Նոյեմբերի 21, 2024

Շրջափակում շրջափակման մեջ․ Մեծ շեն

By Դավիթ Եզիազարյան Ապրիլի 25, 2023
Մինչև վերջին ժամանակները Շուշիի շրջանի Լիսագոր, Հին և Մեծ շեներ, Եղցահող գյուղերը, շրջափակման պատճառով կտրված լինելով Ստեփանակերտից, հիմնականում կապի մեջ էին Գորիսի հետ։ Այդտեղ էին գյուղացիները կանխիկացնում փողը, անում առևտուր, անցնում բուժհետազոտություն և այլն։ Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի արգելափակումով՝ այդ չորս գյուղը ներկայումս լիակատար շրջափակման մեջ է, միաժամանակ՝ թշնամական նշանառության տակ։ Մեծ շենի գյուղապետ Դավիթ Դավիդյանը նշում է, որ իրենք կանխազգում էին նմանատիպ մի սադրանք և որոշ քանակությամբ   պարեն և բուժամիջոցներ են  պահեստավորել, որոնք ինչ-որ ժամանակ դեռ կբավականացնեն բնակիչներին։ 
 
«Ժողովուրդն ամեն ինչ հասկանում է, դա մեր համար սպասելի էր, այնպես որ՝ ամեն ինչ առայժմ նորմալ է լինելու։ Այս պահին ոչ մի խնդիր չկա, գյուղացիներն էլ խուճապի չեն մատնվում։ Կրկնում եմ, այս ամենը սպասելի էր մեզ համար, այդ պատճառով, ինչպես ասում են՝ մենք մեր գլխի ճարը նախօրոք տեսել ենք»։ 
 
Գյուղի դպրոցի ուսուցչուհի Սայիդա Մելքումյանը պատմում է, որ գյուղում չկա խուճապ, սակայն կա անորոշության զգացումը։ Բացի այդ՝ Գորիսում է մնացել նաև գյուղի բուժքույրը․ 
 
«Մենք արդեն հայտնվել ենք լիակատար շրջափակման մեջ։ Ոչ միայն մենք, այլ նաև հարակից գյուղերը՝ Հին շեն, Լիսագոր, Եղցահող։ Ճիշտ է՝ խուճապային տրամադրություններ առանձնապես չկան, որովհետև բոլորս լավատես ենք, մտածում ենք, որ սա ադրբեջանական կողմի հերթական խաղն է։ Սա էլ ենք հաղթահարելու։ Բայց խնդիրն այն է, որ քանի որ հիմա արդեն այլ ելք և որևէ տեղ գնալու հնարավորություն չկա, առաջիկայում մեզ մոտ կարող են ծագել պարենի և դեողորայքի հետ կապված խնդիրներ։ Այս պահի դրությամբ մեր համայնքի բուժքույրը, հանգամանքների բերումով, գտնվում է ՀՀ-ում։ Գնացել էին Գորիս, իսկ հետ դարձի ճանապարհին նրանց այլևս թույլ չտվեցին անցնել։ Ճանապարհը փակ էր»։ 
 
Պաշարված չորս գյուղում պարենի և հարազատ օջախը պաշտպանելու վճռականության պակաս չկա, սակայն այդ գյուղերի շուրջ իրադրությունը պահանջում է, որ պետությունը դիմի ամենավճռական քայլերի և  չթողնի, որ «դանակը ոսկրին հասնի», այս անգամ արդեն՝ բառի բուն իմաստով։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ