«Ազատ Արցախ» հանրապետական թերթը 100 տարեկան է։ Այդ 100 տարիների ընթացքում թերթը տարբեր անվանումներով ու կարգավիճակով է ներկայացել ընթերցողին, բայց միշտ եղել է նրա կյանքի հայելին, նրա լավ ու վատ օրերի ուղեկիցն ու արձանագրողը։ Լսենք Սրբուհի Վանյանի անդրադարձը։
Թերթի պատմությունը կապված է ԼՂԻՄ-ի ստեղծման հետ։ Այն ուներ «Ղարաբաղի գեղջուկ» անվանումը։ Թերթի առաջին խմբագիրրը Սերո Մանուցյանն էր, ով այդ պաշտոնում աշխատել է ընդամենը մեկ տարի։ Այնուհետև թերթը վերանվանվել է «Սովետական Ղարաբաղ», հետո՝ «Խորհրդային Ղարաբաղ»։ Չնայած դրանից հետո մի քանի անգամ հանրապետության մայր թերթը տարբեր անուններ է ունեցել, այսօր էլ ընթերցողին հասանելի է «Ազատ Արցախ» անվանումով, «Խորհրդային Ղարաբաղ»-ը, յուրահատուկ դեր է ունեցել ու հենց այդ անունով է շատերի հիշողության մեջ մնացել։ 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, «Խորհրդային Ղարաբաղ»-ը խմբագրում էր Մաքսիմ Հովհաննիսյանը։ Մայր թերթի ոսկեդարն էր։ Ավելի քան 10000 բաժանորդ ուներ թերթը, դրան բաժանորդագրվում էին Խորհրդային միության տարածքում և նրա սահմաններից դուրս, տեղեկություններ իմանալու համար փոթորկված Արցախի մասին։
Թերթը դրանից հետո ու դրանից առաջ շուրջ 20 խմբագիր է ունեցել։ Մինչ այսօր խմբագրության հին աշխատողները երանությամբ են հիշում 88-ի այդ ծանր բայց ոգևորող օրերն ու իրենց աշխատանքը՝ այդ օրերին։
Այսօր օրվա առթիվ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն են այցելել «Ազատ Արցախ» թերթի խմբագրություն՝ շնորհավորելու կոլեկտիվին, որի անդամներից յուրաքանչյուրի կյանքի մի մասնիկը կամ ամբողջ գիտակցական կյանքը կապված է այդ թերթի հետ։ «Ազատ Արցախ» թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանն է շնորհավորել գարծընկերներին` հոբելյանի կապակցությամբ:
«Շնորհակալություն այս հանդիպման համար։ Շնորհավորում եմ թերթի բոլոր աշխատակիցներին, նաև նրանց, ովքեր ղարաբաղի գեղջուկ էին տպագրում համոզված, որ հզոր երկիր են կառուցում, բոլոր այն խմբագիրներին, որ դպրոց են ունեցել, ում վարքը օրինակելի է եղել և՛ լրագրության ասպարեզում, և՛ ընդհանրապես կյանքում, և՛ երանի նրանց, որ կյանքում տպագրվել են թերթում»։
Գուրգեն Ներսիսյանն ու Արտակ Բեգլարյանն էլ տպագրվել են «Ազատ Արցախ»-ի էջերում և ջերմ հիշողություններ ունեին թերթի խմբագրության հետ կապված։ Կոլետիվի հետ անմիջական զրույցում նրանք կիսվեցին հիշողություններով։
«Իմիջիայլոց, թերթի հետ կապված ես շփումներ եմ ունեցել շատ վաղ՝ դպրոցական տարիքից և ինձ համար մեծ հպարտություն էր թերթում սեփական հոդվածը, անկյունն ունենալը»։
«Իմ առաջին հոնորարը, աշխատավարձը այստեղից եմ ստացել․ կարծեմ 8 կամ 9 տարեկան էի։ 1800 դրամ եմ ստացել, մաման էլ 1800 դրամ ավելացրել է ինձ համար փափուկ խաղալիք առել»։
«Այս հարյուրամյակը չէինք նշի, եթե այս տարիների ընթացում դուք և ձեր նմանները շարունակաբար նվիրումով չկատարեիք ձեր աշխատանքը և չփոխանցեիք հաջորդ սերունդներին», ասում է Գուրգեն Ներսիսյանը։ Եվ մենք գնահատում ենք դա։
«100-ամյակը չէինք նշի, եթե ձեր նմանները թերթը պատմությունները շարունակաբար փոխանցելով չհասցնեին մեր օրեր։ Մենք բոլորս պետք է գնահատենք, որ այս 100-ամյա պատմությունը պահպանողները նաև հաջորդող սերունդների համար հավելյալ պատմություն կերտողները դուք եք։ Այս առիթն օգտագործելով ուզում եմ Կառավարության, հանրապետության նախագահի անունից մեր երախտիքը հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար»։
Թերթի վաստակը մեր երկրի պատմության մեջ գնահատելի է ու ճշգրիտ, ասում է Արտակ Բեգլարյանը: Մեր պատմության ամենահետևողական տարեգիրը նույնպես դուք եք՝ ասում է:
«Իրականում մեծ վաստակ կա։ Արցախի 100-ամյա պատմությունը երևի ամենաճշգրիտը, հետևողականը թերթն է գրել, որը, իհարկե, ոչ միայն արխիվ է, այլ տարեգրության մեծ աղբյուր, իմաստնության աղբյուր, որի մեջ շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել։ Մյուս կողմից նաև պետք է առաջ նայել։ Նկատի ունեմ՝ համատեղ քննարկենք, հասկանաք՝ ինչ ունենք ներկա մարտահրավերները հաղթահարելու և այս մարտահրավերներում ներդրում ունենալու համար․ ոչ միայն զուտ տարեգրություն ապահովելու, այլ տեղեկատվական անվտանգության հարցը լուծելու համար»։
Այսօր հանրապետական թերթը, այո, նոր մարտահրավերներ ունի, տեղեկատվական ոլորտը զարգանում կամ փոխվում է աննախադեպ արագությամբ և թերթը պետք է ճկուն լինի, մոբիլ, մրցակցային։ Դրան զուգահեռ թերթի 100-ամյա դասականությունը, դիմագիծը, ավանդույթները պահելու խնդիր կա։ Օրը տոնական է, բայց 100-ամյա լրատվամիջոցի դերը արժևորելով, պետք է խնդիրները ևս լուծել։ Դրանք առանց պետական միջամտության չեն լինի, ասում է Նորեկ Գասպարյանը։
«Սա մեր առաջին հանդիպումն է պետնախարարի հետ և չեմ կասկածում, որ այս հանդիպումը իր շարունակությունն է ունենալու։ Առանց նման հարաբերությունների հնարավոր չէ մեծ ծավալով պետական քարոզչություն ծավալել»։
Թերթի ամենահնաբնակն այս պահին Լաուրա Գրիգորյանն է: «Մի ամբողջ կյանք եմ անցկացրել այստեղ», ասում է, սովորելով ավագներից: Հիմա փոխանցում ենք նոր սերունդին: Սովորեցնելով և սովորելով նրանցից:
Հիմա «Ազատ Արցախ» թերթում նոր սերունդ է հմտանում աշխատանքի մեջ, մի քանի տասնամյակ հետո իրենք էլ իրենց ասելիքը կունենան, ասում է ամենաերիտասարդ լրագրող Սերգեյ Սաֆարյանը:
«Հաճելի է, երբ այսպիսի պատմություն ունեցող թերթի 100-ամյակը նշում ենք, իսկ ես որպես Արցախում ապրող երիտասարդ աշխատում եմ այս կոլեկտիվում։ Իրականում, այո՛, թերթը պատմություն է, թերթը վավերագրություն է ու եթե մեզանից յուրաքանչուրը կարողանա հետքը թողել թերթում լավ առումով, իհարկե։ Ես վստահ եմ, որ ինչպես մենք հիմա փնտրում ենք՝ ինչ կար թերթում մոտ 100 տարի առաջ, մեզանից 100 տարի հետո նույնն է լինելու։ Շատ լավ է նաև, որ փորձառու մարդկանց հետ ենք ճանապարհ անցնում, որը տանում է դեպի լավ մասնագետ դառնալու վերջնանպատակին»։
Իր 100-ամյա պատմության մեջ «Ազատ Արցախ» թերթն ունեցել է վերելքներ ու դժվարին պահեր, եղել է՝ ճիշտ է հասկացվել, կամ մնացել է չհասկացված, նրա խոսքին սպասել են, ոգևորվել, նրան քննադատել են, արժեզրկել։ Թերթը կենդանի օրգանիզմ է ու ապրել է այնպես, ինչպես մարդը, որին ներկայացրել է իր էջերում․ չի թաքցրել թերությունները, վերհանել է գովելին։
Ժամանակները փոխվել են, փոխվել են նաև լրատվամիջոցի առջև դրված խնդիրները, աշխատանքի ոճը, ընթերցողի վերաբերմունքը տպագիր խոսքի նկատմամբ։ Բայց մայր թերթի առաքելությունը մնացել է նույնը, մայր թերթը հասարակության հայելին է։