Կարծում էինք՝ ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ վազք է կարճ տարածությունում։ Այնինչ մարաթոնյա՛ն վազք է՝ երկար կանգառներով։ Հենց խանութները բանջարեղեն են ստանում՝ վազքը սկսվում է։ Հևիհև, շնչակտուր ով ինչ հաջողում է՝ գնում է։ Պետք էլ չէ՝ գնում է, միայն թե կտրոններից ազատվի։ Նա, ում համար անգամ 100 մ վազելն է դժվար, գնում է այն, ինչից դեռ մնացել է։
Լավ թե վատ, շատ թե քիչ բանջարեղեն գնել են և կամ հարմար են համարել չգնել ոչ անհրաժեշտ, ոչ որակյալ ապրանքը։ Կտրոնով կարտոֆիլ գնել են նրանք, ում բախտը ժպտացել է։ Երկրորդ խմբաքանակի կտրոնների տրամադրումից հետո առաջին օրերին են կարտոֆիլ վաճառել մեկ էլ՝ վերջին։ Ընդ որում, վերջին օրերին վաճառել են արդեն երրորդ խմբաքանակի կտրոնով։ Նրանք, ովքեր կտրոնները չէին իրացնում՝ սպասելով, որ գոնե վերջին օրերին կկարողանան կարտոֆիլ գնել, հուսախաբ եղան։ Ինչո՜ւ էին շտապել և նոր կտրոններ տրամադրել, չէ՞ որ հին կտրոնները դեռ ուժի մեջ էին. ժամանակին բանջարեղեն չէր բերվել, ու ժամկետը երկարաձգվել էր։
Նոր կտրոնները դիզայնով, չափով, տպագրության որակով հներից շահեկանորեն տարբերվում են։ Կարտոֆիլն առանձնացված է և վաճառվելու է առանձին կտրոնով։ Հասկացե՞լ են, որ այն բանջարեղենի մեջ չի մտնում, թե՞ նոր են գլխի ընկել, որ ամենապահանջվածը կարտոֆիլն է՝ մեր երկրորդ հացը և ոչ՝ ջերմոցային լոլիկն ու վարունգը։ Կտրոնի ձևը չփոխեին, բովանդակությունն ապահովեն։ Այս ծանր ժամանակաշրջանում փող ծախսել ձևի՞ վրա՝ ապշելու բան է։
Երբ առաջին անգամ կտրոն տրամադրեցին, երկնքից նարինջ, մանդարին ու խնձոր ընկան։ Այս վերջին անգամ օդը փակ էր՝ տեղ չհասան։ Տեղ հասածներն էլ այնքան թանկ էին, որ արգելեցին վաճառքը։ Ոմանց համար թամաշա էր. խանութի ապակյա պատերից ներս էին նայում ու, թուքները կուլ տալով, կշտանում զարմանահրաշ մրգերի տեսքից։ Միրգը մնաց թղթի վրա, օդում կախված։
Ապրիլի 7-11-ը հերթերի, ուղղեմ՝ հանգստյա՛ն օրեր էին։ Այսպես որոշվել է մայրության ու գեղեցկության տոնը, Սուրբ Զատիկը խաղաղ ու հանգիստ նշելու համար։ Էլ ինչքա՜ն կարելի էր ձգել։ Վերջապես այդ օրերին բանջարեղենի վաճառք էր կազմակերպվելու, և հանգստյան օրերը բացառիկ հնարավորություն էին հանգիստ հերթ կանգնելու։ Հետո ի՜նչ, թե եկեղեցու զանգի ղողանջները զատկական պատարագի էին հրավիրում, հերթը հո չէին թողնելու. մարդ է, նախ՝ հացիվ։
Երբ խոստումներ են տալիս ու չեն կատարում, ասում են՝ խոսքերով մի կերակրեք։ Հիմա միայն խոսքերով չէ, թղթերով են կերակրում։ Բանջարեղենի, մրգի, ձվի, բրնձի չիրացված կտրոնների խուրձը դեն չնետեք։ Եթե քաղցած լինեք, տապակեք՝ կարտոֆիլի կվերածվի, սիրտներդ միրգ ուզի՝ կողքից դանակով կտրեք՝ խնձոր կդառնա. . . Եթե թղթե բրինձը եփելիս տհաճ հոտ տարածվի, հանկարծակիի չգաք ու չափսոսեք, անպայման կթափեք։ Թղթե սնունդն այնքան էլ համով չէ, այո, բայց չեղածի կողքին մի բան է։ Այդ թուղթը չլիներ՝ հազար կորածի մեկն էինք։ Բոլորը չուտեք, հա՜։ Մի քանիսը կպահեք պատմության թանգարանի համար։
. . .Սոցիալական խնդիրներն այնքան են սրացել, որ մարդկանց մեջ մի տեսակ բթացնում են արտաքին ահեղ վտանգի զգացողությունը։ Սրանի՛ց պիտի զգուշանալ։ Խելացի և արդյունավետ կառավարում, ճիշտ հաշվարկ, եղած քչի արդարացի բաշխում՝ նման քայլերով, կարծում եմ, կարելի կլինի փոքր-ինչ լիցքաթափել վիճակը։ Պատերազմի ժամանակ հայրենիքը դառնում է շարքային քաղաքացունը, ու նա՛ պիտի զենքով պաշտպանի, նեղության պահին զրկանքը նա՛ պիտի կրի։ Իսկ պերճանքի ու շքեղության մեջ ապրողների համար միշտ նույն արևոտ եղանակն է։
«Արցախգազ» ընկերությունն ու «Սանմաքրում» կազմակերպությունը հորդորում են վճարել սպառած գազի, աղբահանության դիմաց։ Գներն այնքան են բարձր, որ մարդիկ ձեռքներին եղածը սննդի են տալիս։ «Սանմաքրումն» իրենց աղբի տոպրակը հո չի թողնի աղբարկղում, «Արցախգազը» ադրբեջանցիների անջատած գազը հո չի անջատի։ Կտրոնով 800, երբեմն 950 դրամով վաճառված վարունգն ու լոլիկը չգնելն ու չհամտեսելն աններելի կլիներ, իսկ որ վաղը, չի բացառվում, «Սանմաքրումը» հնարավորություն չունենա աղբը տեղափոխելու, քաղաքացին իր գործը չի համարում, իր մտահոգությունը չի համարում։ Հզոր մենք-ը տրոհվում է թույլ ես-երի, խարխլվում է միասնությունը, դիմադրելու ուժը՝ հատնում։ Շրջափակմամբ հենց սրան է ձգտում թշնամին։ Մեկ էլ տեսանք Ալիևի սիրտը կակղեց, ու գազի մատակարարումը վերականգնվեց մի քանի օրով, մի քանի շաբաթով։ Սա՞ է լինելու մեր ուրախությունը, մեր փոքր հաղթանակը։
Իշխանությունների խնդիրը պիտի լինի ներքին կայունություն, ներքին համերաշխություն ապահովելը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հարվածենք բռունցքով և ոչ թե միմյանցից անջատ մատներով։