Նոյեմբերի 22, 2024

«Արևիկ» ԲԿ-ն արևային էներգիայից է օգտվելու

By Անի Աբաղյան Օգոստոսի 06, 2022

«Այսպես ուղղակի անհնար է, շատ ցուրտ է, երեխաները գրեթե չեն առողջանում։ Երեխաներին էլ չենք կարողանում լողացնել, տաք ջուրը լույս լինելու դեպքում թեյնիկով ենք ստանում, հակառակ դեպքում առանց տաք ջրի ենք մնում»։

Ձայնագրությունը 2022 թվականի մարտ ամսից է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը ևս գազամատակարարման խափանման պատճառով հայտնվել էր ծանր իրավիճակում։ Էլեկտրաէներգիայի ծանրաբեռնվածության պատճառով էլ շատ հաճախ բուժմիավորում օրվա ընթացքում մի քանի անգամ նաև առանց լույսի էր մնում: Օգոստոսի 3-ից սկսած ջրատաքացուցիչները երկարատև հանգստի են ուղարկել լույսի հաշվիչներին։ «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը ջրատաքացուցիչների ձեռքբերման մասին է պատմում։

«Ջուր տաքացնելու առումով հիվանդանոցը լրիվությամբ էներգետիկապես անկախ է։ Մենք որոշել ենք առաջին փուլի համար ամենախոցելի հատվածը դարձնենք էներգետիկ անկախ։ Փաստացի, մենք ունենք 4 բաժանմունք, որոնք տաք ջուրը ստանում են արևային ջրատաքացուցիչներից։ Նշածս բոլոր բաժանմունքները, մինչ արևային ջրատաքացուցիչները, էլեկտարական էներգիայով էին տաք ջուր ստանում»։  

Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների դեպքում «Արևիկ»-ն այլևս չի զրկվի տաք ջրից։ Նախաձեռնության հեղինակը հանրապետության նախագահի խորհրդական Հարութ Մնացականյանն է։ 

«Հաշվի առնելով գազամատակարարման հետ կապված խնդիրները՝ նախագծեցինք արևային ջրատաքացուցիչների ևֆոտոպանելներիտեղադրման ծրագիրը։ Նախաձեռնությանը միացել են «Re:public of Artsakh» և «Armenian Military Portal» տելեգրամյան ալիքների սեփականատեր Վազգեն Ղազարյանը, ում հաջողվել է ՌԴ հայ համայնքի հանգանակությունների շնորհիվ հավաքագրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Առաջին փուլում բուժմիավորման տանիքին տեղադրվել է 8 ջրատաքացուցիչ։ Երկրորդ փուլում նախատեսում ենք տեղադրել 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտոպանելներ, որոնց շնորհիվ էներգետիկայի խնդիրը կլուծվի»։ 

Մի շարք պլանային վիրահատություններ հետաձգած մասնագետների համար ջրատաքացուցիչների տեղադրումը մեծ ձեռքբերում է։ Դրանց տեղադրման և նպատակահարմարության մասին Արցախում Shtigen Group-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն է պատմում:

««Արևիկ» մանկական բուժմիավորման տանիքին տեղադրվել է 8 ջրատաքացուցիչ, տաք ջրի քանակը 2400 լիտր է, որը կապահովի բոլոր հիվանդասենյակներն ու վերակենդանացման բաժանմունքի լոգասենյակը»։

«Արևիկ»-ն առաջին  բուժմիավորումն է հանրապետությունում, որն անցում է կատարել արևային էներգետիկայի։ Կարեն Մելքումյանը վերհիշում է հիվանդանոցի մարտ ամիսն ու համեմատում այսօրվա հետ։

«Գազ չկար։ Հիվանդանոցը աշխատում էր միայն էլեկտրաէներգիայով։ Մեծ խնդիրներ ենք ունեցել հատկապես այն օրերին, երբ լույս էլ չէր լինում։ Մեր միակ այլընտրանքը գեներատորներն էին, որը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ վերանորոգել են․ չէին դիմանում լարվածությանը։ Հիմա ծանրաբեռնվածությունը զգալի նվազեցնում ենք»։ 

Բուժմիավորումը էներգետիկ առումով ամբողջությամբ  անկախ դարձնելու ծրագիրը նույնպես մշակված է: Այն  կիրագործվի մոտ օրերս։ Shtigen Group-ը նաև արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և բազմազավակ ընտանիքներին է տրամադրել 12 արևային ջրատաքացուցիչ՝ անվճար հիմունքով:  Այսուհետ ջերմացնելու գործը նույնիսկ տանը վստահվում է արևին։ Բայց սրանով արևային էներգետիկայի հնարավորությունները չեն սահմանափակվում. ամբողջ երկիրը կարող է կանաչ էներգիայով սնվել: Նպատակին հասնելու համար մշակվում են տարբեր ծրագրեր, որոնց թվում է Shtigen Group-ի «Արևածագ Արցախում»-ը։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ