Այսօր հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ հրավիրվել է խորհրդակցություն: Թեման տեղական գյուղմթերքի շուկայում առաջացած գնաճն էր: Վիկտորյա Սարգսյանն է ներկա եղել խորհրդակցությանը:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված վերջին` հունիսի 22-ին հրապարակված տվյալների համաձայն` տեղական լոլիկի ամենաբարձր թույլատրելի գինը 1000, իսկ վարունգի գինը 650 դրամ է: Բայց թե՛ շուկայում, թե՛ խանութներում և թե՛ բացօթյա առևտրի կետերում այս գներին գրեթե չես հանդիպի:
Շուկայում առաջացած գնագոյացման պատճառները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, քննարկվել են այսօր հրավիրված խորհրդակցությանը: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ պետք է ավելի խստացնել աշխատանքները`գյուղմթերքի իրացման ամենաբարձր թույլատրելի գները վերահսկելու նպատակով: Պետական նախարարը հանձնարարել է նաև հանդիպումներ կազմակերպել արտադրողների հետ, լսել նրանց խնդիրներն ու կարծիքները:
Հունիսի 15-ից դադարեցված է ցանկացած տեսակի ապրանքի ներկրումը Արցախ: ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի խոսքով` ակնկալվում էր, որ տեղական արտադրանքի խոշոր գնաճ չի արձանագրվի: Բայց այսօր գյուղմթերքի գները, կարելի է ասել, անվերահսկելի են:
«Մենք գտանք, որ միջամտության կարիք չի լինի, քանի որ բոլորը` արտադրող, վաճառող և սպառող , նույն վիճակում են գտնվում և գնաճի շատ բարձր տեմպեր չեն լինի՝ անկախ նրանից, որ կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, բայց տեսանք, որ իրավիճակը չի կարգավորվում և նորից անհրաժեշտ են վարչական վարույթներով միջամտություններ»:
Այսօրվանից արդեն կսկսվեն իրազեկման աշխատանքներ ու հանդիպումներ արտադրողների հետ:
«Որպեսզի պայմանավորվածություններ ձեռք բերվեն` գյուղմթերքը ընդունելի գներով գնելու և մատակարարելու համար: Մեր կողմից այսօրվանից կսկսվեն իրազեկման աշխատանքներ՝ նմանատիպ ապրանքատեսակներ վաճառող խանութներին և հակառակ պարագայում կունենանք վարչական վարույթներ: Բայց հաշվի առնելով, որ նախկինում բազմաթիվ խանութներում ունենք վարչական վարույթներ, այս պարագայում արդեն մի շարք խանութների համար կլինի կրկնվող դեպք և կլինի աշխատանքի կասեցում»:
Ինչպես արտադրողները այնպես էլ վաճառողները պետք է հասկանան, որ այս չափազանց բարձր գները տնտեսական դաշտից արդեն բարոյական դաշտ են տեղափոխվում` նշում է Լևոն Սարգսյանը:
«Նաև այս անգամ մենք բոլոր վարույթները կիրականացնենք մեր նախաձեռնությամբ և այդ վարույթները կավարտենք ընդամենը 3 օրվա ընթացքում: Այսինքն՝ վարչական վարույթ իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կիրականացնենք և կհրապարակենք անպայման այդ խանութների անվանումները»:
Խորհրդակցության ավարտին պետնախարարը համապատասխան հանձնարարականներն է տվել` խնդրին հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տալու համար: