Print this page

Արևային ջերմատաքացուցիչներ՝ չգազաֆիկացված համայնքներում

By Անի Աբաղյան Հուլիսի 08, 2022
Կան համայնքներ ու թաղամասեր, որտեղ լույսի հաշվիչը գազի հաշվիչի փոխարեն էլ է պտտվում։ Դա ազդում է ոչ միայն շահառուի գրպանին, այլև  պետության սուղ ռեսուրսներին: Խնդիրն ավելի է սրվել հատկապես պատերազմից հետո, երբ այդ ռեսուրսները զգալիորեն նվազել են։  
 
Ի՞նչ է առաջարկում պետությունը
 
Հանրապետությունում էլեկտրաէներգիայի խնայման համար նոր ծրագիր է մշակվել: Պետությունն առաջարկում  է արևային ջրատաքացուցիչներ տեղադրել չգազաֆիկացված համայնքներում ու թաղամասերում՝ մանրամասնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը: 
 
«Ծրագրով նախատեսվում է չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող (բացառությամբ բազմաբնակարանային շենքերը) բաժանորդներին 5 տարի երաշխիքով տրամադրել   արևային ջրատաքացուցիչներ մեկ պայմանով. ջրատաքացուցիչները ձեռք բերելու և տեղադրելու համար գումարի կեսը վճարում է բնակիչ-բաժանորդը, մյուս կեսը սուբսիդավորվում է պետության կողմից»: 
 
Ծրագրի շահառուն արևային ջրատաքացուցիչ ձեռք բերելու համար գումարի 50 տոկոսը կարող է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ վարկավորման միջոցով: Մեժլումյանը նշում է, որ վարկավորումը կարող են իրականացնել Ֆիդես հիփոթեքային ընկերության միջոցով: 
 
«Ներկա պահին հայտերն ենք հավաքագրում. արդեն ունենք մոտ 70 շահառու և առաջիկա օրերին կիրականացնենք ծրագիրը»: 
 
Ծրագիրն իրականացվելու է ոլորտում մասնագիտացված ընկերությունների միջոցով: Մեժլումյանի խոսքով՝ ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներին ընդգրկվելու են նաև Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի սաները: 
 
«Արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աշխատանքները նախատեսված են իրականացնել համաձայն գերատեսչության նախարարի կողմից հաստատված ցանկի: Ցանկում ընդգրկված են 5 կազմակերպություն: Բնակիչ բաժանորդներն իրենք են ընտրում կազմակերպություններին ու առաջարկվող ջրատաքացուցիչները»: 
 
Պատերազմից հետո գերատեսչությունը Shtigen Group-ի հետ համագործակցելով հանրապետության  տարբեր  համայնքներում տեղադրել է 30 ջրատաքացուցիչ, որից  14-ը՝ երկարօրյա դպրոցներում։     Մարունու շրջանի Բերդաշեն համայնքում նույնպես   արևային ջրատաքացուցիչներ կան։    Բերդաշենի համայնքապետ Գեորգի Պողոսյանն «Արցախ» լրատվականին ասում է, որ նորամուծությունն իրեն արդարացրել է։ 
 
Ի՞նչ արժե արևային էներգիան
 
 Արևն իր ջերմությունն անվճար է տալիս, բայց  արևային էներգիան գին ունի․ ջրատաքացուցիչը  բավականին մեծ գումար արժե: Արմեն Մեժլումյանը աջակցության ծրագրով առաջարկվող ջրատաքացուցիչների գներն է ներկայացնում։  
 
«Գնառաջարկները տարբեր ընկերությունների կողմից տարբեր են: Օրինակ՝ միչև 300 լ տարողությամբ ջրատաքացուցչի գինը 410 000-450 000 է: Տեղադրումը, մատակարարումն ու փորձարկումը ներառված են գնի մեջ»:
 
 Պետական աջակցության ծրագրից օգտվելու համար հայտերի ընդունումը շարունակվում է։  Ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել մինչև տարեվերջ: Արմեն Մեժլումյանն ասում է, որ արևային ջրատաքացուցիչների էներգաարդյունավետությունը հաշվի առնելով՝ պետությունը նախատեսում է  լրամշակել  աջակցության ձևն ու 2023թ․ բյուջետային տարում ծրագիրը իրականացնել նաև գազաֆիկացված համայնքներում։
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 08 Հուլիսի 2022 15:25

Related items