախի ու միջազգային կառույցների փոխգործակցություն: 

«Պատերազմից հետո Արցախի՝միջազգային կառույցներից մեկուսացումն ավելի է խորացել, Ադրբեջանն այդ ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է: Մի շարք պաշտոնյաներ, որ հայտարարել էին , որ պատրաստ են գալ Արցախ, նույնիսկ ժամկետներ էին նշում, այդպես էլ չեկան: Պատճառը Ադրբեջանի արգելափակումներն են: Միջազգային իրավունքի հայտնի նորմերով ու սկզբունքներով պետք է մարդու իրավունքներն առաջնահերթ լինեն, քան որևէ պետության կարծիք կամ ինքնիշխանություն: Իմ կարծիքով ժամանակն է, որ այս երկրները արդեն միակողմանիորեն արբիտրի սկզբունքով առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու ոչ միայն այցելեն Արցախ, այլև ճանաչեն Արցախի անկախությունը կամ գոնե ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը»:

 Խոսվել է նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշների ուրվագծեր նախանշող «Սպիտակ թուղթ» կոչվող փաստաթղթի բովանդակության ու այնտեղ Արցախի Հանրապետության հեռանկարի բացակայության մասին:

«Դա փորձագիտական կարծիք է, որը չի նշանակում, որ որևէ պաշտոնական նշանակություն ունի: Կան բաներ այդ Սպիտակ թղթում, որոնք արժեքավոր են, կան եզրահանգումներ, որոնց հետ միանշանակա համաձայն չեմ, այդ թվում Ձեր կողմից բարձրաձայնված՝ Արցախի հանրապետությունը հեռանկար չունի ձեւակերպման հետ, եւ բանավիճել եմ դրանց շուրջ համահեղինակների մի մասի հետ: Կարծում եմ, Արցախի հանրապետությունը հեռանկար ունի, եւ այդ հեռանկարի երաշխիքը մեր՝ այստեղ ապրելն ու արարելն է:» 

Մենք պետք է կարողանանք ամրապնդել մեր պետականությունը, ինչը հեշտ ճանապարհ չէ: Մեզ երկար ուղի է սպասվում, բայց համոզված եմ, որ արդյունք լինելու է՝ ասել է պետնախարարը: Այսօրվա ասուլիսի կարևոր թեմաներին «Արցախ» լրատվականը ավելի մանրամասն կանդրադառնա առաջիկայում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ