Այն ինչ կատարվում է Լաչինի միջանցքում հիմա, դեկտեմբերի 12-ից հետո փորձագիտական շրջանակների կողմից կանխատեսվել էր։ «Անգամ եթե միջանցքը բացվի, այն չի ունենա նույն ռեժիմը, ինչ մինչև փակումն էր՝ "Արցախ" լրատվականին տված հարցազրույցներում ասել էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Այսօր իմ կանխատեսումները ցավոք, իրականություն են դառնում, մեզ հետ զրույցում ասում է նա հիմա։ Սա փաստացի նշանակում է, որ Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, ինչն ինքնին կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ասում է։ Ալիևին հաջողվել է իր ագրեսիվ քաղաքականության շուրջ ապահովել միջազգային լռելյայն կոնսենսուս ու, ցավոք, դա փաստ է:
«Ադրբեջանն օգտագործելով Ուկրաինական պատերազմի առիթը, փորձում էր փոխել ստատուս քվոն, կամ խմբագրել ստատուս քվոն, որն արտացոլված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում։Ի վերջո երեկ նա գնաց այդ քայլին՝ ֆորմալիզացրեց իր մտադրությունները՝ անցակետը տեղադրելով»։
Քաղաքագետ Հրանտ Մելիք֊ Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց այդ որոշումը Ռուսաստանին, Արևմուտքին և խաղացողներին պարտադրելու պոտենցիալ չունեն։
«Եթե դրան գումարենք նաև հայկական պահանջատիրությունը, իրավիճակը շտկելու անհրաժեշտությունը բոլորի համար է առաջ գալիս, քանի որ հասկանում են, որ Լաչինի միջանցքը կամ Արցախն՝ Ադրբեջանի կազմում դա միայն Ադրբեջանի խնդիրը չէ։ Դա նաև թուրքական ազդեցության մեծացման խնդիր է, որը սպառնալիք է աշխարհաքաղաքական այլ խաղացողների համար։ Ռեգիոնում ուժերի նոր բալանս ձևավորելու համար բոլորն են շահագրգռված և չեն կարող թույլ տալ , որ հակամարտող կողմերից մեկն ակնհայտ առավելություն ունենա»։
Միջազգային հանրության կողմից, այդ թվում և Ռուսաստանից, ընդամենը մտահոգություններ ու հայտարարություններ են հնչում։ Դա, բնականաբար, չի կարող բավարարել հայ ժողովրդին։
«Բոլոր տեքստերում, միջազգային հանրության կողմից հնչեցված, այդ թվում և ՌԴ, Պետքարտուղարության, ես տեսնում եմ թույլ դատապարտում, բայց այնտեղ բացակայում է այդ աշխարհաքաղաքական կենտրոնների մտադրությունը՝ որևէ կերպ հակազդելու Ադրբեջանի երեկ կատարած գործողությանը։ ՌԴ-ն ասում է, որ պետք է հարգել պայմանավորվածությունը, բայց չի ասում ինչ պիտի անել՝ վերադառնալու այդ պայմանավորվածություններին։ Եվ չի ասում, թե խաղաղապահները ինչ քայլեր են ձեռնարկելու՝ վերացնելու խախտումները։ Արևմտյան երկրները, որ պետք է շահագրգռված լինեն Հաագայի արդարադատության դատարանի որոշման կատարման մեջ, ֆորմալ դիրքերից են դատապարտում Ադրբեջանին»։
Արցախի ժողովրդի անվտանգությունը լրջորեն վտանգված է, վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, և այստեղ մեղքի բաժին ու անելիք ունեն ինչպես իշխանությունները՝ Հայաստանի ու Արցախի, այնպես էլ հասարակությունը։ Սուրեն Սուրենյանցը, որպես քաղաքական գործիչ, պատասխանատվության սլաքներն ուղղում է սեփական իշխանությունների կողմը։
«Պետք է հասկանանք՝ որտեղ է մեր իշխանությունների մեղքի բաժինը, և որտեղ է սկսում այլոց աշխարհաքաղաքական շահերը։ Անցած տարի Փաշինյանը խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին, բայց անվտանգային ի՞նչ երաշխիքներ կան Արցախի համար՝ չի ասում։ Կամ՝ երբ Պրահայում պատրաստակամություն հայտնեց անվերապահորեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստաթղթավորված ի՞նչ երաշխիքներ ստացավ Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների համար»։
Մինչդեռ կարևորագույն խնդիր էր Արցախի սուբյեկտայնության պահպանումը, որն այսօր արդեն վտանգված է՝ ասում է Սուրենյանցը։ Երևանը, նրա խոսքով, շատ ակտիվ երկխոսություն պիտի սկսի Մոսկվայի հետ՝ հասկանալու նրա կարմիր գծերը, քաղաքականությունը, առաջնահերթությունները: Այդ հենքի վրա պիտի ապահովվի Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները։ Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ալիևի ճակատագրական սխալն է համարում։ Ադրբեջանը պայմանավորվածություն է խախտել, և ուշ թե շուտ պատասխան է տալու իր այդ արարքի համար՝ ասում է։ Քանի որ ոչ ոք չի ընդունելու Ալիևի ինքնիրավչությունը։ Իսկ Ալիևին թվում է, թե ինքը կարող է ստանալ ավելին, քան իրեն թույլատրվել է՝ ասում է Մելիք-Շահնազարյանը։
«Պետք է հասկանալ, թե ինչ սկզբունքների վրա էին պատկերացնում հակամարտության հանգուցալուծումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդություն ստանձնած երկրները։ 2020 թ նոյեմբերի 9-ի փաստաթղթով , որքան էլ ոչ հայանպաստ դրույթներով էր հարուստ, այնուամենայնիվ սահմաններ էին գծում Ադրբեջանի համար։ Եվ դրանք գծվել էին ոչ միայն ՌԴ կողմից, այլև ճանաչվել էին այլ ուժային կենտրոնների կողմից»։
Ուշ թե շուտ նման պահանջ դրվելու է Ալիևի առաջ՝ ասում է Հրանտ Մելիք- Շահնազարյանը, բայց արդեն անհնար է լինելու նահանջել, քանի որ նա ինքն է բարձրացրել սպասելիքները Ադրբեջանում։ Ալիևին պիտի պարտադրել վերադառնալ պայմանավորվածությունների շրջանակ, նաև պատժելով՝ այդ պայմանավորվածությունները խախտելու համար։ Դա լինելու է։ Հարցը, ըստ նրա, ժամկետների մեջ է։ Սուրեն Սուրենյանցը գտնում է որ ազգային աղետի շեմին ենք կանգնած՝ եթե հստակ ու կոնկրետ քայլեր չձեռնարկվեն։ Ամեն ինչ պետք է դիտարկել ռեալ պոլիտիկի ռեժիմում, ասում է, Հայաստանի դիրքերը թույլ են, դիվանագիտական միջավայրն ու ուժերի հարաբերակցության բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի: Պետք չէ նաև Արևմուտքից մեծ ակնկալիքներ ունենալ, ակնհայտ է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվելու են ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում: