Մարադոննայի «Աստծո ձեռքը», Ռոնալդո, Ռիվալդո, Ռոնալդինյո եռյակը, Զիդանի ու Մատերացիի ընդհարումը, Ինյեստայի ու Գյուտցեի գոլերը՝ եզրափակչի վերջին վայրկյաններին. ֆուտբոլի ամենասպասված առաջնությունը պատմություն է դարձրել ո՛չ մեկ հիշարժան իրադարձություն: Աշխարհի առաջնությունն է, որ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուին Պելե է դարձրել, Դիոգա Արմանդո Մարադոնային՝ կուռք՝ արգենտինացի ժողովրդի համար, աշխարհի առաջնութունն է կասկածի տակ դնում Լեո Մեսսիի մեծությունն ու լավագույնի տիտղոսը: Եվ վերջապես, Աշխարհի առաջնության պատճառով Մեքսիկայում փոքրիկ երկրաշարժ գրանցվեց: Մունդիալներին երկրները ներկայանում են լավագույն ֆուտբոլիստներով, այստեղ միջին խաղացողներ չկան, պրոֆեսիոնալներ են բոլորը: Երկրպագուներից յուրաքանչյուրն ունի իր ֆավորիտը: Ֆուտբոլասերների մի մասը երկրպագում է լավագույններին, մի մասը՝ նախընտրելի թիմին, մյուս մասն էլ, պարզապես, գեղեցիկ ֆուտբոլը: Գեղեցիկ ֆուտբոլի երկրպագու է նաև Արա Վանյանը՝ իմ զրուցակիցը: Պարոն Վանյանը ֆուտբոլով հետաքրքրվում է վաղ տարիքից, երբ դեռ տեղեկատվական հնարավորություններն այսքան մեծ չէին, երբ դեռ արդիական էին թերթերն ու ամսագրերը: Խորհրդային Հայաստանի «Физкультурник» և «Советский спорт» թերթերն էր ընթերցում մեր ավագ գործընկերը:
«Ես, ընդհանրապես, երկրպագում եմ գեղեցիկ ֆուտբոլը: Կոնկրետ այս առաջնությունում ինձ համար նշանակություն չունի, թե ով է հաղթելու: Իհարկե, կան թիմեր, որոնք չէի ուզենա, որ հաղթեն, օրինակ՝ Անգլիան: Կան թիմեր, որոնք ափսոսում եմ, որ չեն մասնակցում, օրինակ՝ Իտալիան, նաև հետխորհրդային որևէ թիմ չի մասնակցում առաջնությանը»:
Արա Վանյանը երկրպագում էր Հոլանդիայի ազգային հավաքականին: Բայց Նիդեռլանդների ընտրանին, ինչպես Վանյանն է ասում, նվաճել է միշտ 2-րդ լինելու կոչումը: Ամստերդամցիները 3 անգամ դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ՝ 1974, 1978 և 2010 թվականներին, բայց պարտություն են կրել՝ զիջելով Արևմտյան Գերմանիայի, Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներին։ Մունդիալի ֆավորիտներն այս անգամ Բրազիլիայի, Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականներն են: Արա Վանյանը մեծ սպասելիքներ ունի այս հավաքականներից: Լատինական Ամերիկայում խաղում են գեղեցիկ ֆուտբոլի ջատագովները:
«Ես համոզված եմ, որ Բրազիլիան և Արգենտինան այստեղ գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրելու: Սպասելիքներ կան նաև եվրոպական թիմերից: Կարծում եմ, որ Գերմանիան դեռևս չի ասել իր խոսքը: Շատ կուզենայի տեսնել Իսպանիայի ու Ֆրանսիայի դիտարժան խաղը»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել․ հետաքրքիր՝ բացասական առումով: Վերջին շրջանում գավաթակիր պետություններից ոչ մեկը հաջորդ մունդիալին չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը կամ տապալում է առաջնությունը: Հաշվի առնելով Ֆրանսիայի հավաքականի լավ մարզավիճակը՝ հնարավոր է՝ Քաթար-22-ն ընդմիջի այս ավանդույթը: Շատ ավանդույթներ են ընդմիջվել Քաթարում: Օրինակ՝ առաջին անգամ Աշխարհի առաջնությունն անցկացվում է աշնանային ու ձմեռային ամիսներին: 2022 թ․ ԱԱ վերջինն է լինելու վերջին 15 տարվա լավագույն 2 ֆուտբոլիստների համար: Լեոնել Մեսսին և Կրիստիանու Ռոնալդուն խաղալու են իրենց վերջին մունդիալը:
«Ռոնալդուի և Մեսսիի ելույթներն այս մունդիալում, կարծում եմ, կլինեն ինչ-որ չափով այդ ֆուտբոլիստների մարզական կարիերայի վերջին փուլի դրսևորումներ և այդ առումով նույնպես հետաքրքիր կլինի»:
Մեկ ամիս տևող առաջնությանը երկրները պատրաստվում են 4 տարի շարունակ, իսկ երկրպագուները երազում՝ ներկա գտնվել գոնե մեկ խաղի: Մոտ 3 մլն բնակչություն և մոտ 12 հազար քառակուսի կմ տարածք ունեցող Քաթարն այս առաջնությանը պատրաստվել է ամենայն մանրամասնությամբ՝ ծախսելով մոտ 220 մլդ դոլլար: Մինչև 2010թ․ Քաթարում մոտ 15 մարզադաշտ կար: Այստեղ կառուցվել է 7 նոր մարզադաշտ, ինչպես նաև մետրո: Քաթար-22-ը հավակնում է պատմության ամենաառաջադեմ առաջնությունը լինել: Մարզադաշտերը նախագծվել են աշխարհի լավագույն ճարտարապետների կողմից: Օգտագործվել են գերժամանակակից տեխնոլոգիաներ, փոփոխություններ են կատարվել նաև VAR համակարգում: Ինտրիգների պակաս առաջնությունում չի լինելու, անգամ եթե հաշվի չառնենք խաղերի ելքերը: Հետաքրքիր է նաև Քաթարի ԱԱ հակառակ կողմը: 2022թ աշխարհի առաջնությունն ամենաքննարկվողն էր՝ մեկնարկից դեռ շատ առաջ: Առաջնությունում ալկոհոլի վաճառքի վրա սահմանափակումներ են դրված, արգելված է նաև մարզադաշտերում միասեռականների խորհրդանիշների ցուցադրումը։ Թանկարժեք են հյուրանոցները, բնակարաններն ու, ընդհանրապես, ամեն ինչ։ Կազմակերպիչները հորդորում են համեստ լինել հագուստի ընտրության հարցում, սահմանափակումներ են դրվել անգամ բարձր գոռալու վրա: Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքերում մահացել են հազարավոր միգրանտներ՝ Պակիստանից ու այլ երկրներից:
«Քաթարի դեմ այդ արշավը սկսվել է այն բանից հետո, երբ նա Արևմուտքին չի ընդառաջել էներգակիրների ավելացման հարցում: Հիշել են, թե ինչպես են նրանք շահել առաջնությունն անցկացնելու իրավունքը, այլ սահմանափակումներ: Քաթարը բացարձակ միապետություն է, ունի իսլամական ավանդույթներ, այդ ավանդույթների ազդեցությունը նկատելի է նաև առաջնության անցկացման մեջ»:
Անկախ ամեն ինչից, Քաթարում աշխարհի լավագույն թիմերը պայքարելու են լավագույնի կոչման համար: Աշխարհի 2022թ․ առաջնությունը խոստանում է հետաքրքիր ու դիտարժան լինել: Հետաքրքիր է նաև հայկական մասնակցությունը Քաթարին. հայկական «doodooc» հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական վիզուալիզատորն է: