Արցախի Հանրապետության կառավարության և ՀՕՄ-ի համագործակցության արդյունքում Արցախի շուրջ 200 ընտանիքներ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով։ Ծրագրի մեկնարկը տրվել է․ սկզբնական փուլում ծրագրից կօգտվի 19 ընտանիք:
Ինչպես «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը, ՀՕՄ-ն Արցախում արևային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրման որոշում կայացրել է այս տարվա մարտ ամսին՝ արձանագրված էներգետիկ ճգնաժամից հետո, երբ ամբողջ Արցախը ենթարկվեց գազային տեռորի, երբ դրսում ավելի քան կես մետր ձյուն կար և օդի՝ 10-աստիճանից ցածր ջերմաստիճան։ Նախագիծը քննարկվեց ԱՀ կառավարության, մյուս գործընկերների հետ և ամիսների ընթացքում սկսեց կյանքի կոչվել։
«Հաշվի առնելով այս տարվա մարտ ամսին Արցախում գրանցված էներգետիկ ճգնաժամը՝ գազատարի պայթեցումն ու էներգամատակարարման խափանումները՝ ՀՕՄ-ը ծրագրել է Արցախում արևային ջրատաքացման սարքերի տեղադրման ծրագիրը։ Այն իրականացվում է ՀՕՄ-ի Կանադայի շրջանային վարչության կողմից տրամադրված 100 հազ․ ԱՄՆ դոլար նվիրատվությամբ»։
Արցախի Հանրապետության կառավարության հետ ձեռք բերված ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամների համաձայնության շրջանակներում ՀՕՄ-ը և Արցախի կառավարությունը հավասար ներդրումներ կատարելով կիրականացնեն ծրագիրը՝ չգազաֆիկացված համայնքներում մարդկանց կյանքի բնականոն գործընթացը ապահովելու նպատակով։ Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը կատարում է շուրջ 100 հազ․ դոլարի չափով ներդրում, նույնքան էլ կկատարի Կառավարությունը։
«Սկզբնական փուլում ծրագրի շահառու են հանդիսանում զոհված, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքները։ Նրանց ընտրելու հարցում համագործակցել ենք ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ, նրանց տրամադրած ցուցակներով։ Կազմվել է աշխատանքային հանձնախումբ՝ ՀՅԴ Արցախի կառույցի հետ, տեղում ծանոթացել ենք բնակիչների պայմաններին, սոցիալական վիճակին, աշխատանքեր ենք տարել համայնքի ղեկավարների հետ»։
Չգազաֆիկացված համայնքներում ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը կիրականցվի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, Պառավաթումբ, Կաղարծի, Ննգի համայնքերից ընտրված 19 ընտանիքների համար։ Չափագրման աշխատանքերն արդեն արված են և շուտով կմեկնարկի տեղադրման գործընթացը։
«Մատակարար ընկերությունն է «Շտիգեն» ընկերությունը, պատվիրատուն՝ ՀՕՄ-ը, սուդսիդավորողը՝ ԱՀ կառավարությունը։ Կնքվում է քառակողմ պայմանագիր այս 3 կողմերի ու բնակչի միջև, իսկ գազիֆիկացված տարածքների բնակիչների հետ եռակողմ պայմանագիր է կնքվում։ Այստեղ ԱՀ կառավարությունը որպես սուբսիդավորող կողմ չի լինի։ Այս վերջին ծրագիրը դեռ չի մեկնարկել»։
Ծրագիրը, Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, շարունակական է լինելու։ Ընդհանուր գրեթե երկու հարյուր ընտանիքի տվյալներ արդեն հավաքագրված է․
«Ընդհանուր 198 ընտանիքի տվյալ ունենք և՛ գազիֆիկացված, և՛ չգազիֆիկացված տարածքներից։ Մեկնարկը տրվում է Մարտունու շրջանի այդ 4 գյուղից։ Սկզբնական փուլի համար այդ 100 հազ․ դոլարն է լինելու։ Աշխատանքերն ավարտելուց հետո նորից դրամահավաք կկազմակերպվի, և մեր նվիրատուների տրամադրած գումարները կներդնենք այդ ծրագերում»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ասացին, որ մինչև հինգ անդամ ունեցող ընտանիքի դեպքում կտրամադրվի առավելագույնը 250 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ, իսկ հինգից ավելիի դեպքում՝ 250-ից 360 լիտր։