Ադրբեջանի բռնապետական վարչակարգը ապրիլի 29-ից արգելափակել է ԿԽՄԿ-ի տեղաշարժը` թույլ չտալով Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը: «Խնդիրն այն է, որ որոշ սահմանափակումներից հետո Ադրբեջանն այժմ էլ պահանջում է Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել»,- Թվիթթերյան իր էջում գրել է հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Ադրբեջանի հերթական ապակառուցողական քայլը լուրջ վնաս է հասցնում առողջապահական համակարգին` միանգամից մի քանի ուղղություններով: Մանրամասնում է առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը:
«Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում: Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի: Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի»:
Ադրբեջանի գործելակերպի մեջ որևէ տարօրինակ բան չկա` ասում է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Եթե ուսումնասիրենք շրջափակման ընթացքը, ապա կտեսնենք, որ միջազգային արձագանքներին ի պատասխան Ադրբեջանն ավելի է խստացնում իր քաղաքականությունը: Պաշտպանի խոսքով` ԿԽՄԿ բնականոն գործունեության խոչընդոտումը հենց այս շարքից է:
«Այսինքն գործ ունենք մի պետության ու այդ պետության բռնապետական իշխանությունների հետ, որոնց համար չկան մարդկային արժեքներ, իրավունքներ, մարդասիրական որևէ առաջնահերթություն: Եվ անպատժելիության պայմաններում իրենք անում են այն, ինչ որ ուզում են»:
Անդրադառնալով Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին` Գեղամ Ստեփանյանն ընդգծում է` ԿԽՄԿ-ն միջազգայնորեն իրեն տրված մանդատով անարգել պետք է կարողանա իրականացնել իր գործունեությունը:
«ԿԽՄԿ-ն անգամ չպտեք է ենթարկվի որևէ ստուգումների: Եվ բացի դրանից, շրջափակման 8-րդ օրը` երբ սկսվեց ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումը, հումանիտար տողափոխումներ կազմակերպելու եռակողմ համաձայնություն էր ձեռք բերվել: Փաստորեն, անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը ևս»:
Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո ԿԽՄԿ-ն երկու տեղաշարժ է իրականացրել` ապրիլի 28-ին Արցախից Հայասատան է տեղափոխվել 13 բուժառու, իսկ ապրիլի 29-ին ՝16` մեզ հետ զրույցում նշել է կոմիտեի արցախյան գրասենյակի հաղորդակցման հետ կապերի բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը: Այժմ երկու կողմերի հետ բանակցություններ են ընթանում:
«ԿԽՄԿ-ն բոլոր որոշում կայացնողների հետ բանակցությունների փուլում է, որպեսզի կարողանանք գտնել լուծում, որն ընդունելի կլինի բոլորի համար, պայմաններ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար, որպեսզի կարողանանք վերսկսել մեր շարժը Լաչինի միջանցքով»:
Իսկ Արցախի համար ընդունելի է այն տարբերակը, որը գործում էր մինչև ապրիլի 23-ը` նշում է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Կարմիր Խաչը պետք է գործի անխոչընդոտ և այն պատճառաբանությունները և պահանջները, որ առաջ է քաշում Ադրբեջանը, անհասկանալի և անընդունելի են: Իսկ ԿԽՄԿ-ի գործառույթը այս պարագայում հետևյալն է` օգտագործել իր միջազգային ցանցն ու ազդեցությունը` Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ և պարտադրել կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները