Print this page

Արցախյան շարժման դասերն այսօր էլ արդիական են

By Սրբուհի Վանյան Փետրվարի 18, 2023
«Նախաձեռնության նպատակն այն է, որ գնահատենք այն, ինչ կարողացել ենք իրականություն դարձնել տարիներ առաջ, դա մեր ազգային երազանքն է, և այն պետք է արժևորենք»,- ասում է Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը։ Դրա հետ միասին, ասում է, պիտի գիտակցենք, որ այսօր մեր առջև ծառացած խնդիրներն էլ շատ են և պետք է վերաիմաստավորենք ապրածը, հասկանանք մեր սխալները ու հետևություններ անենք։ 
 
«Պիտի գնահատենք այն, ինչ ունենք, արժևորենք, գիտակցելով, որ մեր առջև ծառացած խնդիրները մեծ են։ Պիտի հասկանանք, որ այն, ինչ եղել է, և հաղթանակները, որ ունեցել ենք, իրականում նույն իրավիճակներում հայտնվելու արդյունքում է եղել։ Այսպիսի միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք կարողացել հաղթահարել, հասկանանք մեր սխալները, որոնց արդյունքում  հայտնվել ենք այս վիճակում»։
 
 Այսօր, այո, այլ իրավիճակ է, բայց Արցախյան Շարժումը, որ սկսեց 35 տարի առաջ, այսօր էլ արդիական է, և դասեր ունի պահած։ Այդ դասերից կարևորագույնն այն է, որ համախմբված, միասնական մեկ նպատակի համար գործելու դեպքում հաղթանակներ կարելի է գրանցել։ Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը նախաձեռնության նպատակներն է ներկայացնում։ 
 
«Այսօր էլ է արդիական, քանի որ Շարժումը 35 տարի առաջ սկսել, բայց չի ավարտվել։Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատմական արդարությունը չի վերականգնվել։  Կա մի հետաքրքիր գաղափար ևս, նախաձեռնել ենք գրքերի փոքրիկ  ցուցադրություն,  առնչվող արցախյան հակամարտությանը, պատմությանը։ Դրանք հայ և օտարերկրյա  հեղինակների աշխատություններ են, մենք նպատակ ունենք ցույց տալ, որ կա նման գրականություն, և ներկայացվածը ընդամենը մի փոքրիկ մասն է»։
 
 Արցախյան Շարժման առանձնահատկություններից մեկը, ըստ ադրբեջանագետի այն է, որ մարդիկ շատ շուտ հասկացան՝ այլ երկրների առաջնորդների տարատեսակ նամակներ ու դիմումներ հղելն օգուտ  տալ չի կարող, իրավիճակից ելքը նաև սեփական ներուժը կենտրոնացնելու, ի մի բերելու և միասնական գործելու մեջ է։ Նրանք  ձեռնամուխ եղան կամավորական ջոկատների ստեղծմանը, որոնց միջոցով էլ հնարավոր եղավ զսպել ադրբեջանական ագրեսիան։ Հիմա ստղծված իրավիճակը, ըստ Հովիկ Ավանեսովի, շատ նման է 1988 թվականի իրավիճակին։ 
 
«Ստեղծվել է այն նույն իրավիճակը, ինչ 35 տարի առաջ, ուստի Շարժումն էլ իր արդիականությունը պահպանել է։ Հիմա տեղեկատվության  տարածման առումով ավելի հեշտ է, տեխնոլոգիաները թույլ են տալիս մեր պայքարի իրավասության, պահանջատիրության   մասին տեղեկատվությունը տեղ  հասցնել։ Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն և վերջնականապես արցախյան հարցը կարգավորված չէ, Շարժումը արդիական է լինելու։ Հետո էլ այն դասեր է ունենալու տալու, որպես միասնական  ուժով ընդհանուր նպատակին հասնելու լավագույն օրինակ»։
 
 Միջոցառման նպատակը զուտ անցյալը վերհիշելը չէ՝ ասում է համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Այսօր գրեթե նույն իրավիճակն է, ինչ եղել է 35 տարի առաջ։ Պետք է ելքեր գտնել։ Եվ այս քննարկումը նաև այդ ելքերի որոնման, առաջարկների քննարկման նպատակով է կազմակերպվել։ 
 
«Հույս ունեմ, որ այսօր արդյունավետ քննարկումներ ենք ունենալու, և եթե մենք կարողանանք ուղիներ գտնել այս իրավիճակից ելքի, և կարողանանք առաջարկների ձևով տրամադրել պետական օղակներին,  կհամարենք, որ այս նախաձեռնությունը տեղին էր»։
 
 Շատ դժվար է այսօր խոսել ելքերի մասին, իրավիճակը ստանդարտ չէ, նաև՝ աշխարհաքաղաքական առումով, հետևաբար պետք է զգուշավորությամբ աշխատել ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ հասարակության հետ, ասում է նախագահի ՝ միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդադարյանը։ 
 
«Այդ ելքերը հստակ չեն, այսօր, առավել քան երբևէ հասարակության հետ պետք է խոսել իրատեսության դիրքերից։ Ես նկատել եմ, որ իրականությունից կտրված, պաթոսային խոսքերը հակառակ էֆեկտ են թողնում և ազդում հասարակության հոգեբանության վրա։» 
 
Տարբերությունը 88-ի ու ներկա իրողության մեջ, ըստ կլոր սեղան-քննարկման մասնակիցների  այն է, որ այն տարիներին կար մեկ ընդհանուր գաղափար, որի շուրջ  անխտիր բոլորը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պատրաստ էին համախմբվել ու համախմբվել էին։ Չկար ավելի վեհ, ավելի կարևոր շահ, որը վեր կդասվեր դրանից։ Հիմա այլ է իրավիճակը, և նման ոչ ստանդարտ իրավիճակներում, ըստ միջոցառման մասնակիցների, պետք է ունենալ ազգային գաղափարախոսություն, որի շուրջ մարդիկ պատրաստ կլինեն միաբանվել՝ անկախ քաղաքական հայացքներից ու այլ շահերից։ Առաջարկները և նախաձեռնությունը,   պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով, պետք է բխի մտավորականությունից։
 
 «Ինչի համար կարևոր է գաղափարը։ Վերջին տարիներին, մտավորականության հետ հանդիպումներում ես հնչեցրել եմ իմ կարծիքը բազնմիցս։ 88-ին հաջողեցինք, քանի որ այն ժամանակ քաղաքական ուժերը չէին ղեկավարում շարժումը, այլ մտավորականությունը։ Հետո մտավորականությունը իր դիրքերը, ձեռքբերումները զիջեց քաղաքական ուժերին։ Դա առաջին սխալն էր, քանի որ դրանից հետո  և դրանով պայմանվորված մեր երկրում սկսեցին հետին պլան մղել կրթությունը, գիտելիքը, սովորելը։»
 
 Ինչ խոսք, պետությունն այստեղ ամենաներգործուն ազդեցությունը պիտի ունենա ու պիտի լինի առաջին աջակիցը՝ միակարծիք  են քննարկման մասնակիցները։ Արցախյան ազգային ազատագրական Շարժումը սկսել է 35 տարի առաջ, բայց այն չի ավատվել, այն շարունակվում է նաև այսօր։ Հիմա գուցե նահանջի, անհաջողության փուլն է, բայց  դա ամենևին չի նշանակում, թե պայքարը ձախողվել է։ Քանի հիշում ենք  ու նման միջոցառումներով նաև արժեևորում այն, վերլուծում սխալները ու խոսում դասերից, հաղթանակները վերականգնելու հույս կա։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 18 Փետրվարի 2023 16:37

Related items