Մեսրոպ Մաշտոց համալսարանը տարին ամփոփում է նոր ձեռքբերումներով: Համալսարանն այս տարի ավարտել են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության մագիստրատուրայի առաջին շրջանավարտները: Ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով` գրանցված արդյունքները գոհացուցիչ են, բայց եկել են եզրահանգման, որ ավելի ճիշտ է մասնագիտության ուսումնասիրությունն սկսել բակալավրիատից։ «Որովհետև առաջին կուրսից պետք է սկսել աշխատել և 4 տարի ուսանողներին պատրաստել այդ համակարգում աշխատելու համար: 1,5 տարում դա անելը ավելի դժվար էր, որովհետև դիմողները արդեն կայացած մարդիկ էին, ինչ որ տեղ աշխատում էին և նրանց պետք էր վերակողմնորոշել : Բայց, քանի որ ժամանակը քիչ էր և այդ մասնագետները անհրաժեշտ էին, մենք դա արեցինք:» ՄՄՀ-ն այս տարի ավարտել է 154 ուսանող, որից 57-ը՝ մագիստրոս: Պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով` այս տարի բոլոր ուսանողները պաշտպանել են ավարտական աշխատանքներ: Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև գերազանցությամբ ավարտած ուսանողների թիվը` նշում է պրոռեկտորը: «Ընդհանուր 24 գերազանցությամբ ավարտած շրջանավարտ ունենք, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքներ տարվում են, հատկապես, որ 2021-22 ուսումնական տարում այս թիվը բավականին ցածր էր: Այս տարի մեր բոլոր ուսանողները պաշտպանել են ավարտական աշխատանքներ: Արդեն մի քանի տարի է մենք աշխատում ենք այս ուղղությամբ և արդյուքները ցույց տվեցին, որ սա ճիշտ որոշում էր: Քանի որ ավարտական աշխատանքների միջոցով ուսանողները ներկայացնում են այս 4-5 տարում ձեռքբերված բոլոր գիտելիքները:» Ոսումնական տարին առանձնացավ նաև նրանով, որ ՄՄՀ-ն այս տարի ստացել է 4 տարվա ինստիտուցիոնալ հավատարմագրում: «Բոլոր այն փոփոխությունները, որոնց մասին մենք խոսում ենք, ինստիտուցիոնալ հավատարմագրման շնորհիվ է: Առանց համեստության կնշեմ` մասնագետները, որոնք աշխատում էին մեր համալսարանում, շատ ջերմ են արտահայտվել մեր մասին: Եվ, որ ամենակարևորն է, նրանք ընդգծել են, որ մեր ուսանողները տարբերվում են:» 2023-24 ուսումնական տարին Մեսրոպ Մաշտոց համալսարանը կսկսցի բակալավրիատի՝ 11 և մագիստրատուրայի 14 մասնագիտությամբ: Բակալավրիատի հեռակա բաժինների ընդունելության գործըանթացում նույնպես փոփոխություններ են մտցվել: Ալիսա Բաղդասարյանն է մանրամասնում: «Այս տարի որոշել ենք երեք փուլով անցկացնել: Նախնական փուլը կանցկացվի նրանց համար, ովքեր, օրինակ, պիտի զորակոչվեն և այլն: Փաստաթղթերի ընդունում մինչև հունիսի 20-ն է: Հունիսի 23-24 –ը արդեն քննության օրորը կլինեն: Իսկ մինչ այդ, մենք կունենանք խորհրդատվական փուլ, որի ժամանակ դիմորդները դասախոսների հետ կպարապեն քննությունների թեստերի նմուշներին վրա, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն, թե ինչ նմուշներ են լինելու քննությունների ժամանակ:" ՄՄՀ-ում ամեն տարի կազմակերպվում են նաև գիտաժողովներ` թե՛ ուսանողական, թե՛՝ միջազգային: Այս տարին ևս բացառություն չէ: Առաջիկա գիտաժողովին ուսանողներն ավելի շատ ներգավված կլինեն` կներկայանան իրենց թեմաներով և գաղափարներով: Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՄՄՀ-ում արդեն մշակվում են նոր ծրագրեր ու գաղափարներ: