Արցախի շրջափակումը վեր է հանել տեղում առկա էներգետիկ անվտանգության խնդիրները: Տարիներ շարունակ ներդրումները կատարվել են բացառապես փոքր հէկ-երի շինարարության ոլորտում: Արևային և քամու էներգիայից էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա: Դավիթ Եղիազարյանն է անդրադարձել խնդրին։
Արցախի կառավարությունը փորձում է ուղղորդել ներդրողներին դեպի արևային էներգետիկայի ոլորտ: Դրան է ուղղված Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմած՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումների օրենսդրական փաթեթը: Ի՞նչ կփոխի այն ոլորտում՝ մանրամասնում է նախարարության էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը.
««Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկված փոփոխություններն արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողներին հնարավորություն են ընձեռում առանց լիցենզիայի, սեփական կարիքները բավարարելու համար իհարկե, կառուցել մինչև 500 կիլովատտ դրվածքային հզորությամբ արևային տեղակայան: Նշեմ, որ Արցախում արևային էներգետիկայի զարգացումը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում, ուղղակի արևային սարքավորումների թանկարժեք լինելու պատճառով ներդրումների իրականացումը շահավետ չէր հետվերադարձի առումով, որը կազմում է մոտավոր 15-17 տարի»:
Այս պահին Արցախի տարածքում գործում է 20-ից ավելի արևակայան, որոնք հիմնականում տեղային նշանակություն ունեն: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացված «Շտիգեն» ընկերության արցախյան ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատում օրենքում նախատեսվող փոփոխությունները, սակայն նշում է, որ առավել առաջնահերթը ոչ այդքան դրվածքային հզորության սահմանաչափի բարձրացումն է, այլ վարկային ավելի ճկուն քաղաքականության մշակումը, քանի որ ներդրումների հետգնման ժամանակահատվածը մեծ է։
«Որպես երևույթ, որպես էներգետիկ համակարգի անկախացում, որպես արևային համակարգերի զարգացում ինքը դրական երևույթ է իրենից ենթադրում: Բայց պետք է հաշվի առնենք մի հանգամանք. այնպես չէ, որ մինչև օրենքի փոփոխությունը 160 կիլովատտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայանները շատ են տեղադրել, հիմա՝ օրենքի փոփոխություններից հետո, սկսելու են 500 կիլովատտ տեղադրել: Հիմնական աջակցությունը այն կլիներ, որ ավելի մատչելի վարկեր տրամադրեին արևային համակարգեր ձեռք բերելու համար: Սա, ինձ թվում է, ավելի կարևոր է, քան դրվածքային հզորության չափ փոփոխելը: Արցախում, քանի որ էլեկտրաէներգիայի գինն ավելի ցածր է, քան Հայաստանի Հանրապետությունում, հետգնման ժամանակաշրջանն ավելի երկար է, քան Հայաստանի Հանրապետությունում: Եվ պետության խնդիրն այս հարցը լուծելն է»։
Էներգետիկ անվտանգության մասնագետ Արթուր Ավետիսյանը կարծում է, որ արևային էներգիան կարող է օգնել կացարանների ջեռուցման հարցում, սակայն Արցախում լիարժեք արևակայաններ կառուցելը կարող է վտանգավոր լինել՝ դրանց խոցելիության պատճառով։
«Ամբողջապես խնդիրը լուծել այս պահին հնարավոր չէ, բայց մեղմել և հաջորդ ադրբեջանական սադրանքին ավելի պատրաստ լինել հնարավոր է։ Որոշակի տեխնիկական լուծումներ են անհրաժեշտ, օրինակ, ջերմապոմպային համակարգեր է հնարավոր տեղադրել, ժամանակին կար։ Հիմա էլ միգուցե կշարունակվի արևային պանելներով բնակարաններն ապահովել, բայց դա լիարժեք լուծում չի լինելու: Դրան զուգահեռ պետք է նաև այլ ծրագրեր իրականացնել: Ինչու հնարավոր չէ արևայինն էլ ավելի շատ ընդլայնել՝ որովհետև եթե ավելի մեծ արտադրական ծավալների մասին ենք խոսում, դա նշանակում է ավելի մեծ մակերեսներ, իսկ մեծ մակերեսը նշանակում է ավելի մեծ տեսանելիության ապահովում և խոցման հնարավորություն»։
Միաժամանակ Արցախում բոլոր նախադրյալները կան նաև քամու էներգիայից և թափոնների այրումից էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես նաև՝ գոմաղբից կենսագազի արտադրության համար: Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում արդեն իսկ կան նման էլեկտրակայաններ: Գոմաղբից կենսագազի ստացման տեխնոլոգիան, օրինակ, 20-րդ դարի կեսերին հիմնականում կիրառվում էր Ասիայի և Աֆրիկայի հետամնաց երկրներում, սակայն այսօր գոմաղբից կենսագազի խոշորագույն գործարաններ կան տնտեսապես այնպիսի կայացած երկրներում, ինչպիսիք են Չինաստանը կամ ԱՄՆ-ը: Օրինակ Շվեյցարիայում, որը թե՛ տարածքով, թե՛ ռելիեֆով մոտ է Հայաստանին, գործում է կենսագազի հարյուրից ավելի գործարան` տարեկան արտադրելով մոտ 130 միլիոն խորանարդ մետր գազ: Այդ գազի մի մասն օգտագործվում է էլեկտրաէներգիայի ստացման համար: Գեղարքունիքի մարզի Փամփակ գյուղի բնակիչ Նվեր Խլոյանն իր հողատարածքում կառուցել է գոմաղբից կենսագազի արտադրության փոքր արտադրամաս։ Նա նշում է, որ դա ձեռնտու է ինչպես եկամուտի, այնպես էլ վառելիքի ինքնաապահովման տեսակետից։
«Մանավանդ գյուղական վայրերում ով անասնապահությամբ է զբաղվում, եթե նման տիպի՝բիոգազի գազատարեր, գազահորեր սարքեն` լավ եկամուտ կստանան: Այսինքն` ձրի գազ կունենան, եթե մի քիչ էլ ընդլայնեն` հոսանքն էլ հետը: Հինգ հորատաններ են. երեքը գոմաղբ է լցվում` գոմաղբատար են, երկուսը` գազատար են, պահեստավորվում է այնտեղ: Դրա պրոցեսը ոնց որ մրգից ջեջ ես լցնում, որ օղի ես թորում, նույն պրոցեսն է»։
Մասնավոր ձեռնարկներն ունակ են լուծել միայն փոքրածավալ խնդիրներ։ Հաշվի առնելով այս և անցած տարվա փորձը՝ էներգետիկ անվտանգության մասնագետը համոզված է, որ Արցախի էներգետիկ անվտանգության խնդիրը պահանջում է կարճաժամկետ և երկարաժամկետ համալիր լուծումներ։