Print this page

Ցեղասպանը վարքագիծը չի փոխի. պետք է միշտ զգոն լինել

By Սոֆյա Հակոբյան Դեկտեմբերի 17, 2022
Եթե առաջին օրերին Ադրբեջանն ակտիվորեն թմբկահարում էր այսպես կոչված «էկո աղետի» թեման ու նույնիսկ ձևացնում, թե «էկո ակտիվիստ» ադրբեջանցիները որևէ կապ չունեն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակման հետ, ապա այժմ արդեն հարևան երկրի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներն ու ինքնախոստովանություններն անթաքույց են։ Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչերը ԵՄ-ից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից միանշանակ էին․ այնտեղ «էկոլոգների» ու նրանց բարձրաձայնած կեղծ օրակարգի մասին խոսք անգամ չկար։ Դրանից հետո արդեն Ադրբեջանն սկսեց առանց քաշվելու բարձրաձայնել իր իրական նպատակները, հայկական կողմին առաջադրած պահանջները։ Ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն արձանագրում է՝ փակելով Լաչինի միջանցքը, Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները մի քանիսն են․ 
 
«Մեկը գիտենք, որ մշտադիտարկման իրականացման հնարավորությունն է։ Արցախի հանքավայրերի տարածքում, երկրորդը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին պետական մաքսային ծառայության ու սահմանապահ զորքերի կողմից մաքսակետի կամ ռենգեն սքանավորման սարքերի տեղադրումն է։ Եվ հերթական պահանջներից մեկը՝ «Զանգեզուրի միջացնքը »»։
 
 Ի դեպ, նախօրեին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը պաշտոնապես հայտարարեց, որ զորավարժությունների համար Բաքու տեղափոխված թուրք զինվորականները կմնան Ադրբեջանում մինչև «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ադրբեջանը մշտապես առաջադրում է միանգամից մի քանի նախապայմաններ։ Ըստ ադրբեջանագետի՝ սա պայմանավորված է նրանով, որ հարևան երկիրը փորձելու է այս նախապայմաններից առնվազն որոշները կամ դրանից որևէ մեկին հասնել, ինչի արդյունքում ինքը կկատարի միայն մեկը՝ ճանապարհի բացումը։ Այստեղ էլ ադրբեջանագետը նշում է՝ եթե անգամ Ադրբեջանը հասնի իր որոշ նպատակների իրականացմանն ու Սյունիքում միջանցք ստանա՝ նրա ժամանակավոր լռությունը կրելու է կարճաժամետ բնույթ և նոր պահանջներով կրկին կա՛մ փակելու է միջանցքը, կա՛մ էներգետիկ ռեսուրսների արգելափակմամբ նման ահաբեկչական գործողությունների է դիմելու։ Մասնագետը հավելում է՝ կարևոր է արձանագրել, որ կեղծ բնապահպանական քողի տակ Ադրբեջանը փորձում է որոշակի զավթողական քաղաքականություն իրականացնել։ Օրերս թե՛ ՀՀ ՊՆ-ին, թե՛ Արցախի ՊԲ-ին ուղղված ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին կեղծ մեղադրանքներն ու դրանց հաջորդած հայկական դիրքերի գնդակոծումը հենց Ադրբեջանի կողմից նույնպես հիշեցնում են մեզ արդեն ծանոթ սցենարը։ 
 
  «Հստակորեն պետք է հասկանանք, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր սադրանքների, քանի որ սա Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպանական քաղաքականության դիմագիծն է։ Հստակորեն պետք է արձանագրենք, որ ներկայումս Ադրբեջանը կարող է չսահմանափակվել միայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակումով, այլ փորձի նաև նոր ռազմական սադրանքի դիմել»։ 
 
Ինչպե՞ս կարող է դուրս գալ այս իրավիճակից հայկական կողմը, արդյոք, գոյություն ունե՞ն նվազագույն ռիսկերով ու նոր զիջումների ճանապարհը կանգնեցնող իրատեսական ելքեր։ Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է՝ Ադրբեջանի վրա պարբերական միջազգային ճնշման ավելացման արդյունքում միայն Ադրբեջանին կարելի է որոշակիորեն զսպել այս ագրեսիվ գործելաոճից և հայկական կողմը պիտի անզիջում աշխատի այս հարցում։ 
 
«Ստեղծված իրավիճակում Հայաստանը, իհարկե, պետք է ակտիվ ներգրավվածություն ունենա  միջազգային հանրությանը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու հարցում։ Նկատելի է իհարկե որոշ դեսպանությունների ակտիվ աշխատանքը, սակայն պետք է շատ ավելի ակտիվ աշխատեն հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որպեսզի միայն հայտարարություններով չսահմանափակվեն այս միջազգային խաղաղացողները, այլ ակտիվ ներգրավվեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր համար իրական բացասական հետևանքներ են լինելու։ Եթե Ադրբեջանում նման զգացում չունեցան, իսկ այս պահին կարծես թե չունեն, ապա դժվար թե ետ կանգնեն իրենց ագրեսիվ գործելաոճից»։ 
 
Հովհաննիսյանը հիշեցնում է՝ ՀՀ-ն նույնպես նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ է, որտեղ հստակ սահմանված է Լաչինի միջանցքի գործելու կարգն ու այնտեղ ռուս խաղաղապահների գործառույթները։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը պիտի ակտիվ աշխատի նաև ռուսաստանյան կողմի հետ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության նշված դրույթները  պետք է  հստակ կերպով աշխատեն։
 
 
Artsakh Public Radio

Related items