Նոյեմբերի 21, 2024

Պարենային ապահովում շրջափակման պայմաններում․ երբ ճիշտն է ինչպես մատակարարը, այնպես էլ նրանից դժգոհ սպառողը

By Սրբուհի Վանյան Ապրիլի 26, 2023

Ինչպե՞ս է վերահսկվում սննդամթերքի ներկրման գործընթացը շրջափակման պայմաններում, ի՞նչ սկզբունքով է սահմանվում ներկրվող պարենի տեսակների առաջնահերթությունը, կառավարությունը ի՞նչ մեխանիզմներ է կիրառում ոչ ստանդարտ պայմաններում աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար։ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում․ ինչ խոսք՝ ներմուծվող ապրանքների քանակները բավարար չեն, բայց ամեն դեպքում նվազագույն կարիքները հաջողվում է բավարարել։

«Այդ քանակները բավարար չէին ու անգամ չկարողացանք մատակարարումները կտրոնային համակարգով իրականացել՝ հայտնի պատճառներով։ Ամեն դեպքում որոշակի աշխատանք իրականացվել է։ Հիմա նաև զբաղվելու ենք կտրոնային համակարգի այլ ապրանքատեսակների մատակարարման ու բաշխման գրաֆիկների կազմամբ ու հսկողության աշխատանքով»։

Փորձ է արվում լուծել նաև ոչ կտրոնային համակարգով վաճառվող առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումների խնդիրը։ Հաճախ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված, բաշխումը, հատկապես համայնքերում, դժվարություններ է հարուցում։ Լևոն Սարգսյանի խոսքով՝ ապրանքների ձեռքբերման կարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվելու։

«Բոլոր ապրանքները ձեռք էին բերվում մրցութային կարգով, Արցախի տնտեսվարողների միջև, առաջացան որոշակի խնդիրներ և հիմա ապրանքների ձեռքբերումը կիրականացվի կենտրոնացված ձևով՝ պետական մատակարար կազմակերպության միջոցով։ Հիմա կազմակերպությունը զբաղված է պահեստավորման աշխատանքներով։ Այն նաև կիրականցնի վերահսկողական գործառույթ»։

Եթե գործող կարգով տնտեսվարողները ապրանք ձեռք էին բերում պահեստից, ապա այսուհետ նրանց կմատակարարվի այն։ Սկզբնական շրջանում միրգ բանջարեղենի մասով են առաքումներ լինելու՝ հաշվի առնելով հատկապես այդ ապրանքատեսակի առկա դեֆիցիտը և խիստ պահանջարկը։ 150 միրգ- բանջարեղենի վաճառասրահ ու 21 վաճառակետ՝ կենտրոնական շուկայում լրիվությամբ կապահովվեն ապրանքներով՝ ասում է Լևոն Սարգսյանը։ Դրանք այն խանութներն ու վաճառակետերն են, որոնք գրանցված են համապատասխան կառույցներում։ Մեր զրուցակիցն անդրադարձել է նաև շուկայում առկա ցածրորակ ապրանքերին ու դրանց շուրջ ընթացող խոսակցություններին։

«Տեղյակ ենք, որ կան սննդի համար ոչ պիտանի ապրանքերի՝ շուկայում հայտնվելու դեպքեր, պետք է հասկանալ, որ առկա քանակների մեջ դրանք չնչին տոկոս են։ Բայց միաժամանակ հասկանում ենք, որ սպառողը, որ ձեռք է բերել այն, ստացվում է, որ ձեռռք է բերել 100 տոկոսանոց անպիտան ապրանք»։

Հենց նման խնդիրները բացառելու համար ենք կայացրել մատակարարումները կենտրոնացված բաշխելու համակարգ․ այդկերպ հնարավոր կլինի նաև հեշտ կողմնորոշվել՝ մեղավորներին գտնելու և պատասխանատվության կանչելու համար։ Կոմիտեի ղեկավարը հույս է պահում, որ այս մեխանիզմը կարդարացնի իրեն՝ վերացնելով խնդիրն ու բնակչության, մասամբ արդարացի դժգոհությունը։

«Չկա խնդիր, որից տեղյակ չենք ու չկա խնդիր, որի հետ համաձայն չենք։ Այն գործընթացը, փոփոխությունը, որ ծավալվել է, հենց այդ խնդիրները հաշվի առնելու հետևանք է»։

Հերթերից որոշակիորեն խուսափելու և ծայրամասային թաղամասերը սպասարկելու համար միրջ-բանջարեղենի շրջիկ վաճառակետերն են օգնության գալիս։ Սննդի համար ոչ պիտանի ապրանքները տնտեսվարողները կարող են հետ վերադարձնել՝ պարզաբանում է Լևոն Սարգսյանը։ Քանի որ մատակարարողները նման ծավալի ապրանքի որակը ստուգելու հնարավորություն չեն ունենում և դրանց լավ կամ վատ որակի մասին հայտնի է դառնում ոչ ժամանակին, մենք ստեղծել ենք հնարավորությունտն տեսվարողների համար՝ հանձնել ապրանքը և ստանալ իրենց գումարը։

«Ցավոք կան տնտեսավարողներ, որ նույնիսկ տեղյակ լինելով, որ իրենց մոտ առկա է ապրանքի նման որակ, այնուամենայնիվ իրականացրել են վաճառք՝ անտեսելով սպառողի իրավունքներն ու բողոքները։ Հավաստիացնում եմ, որ ապրանքի որակի անհամապատասխանության դեպքում տնտեսավարողները կարող են այն ետ հանձնել պահեստ և ստանալ իրենց գումարը, կամ եթե կա ապրանք՝ ապա ձեռք բերել այն»։

Միրջ-բանջարեղենը պարենային ապահովման՝ այս պահի ամենահրատապ խնդիրն է գուցե, բայց կան խնդիրներ նաև մյուս անհրաժեշտ ապրանքների մատակարարումների ու հատկապես՝ որակի մասով։ Արդյոք քանակի հետևից ընկնելով չի՞ անտեսվում ապրանքների որակի վերահսկողությունը․ հատկապես կտրոններով տրամադրվող ապրանքերը հիմնակնում ցածրորակ ապրանքներ են։ Լևոն Սարգսյանն ասում է, որ այդ հարցը ևս ուշադրության կենտրոնում է․ առաջիկայում նաև հատիկ-ընդեղենի առավել որակյալ տեսակներ ներկրելու հարցով են զբաղվելու։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ