Նոյեմբերի 21, 2024

Էներգետիկ ճգնաժամ է․ որքա՞ն կդիմանան էլեկտրագծերը

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 13, 2023

Ստեղծված իրավիճակով պայմանավորված էլեկտրաէներգիան պետք է խնայողաբար օգտագործել․ հորդորը «Արցախէներգո» ընկերությանն է։ Մայրաքաղաքում վերջին օրերին պարբերաբար վթարներ են գրանցվում։ Պատճառը էլեկտրագծերի ու մալուխների ծանրաբեռնվածությունն է՝ ասում է «Արցախէներգո» ՓԲԸ-ն տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ստեփանակերտի էլեկտրագծերի վրա երբևիցե այսպիսի բեռ չէր եղել։ 

«Գազամատակարարման դադարեցման հետ կապված ամբողջ բեռն ընկել է էլեկտրական ցանցերի վրա, վթարների քանակը կտրուկ աճել է։ Վերջին 2 օրերին խոշոր վթարներ ենք արձանագրել։ Խոսքը Ստեփանակերտ քաղաքի մասին է, շրջաններում այդպիսի խնդիր չունենք։ Խնդիրները հիմնականում լինում են շենքերը կամ թաղամասերը սնուցող մալուխների հետ կապված։ Դրանց հնարավությունը չի բավարարում առկա ծանրաբեռնվածությանը»։

 Վթարներից խուսափելու համար էներգիան ավելի խնայողաբար օգտագործելու անհրաժեշտության մասին «Արցախէներգո» ընկերությունը հիշեցնում է պարբերաբար։ Հերթական հայտարարությունը ընկերության ֆեյսբուքյան էջում հայտնվել է երեկ՝ մայրաքաղաքում տեղի ունեցած շղթայական վթարներից հետո։ Հրապարակման մեկնաբանությունների բաժնում քաղաքացիներն իրենց բողոքներն են ներկայացրել։ 

«Կասե՞ք էլ ոնց տնտեսենք ախր։ Իբր շա՞տ ենք կարողանում հասցնել կամ տաքանալ, մի հատ էլ տնտեսենք»։ 

«Իսկ կարո՞ղ եք հուշել մեզ` «անխիղճ բաժանորդներիս» թե ինչի հաշվին տնտեսենք, այլընտրանք առաջարկեք»։

 Այս մեկնաբանություններին Տիգրան Գաբրիելյանը վիճակագրությամբ է պատասխանում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բաժանորդները չեն տնտեսում էլեկտրաէներգիան։ 

«Բացի դրանից մենք կարողնում ենք չափել բեռը ժամանակահատվածի համեմատությամբ և հասկանալ ինչ ծանրաբեռնվածություն կա այս կամ այն օդային գծի վրա։ Մենք չենք ասում մի տաքացրեք տները, մենք ասում ենք, որ սարքավորումները առանձին-առանձին միացրեք»։ 

 Ոլորտում բավականին բարդ իրավիճակ է՝ ասում է զրուցակիցս։ Այդ իսկ պատճառով տնտեսելն այլընտրանք չունի։ Չտնտեսելու արդյունքում խոշոր վթարներ են եղել Հեքիմյան, Իսակովի, Մխիթար Գոշի թաղամասերում։ Վթարներն այսօր էլ շարունակվում են։ Ընկերության աշխատակիցներն արդեն մի քանի օր է քուն ու հանգիստ չունեն, աշխատում են վթարների արդյունքները վերացնելու համար՝ ասում է։ Էլեկտրաէներգիայի տրամադրման գրաֆիկի փոփոխությունն էլ միտված էր եղած էներգիան ավելի արդյունավետ օգտագործելուն։ 

«Մենք փորձեցինք կրճատել անջատման ժամանակը, որպեսզի տները չսառեն։ 2 ժամ անջատելուց հետո բեռը կտրուկ ծանրանում էր։ Մենք կանխատեսում էինք, որ նոր գրաֆիկով փոքր-ինչ կթեթևանա, բայց եղանակն էլ մեր օգտին չաշխատեց և չունեցանք կանխատեսվող արդյունքը»։

 Արցախում էլեկտրաէներգիայի պաշարներն անսպառ չեն։ Չնայած նոր գրաֆիկում դեռևս փոփոխություններ նախատեսված չեն, բայց այսպիսի ծանրաբեռնվածություն դեպքում փոփոխությունները չեն բացառվում։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 03 Մարտի 2023 12:16
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ