Կտրոնային համակարգում փոփոխություններն արվել են ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր նորամուծություն ունի իր հիմնավորումը՝ ասում է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը։ Նախ կտրոնների արտաքին տեսքի մասին․ քաղաքացիները բողոքում էին, որ նախորդ կտրոնները փոքր էին, փոքր էր նաև գրվածի տառատեսակը։ Նոր կտրոնները փոքր-ինչ ավելի մեծ են։ Ի տարբերություն նախորդի, նոր կտրոնների վրա նկարված է ապրանքատեսակը, ինչը հեշտացնում է քաղաքացիների և խանութի աշխատողների գործը։ Այժմ բովանդակային փոփոխության մասին․
«Մենք ունեցանք փորձ, երբ մեծ պահանջարկ ունեցող կարտոֆիլը բաժանում էինք, և քաղաքացիները ստիպված էին լինում 3կգ բանջարեղենի համար կտրոնը տալ և կարտոֆիլ վերցնել։ Դրա համար առանձնացրել ենք կարտոֆիլը, որպեսզի յուրաքանչյուր պահի, երբ հնարավորություն ունենանք կարտոֆիլ ներմուծել, վաճառքն առանձնացված լինի»։
Հաշվի առնելով ձվի պիտանելիության ժամկետը փոփոխություն է կատարվել նաև այս մթերքի տրամադրման գործընթացում․ մեկ ամսվա համար նախատեսված 10 ձվի փոխարեն այժմ մեկ կտրոնով նախատեսված է 5 ձու՝ կես ամսվա համար։ Նույն տրամաբանությամբ կրճատվել է նաև շաքարավազի տրամադրման չափը։ Սվետլանա Աբրահամյանը եկել է ստանալու նոր կտրոնները։ Նրան մտահոգում է հասանելիք ձվի և շաքարավազի քանակը։
«Ես կարծում եմ, որ այս կտրոնները շատ ավելի լավն են նախորդների հետ համեմատ։ Քանի որ այստեղ առանձին և՛ մրգեր, և՛ բանջարեղեն կա։ Բացի դրանից հույս ունեմ, որ ապրանքները խանութներում կլինեն ժամանակին։ Ձուն շատ քիչ է, որովհետև մարդիկ կան, ովքեր շատ ձու են օգտագործում։ Քիչ է նաև շաքարավազը»։
Քաղաքացիներից մեկն էլ, որ չցանկացավ ներկայանալ, կարծում է, որ կտրոնների տրամադրման համակարգում ամեն ինչ կարգին է, խնդիրն այն է, որ ամեն ինչ արդարության սկզբունքով կազմակերպվի։
«Եթե արդար լինի կտրոնների բաժանումը և եթե ապրանքը հավասարապես բաժանեն, ինձ թվում է բոլորին էլ կհերիքի։ Ինձ թվում է խնդիրներ չկան, ուղղակի ապրանքների քչություն կա, և մարդիկ միանգամից ուզում են շատ վերցնել»։
Նոր կտրոնների տրամադրման գործընթացն Ստեփանակերտում մեկնարկել է այսօր ժամը 15։00-ին։ Վաղվանից Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը՝ հերթերի գոյացումներից խուսափելու համար։ Նախորդ դեպքերի հետ համեմատ այս անգամ գործընթացն ավելի համակարգված է՝ ասում է բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լիանա Ավանեսյանը, ով նաև կոմիտեում տեղակայված տեղամասի պատասխանատուն է։
«Կտրոնների տրամադրման 1-ին և 2-րդ փուլերի պատասխանատում եղել է բնակարանային հարցերի կոմիտեն, հիմա մենք որպես շարքային տեղամաս աջակցում ենք պետական տեսչությունների կառավարման կոմիտեին։ Մեր փորձից ելնելով այդքան էլ մեծ հերթ չկա գոյացած»։
Օրվա ընթացքում խանութներին բանջարեղեն է մատակարարվել՝ ասում է Լևոն Սարգսյանը, մատակարարումներ կիրականացվեն նաև վաղը։ Միրգ և բանջարեղեն ստանալու են միայն մրգի և բանջարեղենի խանութները։ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում միրգ և բանջարեղեն է վաճառվելու միայն շաբաթ և կիրակի օրերին։ Համակարգում ևս մեկ փոփոխություն կա․ մատակարար ընկերությունների պահեստներն այսուհետ լինելու են պետական տեսչությունների կառավարման կոմիտեի վերահսկողության տակ։ Նրանք իրենց պահեստներից առաքելու են այնքան ապրանք, ինչքան կտրոն կստանան խանութներից։
«Խանութները պետք է իմանան, որ եթե նրանց մատակարարը 10 կտրոնի համար ձեթ է տվել և խանութն իրեն վերադարձրել է 9 կտրոն, մատակակարը կարող է որոշում կայացնել և այդ խանութին այլևս կտրոնով ապրանք չտալ։ Այս խիստ վերահսկողությունը դնելու ենք նաև նրա համար, որ բաժանված կտրոնների հավաքագրման ժամանակ իմանանք շուկայի հստակ պահանջարկը»։
Հետագայում նախատեսվում է կտրոնային համակարգի մեջ մտցնել նաև այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ, քանի որ դրանց Արցախ մատակարարումը ևս կատարվում է պետական աջակցությամբ։ Որովհետև կան դեպքեր, երբ օրինակ՝ Ստեփանակերտի շատ խանութներում առկա է շատ քանակությամբ երշիկ, բայց շրջաններում այն չկա։ Լևոն Սարգսյանն ընդգծում է՝ մատակարարումները պետք է հնարավորինս համաչափ իրականացվի։